Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂ ՊԵՏՔ ՉԷ՞

Փետրվար 28,2002 00:00

ՏԵՂԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂ ՊԵՏՔ ՉԷ՞ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ են դիմում «Կրեդիտ-Սերվիս» բանկի ավանդատուները, որոնք ավելի քան երեք ամիս է, ոչ միայն չեն ստանում իրենց ավանդների տոկոսադրույքները, այլեւ հայտնվել են ավանդները կորցնելու վտանգի առջեւ։ Հավատացնում ենք Ձեզ, սա լացուկոծի նամակ չէ, մենք գիտենք Ձեր վերաբերմունքը նվնվացողների նկատմամբ։ Նախապես պատասխանում ենք նաեւ այն անխուսափելի հարցին, թե ինչո՞ւ ենք մեր ավանդները վստահել «Կրեդիտ-Սերվիս» բանկին։ Մեզնից շատերի համար որոշիչն այն էր, որ այդ բանկը ներգրավված էր Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերը սպասարկող բանկերի կազմում, իսկ դա վստահություն էր ներշնչում, որ այդ բանկի նկատմամբ պատշաճ վերահսկողություն կսահմանվի, քանզի մեզ հայտնի է, որ այդ հիմնադրամի ստեղծումը հիմնականում Ձեր անձնական ջանքերի արդյունքն է։ Ամենից առավել մենք ուզում ենք պարզել մեր պետության տեսակետը բնակչության ավանդների, այլ կերպ ասած, տեղական ներդրողի նկատմամբ։ Մենք բարի նախանձով ենք նայում օտարերկրյա ներդրողին, որը ոչ միայն ջերմ ընդունելության է արժանանում մեր երկրի իշխանության բոլոր օղակներում, այլեւ հնարավորություն ունի հսկել իր ներդրումների օգտագործման ընթացքը, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում հանգիստ կարող է հետ վերցնել իր գումարները եւ հեռանալ երկրից։ Մենք առնվազն երկու պարագայում տարբերվում ենք նրանցից։ Նախ, մենք այս երկրի քաղաքացի ենք եւ ոչ մի պարագայում չենք պատրաստվում թողնել-հեռանալ երկրից, իսկ երկրորդ՝ մենք մեր ավանդները բանկ հանձնելու օրից մեր փողերի տերը չենք։ Մենք ոչ մի տեղեկություն չենք կարող ստանալ մեր ավանդների օգտագործման մասին, դա համարվում է բանկային գաղտնիք։ Դրա իրավունքը վերապահված է միայն Կենտրոնական բանկին, որն էլ, ըստ օրենքի, պետք է վերահսկողություն իրականացնի առեւտրային բանկերի նկատմամբ։ Իսկ եթե Կենտրոնական բանկը ի վիճակի չէ վերահսկել կամ չի ուզո՞ւմ, կամ էլ վերահսկողության նպատակների մասին նրա եւ բանկերի ավանդատուների տեսակետները չեն համընկնո՞ւմ։ Ուրեմն ի՞նչ, մնաք բարով, ավանդնե՞ր։ Սկսած 2001թ. նոյեմբերից, «Կրեդիտ-Սերվիս» բանկը գտնվում է Կենտրոնական բանկի հսկողության տակ, սկզբում նախնական խնամակալության ձեւով, իսկ դեկտեմբերի 25-ից՝ ժամանակավոր ադմինիստրացիայի ձեւով, սակայն մինչ օրս մենք ոչ մի լումա բանկից չենք ստացել եւ չգիտենք՝ երբ եւ ինչպես պետք է կատարվեն վճարումները։ Փորձել ենք այս հարցերի պատասխանը ստանալ Ազգային ժողովում, դիմել ենք պատգամավորներին, խմբակցություններին, ընդհուպ մինչեւ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գ. Մինասյանին։ Պատասխանը մեկն է եղել. «Հարցը մասնավոր, տնտեսական է. դիմեք դատարան»։ Ուզում ենք թերթի էջերից պարզաբանել, որ հազարավոր ավանդատուների հայցադիմումները եթե 100%-ով էլ բավարարվեն, գումարների փաստացի ստացումը կարող է տեւել ամիսներ, տարիներ, իսկ մեզնից շատերի համար ավանդների տոկոսները սնվելու, կոմունալ վճարումներ կատարելու միակ աղբյուրն են։ Այսինքն, խնդիրն առավել քան սոցիալական է եւ արժանի է քաղաքական մոտեցման։ Այդպիսի մոտեցում մենք չտեսանք ոչ Կենտրոնական բանկում, որի ամբողջ մտահոգությունը իր առանց այդ էլ մեծ իրավունքների ընդարձակումն է ու աննշան պարտականությունների նվազեցումը, ոչ էլ Ազգային ժողովում, որը լուռ ու մունջ լսեց ու հավանություն տվեց Կենտրոնական բանկի ծրագրին։ Իբրեւ վերջին ատյան, մենք դիմեցինք Ձեզ այն հույսով, որ Ա. Թումանյանը մի քանի րոպե կհատկացնի եւ կպատասխանի մեզ հուզող հիմնական հարցին. մեր պետությանը տեղական ներդրող պե՞տք է, թե՞ ոչ։ Բայց մեր դիմումները ի վերջո Ձեր աշխատակազմից ուղարկվում էին նորից Կենտրոնական բանկ, որտեղ նրանց սպասում էր նույն գրանիտե ապառաժը, որի անունն է «բանկային գաղտնիք»։ Ռուս մտավորական Գովորուխինի հայտնի խոսքն է. «Այսպես ապրել չի կարելի»։ Մենք՝ հուսահատության հասած ավանդատուներս, ավելացնում ենք. «Այսպես կառավարել չի՛ կարելի»։ Հարգանքներով՝ «ԿրեդիտՍերվիս» բանկի ավանդատուներ (20 ստորագրություն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728