Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է մասնակցել ԶԼՄ օրենքի քննարկմանը, եւ վերջ

Ապրիլ 04,2002 00:00

Չպետք է մասնակցել ԶԼՄ օրենքի քննարկմանը, եւ վերջ Ներկայացումը կշարունակվի՞ Այսօր «Հրազդան» հյուրանոցում նախատեսվում է քննարկել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը։ Անկեղծ ասած, «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» եթերից զրկելու, թիվ 35 եւ թիվ 37 կապուղիներում կատարված ստոր մրցույթը մտահոգության տեղիք է տալիս։ Պարզապես չպետք է մասնակցել ԶԼՄ օրենքի նախագծի քննարկմանը, եւ վերջ։ Չպետք է դառնալ մի ներկայացման դերակատար, որը սկսվում է «մեզանում խոսքի ազատություն կա» եւ ավարտվում «ոչ մի սահմանափակում չկա» սին բառակապակցություններով։ Իսկ սահմանափակում չէ՞ կասկածելի մրցութային հանձնաժողովի գոյությունը, որը քվեներ տվեց պաշտելի նախագահին՝ հանձնաժողովի տատմորը։ Ցինիզմ է լրատվամիջոցի հետ խոսել այսպիսի լեզվով (հանձնաժողովի անդամ Մուշեղ Հովսեփյան). «Դատարան կներկայացնենք, թե ինչպիսի առաջարկ էր ներկայացրել «Ա1+»-ը։ Եվ թող համոզի, որ իսկապես լավ առաջարկ է ներկայացրել՝ մենք էլ անարդար ենք գտնվել»։ Իսկ սույն պարոնը չի՞ պատրաստվում դատարան ներկայացնել լրագրողական կազմակերպությունների խոսքը, մտավորականների, իրավաբանների, հանրության կարծիքը, որոնք փաստեցին, որ բարձր վարկանիշ ունեցող լրատվամիջոցի նկատմամբ այսպես ստոր չպետք էր վարվել, որ հեռուստաընկերությունից բարձր վարկանիշ եւ չափանիշներ պահանջող մրցութային հանձնաժողովն ինքն էր պարտավոր բարձր վարկանիշ ունենալ եւ բարձր չափանիշներով առաջնորդվել։ Եվ ովքեր են անկախ հեռուստաընկերության հարցը որոշել։ Խիստ կասկածելի եւ խիստ «անաչառ»։ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն արտահայտել իր կարծիքը». մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի սույն պահանջն էր կատարում «Ա1+»-ը։ Հանձնաժողովը դեմ քվեարկեց արտահայտվելու ազատության իրավունքին։ «Այդ իրավունքը ներառում է իր կարծիքին մնալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը»։ Հանձնաժողովը դեմ քվեարկեց այս ազատությանը եւս։ «ՀՀ-ում մամուլը եւ զանգվածային լրատվության մյուս միջոցները ազատ են, գրաքննության չեն ենթարկվում»։ Հանձնաժողովը փաստեց, որ գլխավոր ցենզրը ինքն է ու իր կասկածելի մրցա-քննությունը։ Սակայն այս ամենով հանդերձ, խոսքի եւ մամուլի ազատությունը «լիմիտավորողները» ինչպե՞ս կարող են նայել որեւէ լրագրողի, լրատվամիջոցի դեմքին, երբ տեղի է ունեցել այդ խոսքի դեմ պետականորեն կազմակերպված դավադրություն։ Երբ հասարակական պահանջն ու կարծիքն է քացու տակ գցվել կասկածելի վարկանիշ ունեցող, իրենց մտավորական հորջորջող մրցութային հանձնաժողովի անդամների կողմից, որը ոչինչ չի արել ի նպաստ մամուլի եւ խոսքի պաշտպանության։ Եկեք իրերն իրենց անունով կոչենք։ Եվ եկեք հասկանանք, որ ափաշկարա գործիք դարձած հանձնաժողովականների մրցույթի արդյունքները պետք է վիճարկվի։ Եվ պետք է գնահատական տրվի կատարվածին։ Իսկ իմ գործընկերներին պարզապես կոչ կանեի բոյկոտել մամուլի հետ կապված ցանկացած միջոցառում, մինչեւ չհստակեցվի «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» նկատմամբ կատարվածը կազմակերպված հանցատեսակների ո՞ր խմբին էր պատկանում հարցը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել