Լրահոս
Օրվա լրահոսը

Դաստիարակվում են փողոցից, դպրոցից ու ֆիլմերից

Հունիս 01,2002 00:00

Դաստիարակվում են փողոցից, դպրոցից ու ֆիլմերից Լավ ծնող լինելն այնքան էլ հեշտ չէ։ Հարցումները ցույց են տալիս, որ լավ ծնողի մասին մեր հայրենակիցների պատկերացումները խարսխվում են հանապազօրյա հացը վաստակելու, նյութապես ապահովելու վրա։ Քչերին է հետաքրքրում, թե ինչո՞վ է զբաղվում իր երեխան, ի՞նչ հեռուստատեսային հաղորդումներ ու ֆիլմեր է դիտում, ինչպե՞ս է օգտվում համակարգչից, ովքե՞ր են նրա ընկերները։ Խոսքի անսահմանափակ ազատության պայմաններում հաճախ չի նշմարվում ազատ խոսքի եւ անպատշաճության, գռեհկության սահմանագիծը։ Շա՜տ ծանր բեռ դրած կլինենք մեր երեխաների վրա, եթե թողնենք, որ այս լաբիրինթոսում իրենք ինքնուրույն զանազանեն չարն ու բարին։ Իսկ դաստիարակությունը կամ խրատը ուսուցում, կրթություն, ուղղում, երբեմն էլ՝ սիրուց մղված պատիժ է նշանակում։ Եթե մենք չդաստիարակենք, ապա մեր փոխարեն դա կանի փողոցը, համակարգիչը, հեռուստացույցը։ Վերջին ժամանակներս շատ փոքրիկների ու պատանիների շուրթերից չեն իջնում մի քանի անգամ հեռուստատեսությամբ ցուցադրված «Խավարման օր» եւ «Ընտրություն» ֆիլմերում հնչած գռեհիկ ու հայհոյախառն արտահայտությունները։ Ի՜նչ անտարբերությամբ երեխան կարող է դիտել կացնահարելու կամ վիզը ջարդելու արյունահեղ տեսարանները, ի՜նչ վարպետությամբ նա կարող է ընդօրինակել եւ ուրիշների վրա կիրառել մարտաձեւի հնարքները։ Գրեթե չի գտնվի մի ֆիլմ, որտեղ բռնության ու դաժանության տեսարաններ չլինեն։ Ըստ հոգեբանների հետազոտությունների, շաբաթական 27 ժամ հեռուստացույց դիտող 3-12 տարեկան երեխան ականատես է լինում 8000 սպանության եւ 100000 բռնության տեսարանների։ Հարցման մասնակից ծնողներից շատերն այն կարծիքին են, որ ֆիլմերը երեխաների հոգեբանության վրա չեն ազդում։ Սակայն հոգեբաններն այլ կարծիք ունեն։ 650 երեխաների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ դաժան ֆիլմեր ու հաղորդումներ դիտող երեխաները չափահաս տարիքում աչքի են ընկնում ագրեսիվությամբ, կոպիտ են վարվում տան անդամների հետ։ Չորսամյա փոքրիկների մի խումբ աստղային պատերազմների թեման շոշափող մուլտֆիլմը դիտելուց հետո իրերը փշրելու եւ շպրտելու հակում է ունեցել։ Ինչ արած, հնարամիտ շլդիկին ու հիմար գայլուկին եկել են փոխարինելու նինձա-կրիաները եւ ռոկեր-մկները։ Մտածել, թե այս գերհերոսները չեն ազդում փոքրիկների ներաշխարհի վրա, առնվազն միամտություն կլինի։ Տարիներ առաջ անգլիական թերթերից մեկում գրված էր, թե ինչպես են մի խումբ փոքրիկներ սողոսկել կոյուղի՝ նինձա-կրիաներին որոնելու նպատակով։ Ինչ երաշխիք ունենք, որ այսպիսի ֆիլմերով դաստիարակվող, կռիվ-կռիվ խաղացող, առանց աչք թարթելու ճնճղուկ սպանող երեխան վաղը չի դառնալու հանցագործ։ Ո՛չ մի։ Արտասահմանյան «Թայմ» ամսագրի համարներից մեկում գրված էր՝ «Այսօր ամեն ինչ հեղեղված է սեքսով…»։ Հիրավի, վերջինիս կարելի է հանդիպել ամենուր՝ ֆիլմերում, ամսագրերում, ինտերնետային էջերում, գովազդային հոլովակներում։ Սովորական մաստակի գովազդն անգամ ուղեկցվում է սեռ գրգռող տեսարաններով։ Շատ ծնողներ կարծում են, թե այն, ինչ թույլատրված է աշխարհում, ընդունելի է նաեւ իրենց համար եւ երեխայի նորմալ զարգացմանն էական վտանգ չի սպառնում։ Սակայն երեխաների պաշտպանությամբ զբաղվող մի խմբի կատարած հարցումները ցույց են տվել, որ սեքս-ֆիլմ դիտող 10-16 տարեկան անչափահասների 60%-ի մեջ սեքսուալ ցանկություններ են առաջանում։ Մի՞թե սխալ սեռական դաստիարակության պատճառով չէ, որ շատ աղջիկներ զբաղվում են մարմնավաճառությամբ։ Իհարկե, առանց բացատրության համակարգիչը կամ հեռուստացույցն անջատելով՝ հարց չենք լուծի։ Անհրաժեշտ է երեխայի զգայարանները վարժեցնել ճիշտն ու սխալը զանազանելու աստվածային կերպին։ Իսկ այս ամենը նախ եւ առաջ ծնողներիս սրտերում պետք է արմատավորվի։ Հազիվ թե երեխան ընդունի այն ծնողի խրատը, որն արգելում է ծխել, խմել, սարսափ կամ մարտաֆիլմ դիտել, բայց ծխում, հարբում եւ դիտում է երեխայի ներկայությամբ։ ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել