Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը տուժո՞ղ է, թե՞ ոչ՝ որոշել է դատախազությունը

Մարտ 28,2002 00:00

Մարդը տուժո՞ղ է, թե՞ ոչ՝ որոշել է դատախազությունը ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործով դատաքննության երեկ տեղի ունեցած նիստում ցուցմունքներ են տվել քրգործով անցնող երեք տուժող: Նրանցից մեկը լրագրող Լուսինե Վահրամյանն է, մյուսը՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ԱԺՄ, իսկ այսօր ՀՀԿ անդամ Ֆիլարետ Բերիկյանը եւ այսօր Սեւանի խիստ ռեժիմի գաղութում իր պատիժը կրող Վալերի Դորոգոնովը: Վերջիններս պնդել են քրգործի նախաքննության ընթացքում իրենց տված ցուցմունքները: Առայժմ անդրադառնանք դրանցից միայն մեկին: Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն է, որ վերջինս իբր խոչընդոտել է ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց գտնվող սրճարանում «բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ եւ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, առանձին հանդգնությամբ խափանել է» հարցազրույց անող լրագրողի աշխատանքները եւ «հայհոյել» հարցազրույց տվող, «27»-ի գործով նախկին ամբաստանյալ Միսակ Մկրտչյանին: Նախաքննական ու դատաքննական ցուցմունքներով սրճարանում լրագրողն ու Մ.Մկրտչյանը միայն պատրաստվել ու դեռ չեն հասցրել նստել սեղանի շուրջ, «երբ Մ.Սաղաթելյանը նստած տեղից մի փոքր առաջ եկավ ու առանց աթոռից բարձրանալու հարցրեց՝ Միսակ, դո՞ւ ես»: Ամբաստանյալի պաշտպանի այն հարցին, թե՝ կողմնակի մարդիկ գլխի կընկնեի՞ն, որ աշխատում եք, լրագրողը պատասխանել է՝ ոչ: Ինչ վերաբերում է «առանձին հանդգնությանը», ապա՝ նույն լրագրողի ցուցմունքներով՝ Մ.Սաղաթելյանը «բավականին կոպիտ տոնով դիմեց Մկրտչյանին՝ ասելով, որ հեռանա այդտեղից»: Պատասխանելով լրագրողի հարցին, թե սուրճ խմելու իրավունք չունե՞նք, «Մ.Սաղաթելյանը նորից նույն տոնով մեզ ասաց՝ գնացեք, գնացեք այստեղից»: Լրագրողն ինքը Մ.Մկրտչյանին հայհոյելը չի լսել եւ այդ մասին իմացել է միայն վերջինիցս: Դատելով վերոհիշյալ երկխոսությունից, եկեք միասին ճշտենք, թե անգամ իր աթոռից չբարձրացած Մ.Սաղաթելյանի արարքում հատկապես ի՞նչն է դատախազությունը համարել «առանձին հանդգնություն» կամ «հասարակական կարգի խախտում»: Պաշտպանի այն հարցին, թե՝ ինչո՞վ եք տուժել, լրագրողը դատարանում պատասխանել է, թե ինքը տուժե՞լ է, թե՞ ոչ՝ պետք է հարցնել նախաքննական մարմնին: Իր հերթին դատարանում Մ.Սաղաթելյանն այդ միջադեպի առնչությամբ ասաց, թե ինքը աղջկա ձեռքին ոչ գրիչ, ոչ թուղթ, ոչ էլ ձայնագրիչ չի տեսել, որ կռահեր, թե լրագրող է ու հարցազրույց է անում: Հիշեցնենք միայն, որ դեպքը տեղի էր ունեցել այն օրը, երբ ընթանում էր «27»-ի դատաքննությունն ու դատախազության դիմացի սրճարանում հավաքվածների մեծամասնությունն այդ գործով տուժածների հարազատներն ու զինակիցներն են եղել: Իսկ դատախազությունը կարո՞ղ է բացառել, որ «27»-ի գործով նախկին ամբաստանյալ Մ.Մկրտչյանին համաներմամբ ազատ արձակելուց հետո նրա հայտնվելն այդ մարդկանց շրջապատում ավելի ծանր հետեւանք չէր ունենա, եթե վերջինիս խորհուրդ չտային իր ներկայությամբ ավելորդ անգամ չգրգռել մարդկանց: Ինչ վերաբերում է «հասարակության նկատմամբ անհարգալից» վերաբերմունքին, ապա պետք է նկատել, որ տհաճ միջադեպի պահին սրճարանում եղած «հասարակությունը» նույն Մ.Սաղաթելյանի ընկերներն են եղել, իսկ նրանք, ինչպես երեւում է, չեն վիրավորվել: Ահավասիկ դատախազությունն այսպես է հարստացրել Մ.Սաղաթելյանի դեմ հարուցած 6 հատորանոց քրգործը: Երեկ դատարանում ցուցմունքներ տված Ֆ.Բերիկյանին եւ Վ.Դորոգոնովին ու նրանց տուժած լինելու հանգամանքներին, որոնք ավելի քան հետաքրքիր են, կանդրադառնանք առաջիկայում եւ մանրամասնորեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել