Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին

Նոյեմբեր 16,2026 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպման շրջանակներում ելույթով է հանդես եկել նաև «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հանձնառությունների առաջմղում» թեմայով քննարկմանը։

Իր ելույթում նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության նշանակությունն ավելի լայն՝ Սևծովյան տարածաշրջանում տնտեսական զարգացման և փոխկապակցվածության խթանման համատեքստում, և կարևորել է այս ուղղությամբ ԵՄ կողմից ցուցաբերվող ռազմավարական մոտեցումը:

Նախարարն անդրադարձ է կատարել 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին և արդեն իսկ ձևավորվող տնտեսական կապերին՝ որպես հաստատված խաղաղության անմիջական օգուտներ։

Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ շարունակվող ակտիվ երկխոսությանը։

Անդրադառնալով անվտանգության այլ բաղադրիչների՝ նախարար Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտության փորձերին, որոնք միտված են ինքնիշխանության թուլացմանը, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության խաթարմանը:

Դրանց դիմակայելու հարցում ընդգծվել է համախոհ գործընկերների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը և այդ ուղղությամբ գործընկերների հետ համատեղ աշխատանքը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳ նախարարները կամ վերջիններիս տեղակալները:

 

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել