Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարությունը չի՞ մեռնում

Ապրիլ 04,2002 00:00

Արդարությունը չի՞ մեռնում 22.03.2002թ. վճռաբեկ դատարանի դատավոր Սլավա Սարգսյանը սկսում է «Արմենյըն Թրեյդըրզ» ՍՊԸ-ի նախագահ Ա. Գյուրջինյանի եւ նրա տիկնոջ՝ Սիլվա Ասատրյանի բողոքի հրապարակումն ընդդեմ «Արարատ» ԼՏ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի։ Դրան էլ հաջորդում է նիստը նախագահող, պալատի նախագահ Արման Մկրտումյանի կես կատակ, կես լուրջ հարցը։ – Քաղօրենսգրքում մնացե՞լ են հոդվածներ, որոնք չի խախտել դատարանը։ Այդ հարցին բավականին ճշգրիտ ու հանգամանորեն պատասխանում է փաստաբան, Ա. Գյուրջինյանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը, դատարանից խնդրելով մեկ անգամ եւս պատշաճ ուշադրություն դարձնել նորանշանակ դատավոր Ե. Խունդկարյանի վճռին, որը կայացված է գործող դատավարական եւ նյութական իրավունքի նորմերի խախտումներով, վնասի ինստիտուտի սխալ մեկնաբանությամբ, ինչպես նաեւ գործի նյութերի եւ հանգամանքների կամայական շարադրման եւ անհիմն մեկնաբանության արդյունքներով, որի հետեւանքով դատարանը չի կիրառել այն օրենքները, որոնք պետք է կիրառեր եւ կիրառել է այն օրենքները, որոնք չպետք է կիրառեր։ Արդյունքում խախտվել են ՀՀ քաղօր-ի 71 հոդ. 2 կետը, 713, 714, 717, 738, 741, 746 հոդվածների կապալի պայմանագրի 2.1բ ենթակետերը, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի վարչության թիվ 141 որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 14-րդ կետերով սահմանված կարգը… Այսքան խախտումների արդյունքում շարքային հայաստանցուն պարտադրվել է 200.000 ԱՄՆ դոլարի տուգանք, որպես վնասի հատուցում այն կապալառուին, որը ոչ միայն չի կառուցել պայմանավորված շենքը, այլ նաեւ արդեն երեք տարի է, ինչ այդ չկառուցած կիսակառույցի եւ ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի սեփականատերն է, ուստի վնասի հատուցման պահանջը բացարձակ անհեթեթություն է, իսկ դատավոր Խունդկարյանի վճիռն այդ անհեթեթության հաստատումը։ Նման հարցադրումն աշխուժություն առաջացրեց դատավորների շրջանակում, իսկ նախագահողը վճռեց նիստը հետաձգել 15 օրով։ Լուռ ու գլխիկոր դուրս ես գալիս դահլիճից ու նույնիսկ ինչ-որ չափով գոհ, որ այսօր վճիռ չկայացվեց, չէ՞ որ կարող էին կայացնել եւ նույնիսկ հաստատել նախորդ անհեթեթությունը։ Եվ այստեղ է, որ ուզում ես հավատալ, թե այս անարդար աշխարհում, համենայնդեպս, արդարություն կա եւ նույնիսկ կարող է հաղթանակել։ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել