Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Եռագույնը մարմնին՝ հասցրեց Շահումյան

Մարտ 23,2002 00:00

Եռագույնը մարմնին՝ հասցրեց Շահումյան Հավերժի ճամփորդներից մեկը Ծանոթների հանդիպելիս սիրտն իրենից առաջ էր ընկնում, ուզում էր ասել՝ ահա ես ու իմ սիրտը… ու ժպտում էր՝ արցունքի նման զուլալ։ Ուզում էր բոլորին ասել. – Ես եմ, այսպիսին եմ, հասկացե՜ք… Դժվար է հասկանալ բոլորին։ Նա էլ չհասկացված էր, չընկալված, չբացահայտված էր հոգին… Ղարաբաղյան շարժման սկիզբը դիմավորեց Լվով քաղաքի բարձրագույն զինվորական քաղաքական ուսումնարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Երրորդ կուրսի ուսանողը թողեց ուսումնարանը ու հայտնվեց Երեւանում։ Այնուհետեւ հաճախակի էր լինում Երեւան-Շահումյան ավտոբուսում։ Տագնապներն ու երազանքները այնտեղ էին՝ Շահումյանի շրջանում։ Կարոտում էր։ Ուրախանում էր հաղթանակներով ու ասես զոհվում՝ ամեն զոհվողի հետ։ Իսկ եղավ պահ, որ Եռագույն դրոշը մարմնին փաթաթած՝ հասցրեց Շահումյան… Հիմա հեշտ է խոսել այդ մասին, բայց պատկերացրեք, գազազած թշնամու հինգ խոշոր քաղաքներով, բազմաթիվ գյուղերով դրոշը փաթաթած մարմնին… Երբ ամեն կանգառում ստուգումներ էին, խուզարկումներ։ Շահումյանի ողբերգությունից հետո սսկվեց, լռեց։ Երկար ժամանակ ինքնամփոփ էր… ու մի օր էլ հայտնվեց Նուբարաշենում կազմակերպվող հայկական բանակի զորամասում՝ որպես սպա։ Հետո ընկերը՝ Գեւորգը, կամավոր գնաց առաջին գիծ։ Արծվիկ Պետրոսյանը չմնաց Երեւանում, հետեւեց Գեւորգին։ Մասնակցեց Լաչինի միջանցքի ճակատամարտին ու 1992 թվականի օգոստոսի 22-ին երկուսն էլ զոհվեցին… Արծվիկը 25 տարեկան էր։ Նրան սպասում էին մայրը, հայրը, կինը՝ Լորետան եւ դուստրը՝ Մանեն։ Մեծերը ամեն մեկը յուրովի ընդունեց հարվածը։ Փոքրիկ Մանեն չիմացավ, թե ինչ է կատարվել։ Մի օր գիշերը արթնացավ, նստեց անկողնում ու սկսեց լաց լինել. – Էս կռիվը վաղուց վերջացել է, հայրիկս ինչո՞ւ չի գալիս,- լացի միջից ասում էր Մանեն։ Տատիկն ու պապիկը շփոթված էին։ 2002 թվականին պապիկի հեղինակությամբ հրատարակվեց «Հայրիկս ինչու չի գալիս» գիրքը՝ նվիրված Շահումյանում զոհված ազատամարտիկներին… Մարտի 24-ին լրանում է Արծվիկ Պետրոսյանի ծննդյան 35 տարին։ Հարազատները կայցելեն Եռաբլուր, որտեղ հավերժական ճամփորդների թվում է նաեւ նա։ Իսկ զոհված տղաների երեխաները նրանց նմանակներն են՝ հասցեագրված խաղաղությանը՝ «պահպանեք նրանց. նրանք են հայրենիքի վաղվա ճշմարիտ տերերը» պատվիրանով։ Ժ. ՎԱՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել