Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՆՔԸ, ՈՐ ԿԱՌՈՒՑԵԼ Է «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 28,2002 00:00

ՇԵՆՔԸ, ՈՐ ԿԱՌՈՒՑԵԼ Է «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Ժամանակին «Գոլոս Արմենիի»-ին 7-րդ հարկից 13-րդը տեղափոխելու փորձը որակվեց իբրեւ իշխանությունների կողմից ծրագրված քաղաքական հետապնդում։ Իսկ այժմ նույն ուժերը «Ա1+»-ին եթերից զրկելու հնարավորությունը փորձում են հիմնավորել այս փաստարկով՝ 37-րդ կապուղին ձեր սեփականությունը չէ։ «Հինգ տարի դուք եք աշխատել, թող 5 տարի էլ ուրիշներն աշխատեն»,- դեռ «Հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի» ԱԺ-ում քննարկումների ժամանակ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանին ասել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Շամիրամ Աղաբեկյանը, որ «Գոլոս Արմենիի»-ի նախկին աշխատակից է։ «Ա1+»-ի առնչությամբ սա միակ «յուրօրինակ» հակափաստարկը չէ։ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն այն մտահոգությունների առնչությամբ, թե միակ ընդդիմադիր ալիքը կարող է փակվել, հայտարարեց, թե չի գտնում, որ «Ա1+»-ը միա՛կ ընդդիմադիր հեռուստաընկերությունն է։ Ափսոս, որ եթերում չհնչեց, թե ուրիշ էլ ո՞ր հեռուստաընկերությունն է, ըստ պրն Ամալյանի, եթերն ազատորեն տրամադրում նաեւ ոչ իշխանական կուսակցություններին։ Գուցե Հանրայի՞նը, որին եթե կարող էլ ես ընդդիմադիր անվանել, ապա միայն՝ նախկի՛ն իշխանությունների նկատմամբ։ Մեկ այլ ուշագրավ միտք էլ ասաց այդ հարցազրույցում պրն Ամալյանն այն լուրերի առնչությամբ, թե նախագահի նշանակած հանձնաժողովի կազմակերպած մրցույթի ընթացքն ու արդյունքները հրահանգավորված են նախագահի կողմից. «Իմ մայրն ինձ ծնել է, բայց չի հրահանգավորել»։ Փորձենք այս պնդմանը չհամադրել այն տեղեկությունները, որ, ասենք, օրերս նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հանձնաժողովի անդամներից մեկին համոզել է քվեարկել «Շարմի» օգտին (շա՛տ հնարամիտ տարբերակ է, մեջտեղից դուրս կգա մրցույթից ընդամենը մի 10 օր առաջ գրանցված անհայտ «Դոֆին թիվի» ՍՊԸ-ի եւ նախագահական նստավայրի հետ նրա կապերի պատմությունը։ Հակառակը՝ առիթ կլինի քարոզչություն ծավալելու, թե՝ տեսա՞ք, ասում էին, որ նախագահի խորհրդականն է «Դոֆինի» թիկունքում, իսկ նա պարտվեց մրցույթում)։ Ընդունենք, որ Ռոբերտ Քոչարյանը չէր ստում, երբ վստահեցնում էր. «Նախագահի աշխատակազմի կողմից որեւէ միջամտություն այս հարցերին չի՛ լինելու։ Երբե՛ք», եւ նրա աշխատակազմի ներկայացուցիչները մրցակիցներից մեկի համար լոբբինգ են անում նախագահի թիկունքում, սեփական նախաձեռնությամբ, «ավտոպիլոտի» ռեժիմով։ Սակայն «ծնել է, բայց չի հրահանգավորում»-ի հետ ինչպե՞ս համադրել Ռոբերտ Քոչարյանի իսկ խիստ լավատեղյակությունն այս մրցույթից։ Սկզբում նա հայտարարեց, թե չի տարբերում՝ 37 կապուղին է, 25-ը կամ որը, իսկ հետո հայտնեց այնպիսի մանրամասներ, որոնք վկայում էին, թե նա լավատեղյակ է (առնվա՛զն) բոլոր հանգամանքներին։ Պրն Քոչարյանն, ասենք, իրազեկ էր, որ «Ա1+»-ն արտոնագիր է ստացել 1997-ի հունվարին, կապի նախարարի հրամանով։ Հետո նշեց. «Այս տարի դեցիմետրային հաճախականությունների դաշտում ունենք 12, իսկ մետրայիններում՝ 3 մրցույթ»։ Քիչ անց պարզվեց, որ նախագահն անգամ տեղյակ է, որ «Պրոմեթեւսի» մրցույթն անցկացվելու է ապրիլին։ Եթե իրոք անկախ է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային այդ հանձնաժողովը, որի բոլոր 9 անդամներին էլ նշանակել է պրն Քոչարյանը, վերջինս այժմ թերեւս չպիտի փայլեր այս խնդիրների այդպիսի խորը իմացությամբ եւ շահագրգիռ պատրաստվածությամբ։ Մրցույթների մասին։ Դեցիմետրային 7-8 ալիք շարունակում է մնալ ազատ՝ 33, 43-49, 53-57 կապուղիները։ Ենթադրելի է, որ դրանք էլ են, ի վերջո, տրամադրվելու մրցույթով։ Սակայն «Յան թիվին» ու «Շողակաթը», որոնք մրցակցում են «Նոյյան Տապանի» հետ, «Ա1+»-ի մրցակիցներ «Շարմն» ու «Դոֆին թիվին», չգիտես ինչու, որոշել են այլեւս չհամբերել, թե երբ հնարավորություն կունենան մաքուր էջից սկսելով՝ հիմնադրել սեփական հեռուստաալիքը՝ առանց որեւէ կայացած հեռուստաընկերության եթերից դուրս մղելու համար (ուղղակի կամ անուղղակի) գործիք ծառայելու։ «Շարմն» «Առավոտում» հրապարակված իր հայտարարության մեջ նշել էր, թե ցանկանում է ունենալ իր հեռուստաընկերությունը, որը հետաքրքիր կլինի «քաղաքականությունից բացի նաեւ այլ հետաքրքիր հեռուստահաղորդումներ» դիտել ցանկացողներին։ Մեր եթերում առանց այդ էլ ինչն է շատ՝ ապաքաղաքական, ժամանցային շոու-ծրագրերը։ Դրանցով լցված են գրեթե բոլոր հեռուստաալիքները։ Փոխարենն իրոք 1-2-ն են հասարակական ու քաղաքական տարաբեւեռ տեսակետներին տեղ տրամադրող հեռուստաընկերությունները։ Սա՝ ի դեպ։ Սակայն խոսենք նախագահ Քոչարյանի համար հասկանալի զուգահեռներով։ Կապուղիների մրցույթը նա համեմատեց շինարարական տենդերների հետ։ Վերջինիս պարագայում անթույլատրելի դիտեց, որ հատկացումներն արվեն այն տրամաբանությամբ, թե «մրցույթի մասնակիցներից մեկին ճանաչում ենք որպես կայացածի, քանի որ 3 լավ շենք է կառուցել»։ Հեռուստատեսային ոլորտին քաջատեղյակ մասնագետներից մեկը զրույցի ընթացքում իր համեմատությունները նույնպես փոխառեց շինարարության ոլորտից. «Ա1+»-ն իր շենքը կառուցել է 10 տարվա ընթացքում՝ սկսելով Ղարաբաղի խրամատներից։ Իր շենքում «Ա1+»-ը ջրի, գազի հարցերն է լուծել, հարդարանքով զբաղվել, որն այժմ մի քիչ հնացել է, լցրել շենքը մարդկանցով, որոնք մասնագիտական փայլուն պատրաստվածություն ունեն։ Եվ այժմ, այդ կառույցը, որը նրան 1 մլն է արժեցել, ավարտելու համար «Ա1+»-ին հարկավոր է 50 հազար դոլար։ Մյուս շինարարական կազմակերպությունները գրեթե ոչինչ չունեն։ Մեկը՝ «Շարմը», միայն անուն ունի, իսկ երկրորդն այդ էլ չունի, ունի միայն հիմք։ Նրանք առաջարկում են 300 հազար դոլար, բայց այդ գումարով չես կառուցի 1 մլն դոլարանոց շենք։ Այս պարագայում համեմատելն «Ա1+»-ի եւ մյուսների ներդրումները մեծ սխալ է»։ Մեր զրուցակիցը թվարկեց, որ «Ա1+»-ն այսօր ունի իր հեռուստատեքստը, էլեկտրոնային էջը, շուրջ 11 հազար տեսաերիզ (ֆիլմեր եւ այլն), որի առնվազն կեսը լիցենզավորված է եւ գնված «Ren TV»-ից Հայաստանում ցուցադրվելու համար։ Միայն նման ֆոնդը կարող է գնահատվել շուրջ 1 մլն դոլար, եւ սա էլ է ներդրում, որ արդեն արվել է։ Եվ բնական է, որ ո՛չ «Շարմը», ո՛չ էլ, առավել եւս, «Դոֆինը» չունեն նման ֆոնդ, որով հնարավոր կլիներ ապահովել, ըստ մրցույթի պայմանի, 16-ժամյա եթեր։ Ընդհանրապես, մասնագետների գնահատմամբ, եթե մեկ այլ հեռուստաընկերություն զբաղեցնի «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» հաճախականությունները, միայն հաղորդակ ձեռք բերելու, տեղադրելու եւ տեխնիկական այլ հարցեր լուծելու համար կպահանջվի 6-8 ամիս։ Մինչ այդ եթերը թափուր կմնա (ինչպես, օրինակ, առայժմ չեն գործադրվում «Արտ-13» հեռուստաընկերությանը կամ «Միրի» Երեւանի մասնաճյուղին հատկացված կապուղիները)։ Թերեւս նախընտրական տարում հենց նման վակուումն էլ ձեռնտո՞ւ է իշխանություններին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, եւս մի հանգամանք. ի սկզբանե չէին կարող հավասար պայմաններ լինել՝ գոնե ֆինանսական մասով։ Քանի որ մրցույթից ամիսներ առաջ սկսեցին որոշակի ճնշումներ գործադրել «Ա1+»-ի գովազդատուների վրա։ Հարկային կամ այլ մամլիչի տակ չընկնելու համար՝ որոշ գովազդատուներ ուղղակի ձեռնպահ էին մնում «Ա1+»-ի հետ համագործակցությունից։ Իսկ մրցույթից առաջ «ցիգանի» կարգավիճակում գտնվող որոշ ընկերություններ հանկարծ դարձան ֆինանսական հոսքերի տեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել