Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԽՐԱՄԱՏԱՎՈՐՈՒՄ Է» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Ապրիլ 11,2002 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԽՐԱՄԱՏԱՎՈՐՈՒՄ Է» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ Իշխանամետ լրատվամիջոցների երեկվա հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը որոշեց դեմարկացիոն գիծ քաշել լրատվամիջոցների միջեւ՝ ահա այն 17-ը իմն են, իսկ մնացածը իմը չեն: Նպատակը՝ ուժի եւ հզորության ոչ այնքան խելամիտ ցուցադրումն է. տեսեք, թե որքան լրատվամիջոց եմ կարողացել շարք կանգնեցնել եւ ստիպել իրենց միահամուռ «ադաբրյամս»-ն ասել՝ «Ա1+»-ը փակելու իմ գործողություններին: Այդպես էին առաջներում նոմենկլատուրային գրողները բաց նամակներ ստորագրում Չարենցի, Պաստեռնակի, Ախմատովայի դեմ: Եթե դա լրատվամիջոցների ինքնաբուխ նախաձեռնությունը լիներ, ոչ թե՝ նախագահի աշխատակազմից եկող հրահանգ, ապա պետք էր, հավանաբար, առաջարկել այդ տեքստը ստորագրել «Նոյյան Տապանին», «Ա1+»-ին, «Առավոտին», «Իրավունքին», «Հայկական ժամանակին», «Չորրորդ իշխանությանը», ինչը չի արվել: Եթե մեր գործընկերներն իսկապես դեմ լինեին քաղաքական շահարկումներին, ապա, երեւի, կգերադասեին բոլոր լրատվամիջոցների համաձայնեցված հայտարարությունը, եւ դա կխոսեր դրա վերքաղաքական, զուտ լրագրողական բնույթի մասին: Հայտարարությունն այս կազմով ստորագրելը նշանակում է մի բան. հիշյալ 17 լրատվամիջոցները հանդես են գալիս որպես մեկ քաղաքական թիմ՝ Քոչարյանի թիմը: Ներկայիս նախագահի այս քայլը լիովին տեղավորվում է նրա այն պատկերացումների մեջ, որոնք նա արտահայտել է Միջին Ասիա գնալուց առաջ. թող ընդդիմությունը փող հավաքի իր լրատվամիջոցների համար, մենք էլ՝ մեր: Այստեղ, բացի ամեն ինչից, մեթոդոլոգիական սխալ կա. լրատվամիջոցը պետք է լինի քաղաքական երկխոսության տեղ, Քոչարյանի առաջարկած հակառակ «խրամատներից» կյանքը լուսաբանելու դեպքում՝ մենք ակամայից նպաստելու ենք հասարակության պառակտմանը, եւ, որպես հետեւանք՝ պետության թուլացմանը: «Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ»,- հայտարարում են իշխանամետ լրատվամիջոցները: Դա ճիշտ է նախ այն առումով, որ իրենց խոսքի ազատությանն իսկապես ոչինչ չի սպառնում՝ ոչ մի խոչընդոտ չկա, որպեսզի այդ թերթերն ու հետուստաալիքները ազատորեն գովերգեն Քոչարյանին ու նրա «նվաճումները» եւ «քլնգեն» ցանկացած ընդդիմության: Դա ճիշտ է նաեւ այն առումով, որ Հայաստանում վտանգված է ոչ այնքան խոսքի ազատությունը, որքան մարդկանց, հասարակության արժանապատվությունը: «Առագաստի» սպանությունից եւ «Ա1+»-ի փակումից հետո եթե Քոչարյանը որոշի, որ ՀՀ բոլոր քաղաքացիների աջ ձեռքը պետք է կտրել, ապա նրա գրպանային ԱԺ-ն համապատասխան օրենք կընդունի, իսկ մենք, վախենամ, խելոք-խելոք հերթ կկանգնենք՝ մեր աջ ձեռքը կտրելու համար: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել