Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ՓԱԿՈՒՄԸ ԲՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ Է

Ապրիլ 02,2002 00:00

«Ա1+»-Ի ՓԱԿՈՒՄԸ ԲՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ Է Այն հերթական քայլ է՝ դեպի բռնապետություն Երեկ «Ա1+»-ն աշխատում էր հատուկ ռեժիմով: Երեկոյան ժամը 18-ից սկսած հաջորդաբար ուղիղ եթեր էին հեռարձակվում «Այբ-Ֆե» լրատվական եւ «Հետգրություն» ծրագրերը, որտեղ մինչեւ ուշ գիշեր հյուրընկալվեցին քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները, հասարակական գործիչներ, մտավորականներ, «Շարմի» ներկայացուցիչներն ու նախագահի մամլո խոսնակը: Արդեն ժամը 19-ից «Ա1+»-ի հեռուստադիտողները հավաքվել էին ընկերության շենքի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու: Քաղաքական առանձին գործիչներ չէին խորշում բարձրաձայն կարծիք հայտնել, թե «Ա1+»-ին եթերից զրկելն իրենց քաղաքական գործունեության համար, այն էլ՝ նախընտրական տարում, կարող է նոր «հեռանկարներ» բացել: Դա արդեն, մեղմ ասած, անազնիվ էր: Իսկ ընդհանրապես հավաքվածների մեծ մասն անկեղծորեն մտահոգ էին «Ա1+»-ի ճակատագրով ու կարծիք էին հայտնում, թե դա եւս մեկ քայլ է դեպի բռնապետություն: Մասնավորապես «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը նկատեց, թե Հայաստանում ժողովրդավարության չափանիշը «Ա1+»-ն է: Նրա կարծիքով՝ այդ ընկերությանը եթերից զրկելը կնշանակի սովետական ռեժիմի վերադարձ, որն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Անդրադառնալով նախագահ Քոչարյանի՝ այդ պրոցեսների վրա ազդեցություն ունենալ-չունենալու հանգամանքին, կուսակցության ղեկավարը նշեց. «Եթե նույնիսկ մինչ այդ կապ չուներ՝ հիմա պետք է կապ ունենա՝ «Ա1+»-ին օգնելու համար: Խորհրդային բռնապետական ռեժիմի ժամանակ կային մարդիկ, ովքեր պայքարում էին դրա դեմ: Եթե այս ռեժիմը նմանվի խորհրդային տոտալիտարիզմին՝ պայքարողներ էլի կլինեն: Ես պարզապես ցավում եմ, որ իմ ստեղծած պետության մեջ կարող է ստիպված լինեմ պայքարել այն նույն մեթոդներով, ինչպես պայքարում էինք սովետական ռեժիմի դեմ: Բայց եթե իշխանությունները գնան դրան՝ մեզ այլ բան չի մնա: Դա արդեն ոչ թե «Ա1+»-ի, այլ ռեժիմի դեմ պայքարի խնդիր է»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այդ հեռուստաընկերության փակումը առաջին քայլը չէ դեպի բռնապետություն, պարոն Հարությունյանը պատասխանեց՝ «Դա ոչ թե առաջին քայլն է, այլ՝ հերթական փորձաքար, որն ընդդիմությունը տանուլ է տալիս»: Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ կարծիք հայտնեց, թե «Ա1+»-ի փակումն այսօր բնական պրոցես է. «Եթե մինչ օրս խնդիր էր դրվում իշխանություն ստեղծելու «թամաշային» խանգարողներին ոչնչացնել, ապա այսօր այդ գործընթացներն ուղղված են մեզ այդ «թամաշայից» զրկելուն: Ոչ տոլեռանդ իշխանությունները, փաստորեն, չեն հանդուրժում որեւէ այլ լրատվության աղբյուր, քան իրենցն է: Հենց այդ պատճառով էլ սարքվեց այդ մրցույթ կոչվածը: Միաժամանակ, կարծում եմ, որ մինչեւ ընտրություններ նոր որեւէ հեռուստաալիք չի ստեղծվի: Խնդիրը միայն «Ա1+»-ը փակելն էր»: Պրն Ենոքյանը համաձայնեց, որ ընկերությանը եթերից զրկելուն կհաջորդի «ԶԼՄ-ների մասին» տխրահռչակ օրենքի ընդունումը: Ըստ նրա՝ մեր հասարակությունն այսօր բավականաչափ ապատիկ է, բայց իշխանությունների այդ քայլը կարող է ազդակ լինել թմբիրից դուրս գալու համար. «Մեր հասարակությունը սոված է ու տանը նստած միայն հեռուստացույց է նայում: Հիմա նրան դրանից էլ են զրկում: Նա ստիպված դուրս կգա փողոց՝ «թամաշայի»: Այսօր, ցավոք, անբարոյականությունը դարձել է դոմինանտ: Ես տեսնում եմ Մուշեղ Սաղաթելյանի գործով հանդես եկող գործակալի՝ բոմժի տեսքով, եւ տեսնում եմ «Շարմի» տղաներին՝ ուրախ, հնարամիտ, բարետես, բայց, ըստ էության, երկուսն էլ գործակալներ են եւ նույն ֆունկցիան են կատարում: Այն, որ հասարակությունը նման երեւույթները հանդուրժում է՝ ավելի մեծ ցավ է, քան ազատ մամուլ փակելը»: «Ա1+»-ի կասեցման շուրջ իր տեսակետը հայտնեց նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: «Հայլուրը» նայելուց հետո կարծում եմ, շատ հնարավոր է, որ խոսքի ազատության դեմ ոտնձգությունը վաղն իրականություն դառնա: Ես «Ա1+»-ի փակումը այդպես եմ գնահատում եւ որակում եմ միմիայն որպես քաղաքական գործողություն»: Մեր այն հարցին, թե բացի գնահատականներ տալուց, ուրիշ ի՞նչ է մնում անել հասարակությանը՝ իր իրավունքները պաշտպանելու համար, եւ արդյո՞ք կարելի է կարծել, թե մեր հասարակությունը վրացիների նման հասուն է այնքան, որ ոտքի կանգնի անկախ հեռուստատեսության շահերն ու իր իրավունքները պաշտպանելու համար, ինչպես եղավ Թբիլիսում՝ իր ողջ հետեւանքներով հանդերձ, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ա1+»-ի փակմանը պետք է հաջորդի մեր հասարակության ակտիվությունը, ակտիվ քաղաքականությունը: Եթե դա չլինի՝ մեզ այլեւս ոչինչ չի փրկի: Ես հավատացած եմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի ծանր փորձություններ է հաղթահարել եւ սա նույնպես կհաղթահարի՝ իր ակտիվությամբ: Ես չգիտեմ, թե ինչ վիճակ էր տիրում Վրաստանում «Ռուսթավի 2»-ի փակման նախօրեին: Գուցե սկզբում նրանք էլ էին խաղաղ: Չեմ կարծում, թե որեւէ մեկն այնտեղ կանխատեսում էր, որ ժողովուրդն այդ հարցում ակտիվություն կցուցաբերի: Ակտիվությունը ժողովուրդը ցուցաբերում է անսպասելիորեն եւ, իմ կարծիքով, հնարավոր չէ այսօր կանխատեսել, թե նա վաղն ինչ է անելու»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել