Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Մարտ 22,2002 00:00

ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ Մարտական թոհուբոհով անցած այս քաղաքը ունի հիշողություններ, որոնց վկայությունները թող որ ո՛չ ամբողջովին, թող որ ո՛չ այնպես, ինչպես պետք է, բայց հավաքվել են մի հարկի տակ ու այսօր «պահպանվում» են Մարտակերտի պատմության թանգարանում։ Սա անվանումն է, բայց, երբ ոտքդ ներս ես դնում, հայտնվում ես մի մեծ սենյակում (միակ օգտագործելի տարածքն է), որն իր ողջ տեսքով հիշեցնում է խուլ գյուղի անխնամ ակումբ եւ որի քայքայված ու խունացած տեսքը ճնշում է քեզ։ Սենյակի մի մասը հատկացվել է պատմական ժամանակներին, իսկ հակառակ ծայրում, բորբոսնած պատից ժպտադեմ ու մարտական քեզ են նայում ղարաբաղյան պատերազմի հերոսները ու ակամայից հարց է առաջանում՝ «Մի՞թե սրան էին արժանի…»։ Տխուր էր պատկերը։ Թանգարանի տնօրենը՝ տիկին Մելսիդան պատմեց, որ հիմնականում այցելում են իրենց քաղաքի զորամասերի զինվորները, դե մեկ-մեկ էլ հյուրեր են ունենում։ Անմխիթար է վիճակն ու շտկելու ոչ մի հնարավորություն չկա, պետական հոգածություն է պետք։ Ժամանակ առ ժամանակ կարողանում են մի քիչ գումար ձեռք բերել, որը, սակայն, հարցի լուծում չէ, քանի որ շենքը կանգնած է փլվելու վտանգի առջեւ, ուստի հիմնովին վերանորոգման կարիք ունի։ Խոնավ ու ճաքճքած պատերը սպառնում են ցուցանմուշներին։ Դժվար չէ պատկերացնել պատանի զինվորների հիասթափությունը, երբ նրանք ամեն անգամ այցելելով թանգարան, համոզվում են, թե ինչպիսի անտարբերության է արժանացել այն փառապանծ ուղին ու նրա պատմությունը, ինչի շարունակողն ու պահպանողն են իրենք։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել