Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք թող քյաբաբ ուտեն

Հունիս 01,2002 00:00

Մերոնք թող քյաբաբ ուտեն «Մինչ սփյուռքահայերը մեզ համար փառատոներ են կազմակերպում, թող մեր տեղացի բիզնեսմեն հարուստները շարունակեն քյաբաբ ուտելը»,- ասում է երգչուհի Անահիտ Մանուկյանը։ Ի դեպ, նրա «Գյումրի» երգը (հեղինակ՝ Հայկուհի Հակոբյան), որ ներկայացվել էր «Սայաթ-Նովա» մրցույթին, ջերմ ընդունելության է արժանացել նաեւ Գյումրիում եւ արդեն կա երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մտահղացում։ – Արդյոք ժամանակը չէ՞ նոր ալբոմ թողարկելու։ Եթե չեմ սխալվում, նկարահանվում էիք նաեւ ֆիլմում։ – Ալբոմս շուտով կթողարկվի։ Այնտեղ զետեղված են Ռ. Ամիրխանյանի, Հ. Մանասերյանի, Ա. Գրիգորյանի եւ այլոց երգերը։ Իսկ ֆիլմը ամերիկահայ ռեժիսոր Դերենիկ Յափուջյանի «Օտարականն» է, որտեղ իմ խաղընկերը Հրաչյա Հարությունյանն է։ Նկարահանումներն այդպես էլ չավարտվեցին։ Հուսով եմ, ռեժիսորը ի վերջո ֆինանսներ կհայթայթի եւ աշխատանքները կշարունակվեն։ – Վերջերս Մոսկվայում կայացավ Հայկական մշակույթի օր, որին հիմնականում մասնակցում էին այնպիսի երգիչներ, որոնք կրկնօրինակում են թուրքական եւ արաբական երգերը։ Ինչպե՞ս եք վերաբերում այդպիսի երգիչներին։ – Ես որեւէ մեկին չեմ ուզում մեղադրել։ Եթե այդ երգիչները երգում են նման երգեր, ուրեմն նրանք իրավունք են ստացել։ Այս հարցում մեղադրում եմ մեր մշակույթի նախարարությանը, որը հանգիստ խղճով թույլատրում է, որ այդ երգերը տարածվեն հանրապետությունով մեկ եւ անգամ նրա սահմաններից դուրս։ Կարծում եմ, վերոհիշյալ նախարարությունը ինչ-որ կերպ պիտի որակավորում անցկացնի եւ պարզի, թե ով իրավունք ունի երգելու։ Թե չէ այսօր շատ հեշտությամբ են բեմ դուրս գալիս։ – Դուք նույնպես նկատած կլինեք, որ «Կռունկ» փառատոնի կազմակերպիչները իրենց ծրագրում գրեթե տեղ չեն հատկացնում այն երգիչներին, ովքեր ժամանակին աշխատել են «Արձագանք» ստուդիայում, ինչի պատճառով շատ երգիչներ վիրավորված են։ Ի՞նչ կասեք այդ մասին։ – Ինձ համար չկա «Արձագանքի» եւ Երգի թատրոնի միջեւ գոյություն ունեցող պատնեշը։ Ինչ վերաբերում է «Կռունկին», որտեղ, իբր, «Արձագանքի» նախկին երգիչները չեն երգում, հետեւյալ կարծիքն ունեմ. այնտեղ այնքա՜ն երաժշտական դպրոցը չանցած երեխաներ են լինում, որ… Անցած տարի ես ինքս մերժեցի «Կռունկին» մասնակցելու հրավերը եւ մասնակցեցի միայն եզրափակիչ համերգին։ Ի դեպ, «Կռունկը» նկարահանվում է այնտեղ, որտեղ կենդանի երգելն անհնար է։ – Թե՛ արվեստագետները, թե՛ արվեստասերները ժամանակին շատ էին քննադատում Լոս Անջելեսում կայացած հայ երգի մրցույթը։ Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը։ – Ինձ էլ այն դուր չեկավ։ Դիզայնը լավն էր, իսկ մտածելակերպը՝ ռեստորանային մակարդակի։ Մի խոսքով, փառատոնը հայկական էր, բայց կապը Հայաստանի հետ չկար։ Անգամ հումորն էր շատ անմիտ։ – Ի՞նչ կասեք Նունե Եսայանի վերջին համերգի մասին։ – Մարդուն քննադատելը շատ հեշտ է։ Դրա համար փորձենք հասկանալ, որ մարդը «պայքարում է ահաբեկչության դեմ»։ Ինձ հրավիրել էին համերգին, ես մեքենայով գնացի, բայց ճանաչելով հանդերձ, ոստիկաններն ինձ ներս չթողեցին, ասելով, որ վերեւից հրաման ունեն առանց անցագրի որեւէ մեկին չթողնել։ Սակայն դրա մասին ինձ նույնիսկ չէին էլ զգուշացրել։ – Իսկ չե՞ք մտածում միջազգային շոու-բիզնես դուրս գալու մասին։ – Վաղուց ժամանակն է դուրս գալ Հայաստանի սահմաններից, սակայն ես նախընտրում եմ ոչ թե ամերիկյան, այլ ռուսական շոու-բիզնեսը, քանզի այն ավելի լայն ճանապարհներ է բացում՝ իհարկե, լավ արվեստագետների համար։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել