Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՄՓՈՐԴԸ՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ…

Փետրվար 22,2002 00:00

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՄՓՈՐԴԸ՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ… Լույս է տեսել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Երջանիկ Մակարյանի «Ճակատագրից փախուստ չկա» ինքնակենսագրական, փաստագրական վիպակը։ Օրերս տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հեղինակի ընկերները, բարեկամները, գործընկերները՝ հիմնականում շամշադինցի (գրքի հեղինակի ծննդավայրը նույնպես Շամշադինն է)։ Ելույթ ունեցավ նաեւ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի դասախոս Բալաբեկ Մելյանը։ Նա հույս հայտնեց, որ Երջանիկ Մակարյանը տեղ կգրավի Տավշո աշխարի նշանավոր գրողների շարքում։ ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Գեղամ Ղարախանյանը զարմանքով նշեց, որ ինքը երբեք չէր կարող պատկերացնել, թե հանձինս Ե. Մակարյանի մենք կարող ենք ունենալ այդպիսի լավ վիպասան։ Գրքի առանձնահատկություններից հատկապես շեշտվեցին բնության նկարագրության տեսարանները, բառի անպաճույճ ընտրությունն ու մեծ անկեղծությունը։ Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը ուրախ էր, որ իրենց վերջապես շամշադինցիներով հավաքվելու առիթ էր ընձեռվել։ Կոչեր եղան նաեւ միանալ բոլոր շամշադինցիներին այնպես, ինչպես դա անում են, օրինակ, «ղարաբաղցիները»։ Թատերական ինստիտուտի պրոռեկտոր Ռոբերտ Զարգարյանը մաղթեց Ե. Մակարյանին, որպեսզի նա նորանոր գրքեր հեղինակի. «Մե՛կ է, ո՛չ բյուջեի գրպանն եք մտնում, ո՛չ էլ պետությանն եք վնաս տալիս»,- չմոռացավ ավելացնել նա։ Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ գրքի հեղինակը՝ ինքն իրեն անվանելով «ուշացած ճամփորդ գրականության մեջ»։ Ինչպես ասում են՝ ճակատագրից փախուստ չկա եւ գրքի հեղինակի ճակատագիրը, թերեւս, ոչ թե տնտեսագիտությունը, այլ գրականությունը պետք է լիներ։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել