«Անկախության ձեռքբերումից ի վեր, ցավոք, ՀՀ 4 իշխանություններից ոչ մեկ չկարողացավ կառուցել այն պետությունը, որի մասին երազում էին մեր նախնիները։ Բոլորն առանց բացառության թույլ տվեցին սխալներ։ Նիկոլ Փաշինյանը գերազանցեց բոլորին»,- «Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։
Նրա կարծիքով՝ եթե նախորդ իշխանությունները թույլ էին տվել անուղղելի սխալներ, ապա Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար և ուղղորդված իրականացնում է ազգադավ ու ազգակործան գործունեություն, ոտնահարում Սահմանադրությունը, օրենքները, իրավունքները, մարդկային արժանապատվությունը ու հայկական ինքնությունը։ Իր կառավարման օրոք է տեղի ունեցել հազարամյա հայկական Արցախի կորուստը և հայաթափումը, անձամբ է առաջնորդել հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարը, որն իր էությամբ հակաիրավական, հակասահմանադրական և հակակոնվենցիոն է, հակասում է հայկական շահերին և դուրս է բարոյական նորմերից»։
Նինա Կարապետյանցն ասաց՝ չնայած այս ամենին առաջարկում են դուրս գալ ատելության, բևեռացվածության մթնոլորտից և ձգտել համերաշխության ու ներդաշնակության․ «Միայն ներդաշնակ հասարակությունը կարող է կերտել կայացած պետականություն։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք առաջին երեք նախագահներին անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով։ Կոչ ենք անում բոլորին թողնել անցյալի ու ներկայի վեճերը, տարաձայնությունները, միավորել ուժերը և սկսել դե ֆակտո պետության կառուցումը։ Ազդարարում ենք նոր սկիզբ՝ հիմնված սկզբունքների, արժեքների, արժանապատվության վրա՝ հանուն մեր ազգի ու ՀՀ-ի»։
Կարդացեք նաև
«Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































