Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԿԲ-Ն ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ

Ապրիլ 12,2002 00:00

ԵՐԲ ԿԲ-Ն ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկից պաշտոնապես չհերքեցին «Առավոտ» թերթի ունեցած այն տեղեկությունները, որ օրերս հայ հանրությանը կտեղեկացվի Կենտրոնական բանկի նախագահի հրաժարականի մասին։ ԿԲ նոր նախագահի հավանական թեկնածուների շարքը գլխավորում է «Կոնվերս» բանկի խորհրդի նախագահ Սմբատ Նասիբյանը։ Պարզաբանման փոխարեն ԿԲ մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը հանդես եկավ հետեւյալ որակմամբ. «Ի պատասխան ձեր հարցման, հայտնում եմ, որ ես նպատակահարմար չեմ գտնում պատասխանել ձեր անլուրջ հարցերին»։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ԿԲ մամուլի քարտուղարը լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն դրանց որակումներ է տալիս։ Թեեւ մեր երկրում ազատ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու որեւէ սահմանափակում չկա։ Մեր ունեցած տեղեկություններով, ԿԲ-ն պատրաստվում է նաեւ խնամակալ նշանակել «Կոնվերս» բանկում։ Ըստ որոշ աղբյուրների, անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ ներկայացված բանկային հաշիվները չեն համապատասխանում իրականությանը։ ԿԲ-ի կողմից ծրագրված այս քայլը համակարգի որոշ մասնագետներ դիտարկում են իբրեւ հաշիվներ պարզաբանելու հակաքայլ։ «Կոնվերս» բանկի խորհրդի նախագահի տեղակալ, ֆինանսական վարչության պետ Արտակ Հանեսյանը, ի պատասխան խնամակալությանը վերաբերող հարցի՝ հայտարարեց, որ «նման բան չկա» եւ բանկում ստուգումներ չեն եղել։ Բացի այդ հավելեց, որ միայն օրերս է ավարտվել KPMG-ի աուդիտը, այսինքն՝ եթե անճշտություններ լինեին՝ «անպայման ջրի երես կլողային»։ Նաեւ՝ «Կրեդիտ Երեւանի» ավանդների մի մասը բանկը գնել եւ վճարել է ավանդատուների գումարը (որոշ տեղեկություններով՝ գումարի 16%-ը թողնվել է բանկին- Ն.Գ.), ապա, ըստ Ա. Հանեսյանի՝ «մեր լիկվիդայնությունը բարձր մակարդակի վրա է, շատ բանկեր կերազեին այդ մասին»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել