Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր օյիններ որոնելիս

Հունիս 01,2002 00:00

Նոր օյիններ որոնելիս Կամ արդեն վտանգավոր խաղեր Հորինել կարելի է անվերջ։ Անսահմանափակ չեն լա՛վ հորինվածքները։ Ահա քանի տարի է նախ «ԱՐ», ապա «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունների եթերում է «Պահմտոցի պլյուս» («Թաքնված տեսախցիկ») երգիծական հաղորդումը։ Այդ ընթացքում իսկապես «անզուգական» (գովազդի բառն է) Պոնչոյի եւ Մանուկ Հախվերդյանի մասնակցությամբ ստեղծվել են տեսակի մեջ հաջողված, դիտարժան գործեր։ Իզուր չէ, որ հեղինակներն արդեն թվով երրորդ տեսաերիզն են հանել վաճառքի։ Սակայն հաղորդաշարը շարունակվում է եւ հարկավոր են նոր սյուժեներ, ռուսերեն ասած՝ «պրիկոլներ» (ի դեպ, նշենք, որ թաքնված տեսախցիկի այսօրինակ օգտագործման միտքը վերցված է ռուսական «Գորոդոկ» երգիծական հաղորդաշարից)։ Ահա այստեղ է, որ նոր օյիններ որոնելիս ստեղծագործողները մտածում են միայն իրենց մասին։ Բացատրեմ ասվածը օրինակով։ Ահա «Պահմտոցի պլյուսի» վերջին համարներից մեկը։ Փողոցով քայլում է բարետես, բարեձեւ ոտքերով երիտասարդ կինը։ Ձեռքերը զբաղված են ծանրոցներով, որոնք նա ոչ մի կերպ չի ցանկանում վայր դնել, իսկ գուլպաներից մեկը իջել է ցած, եւ նա երիտասարդ տղամարդկանց խնդրում է բաձրացնել գուլպան եւ ամրացնել ոտքի համապատասխան մասում։ Շատերը խոհեմաբար հրաժարվում են, իսկ նրանց, ովքեր համաձայնում են, սպասում է, մեղմ ասած, տհաճ անակնկալ. անմիջապես հայտնվում է այդ կնոջ «ամուսինը» (ռուսախոս թիֆլիսցի) եւ հաշիվ պահանջում իր տիկնոջը հրապարակավ խայտառակելու համար, այլ կերպ՝ հրավիրում «ռազբիրատի»։ Մինչ թաքնված տեսախցիկի բացահայտումը՝ «զոհին» մի լավ վախեցնում են։ Ծիծաղելի՞ է։ Անշուշտ։ Բայց ոչ նրանց համար, ովքեր այդ օրը «բախտ ունեցան» հպվել գեղեցկուհու ոտքերին։ Ենթադրելի է, որ այդ միջադեպից նրանց սրտի խփոցներն ուժեղացել են, արյան ճնշումը բարձրացել է, գուցե շաքարի տոկոսը՝ եւս։ Իսկ հանուն ինչի՞։ Թող խիստ չհնչի՝ մարդկանց ենթարկել այդպիսի պրովոկացիայի՞։ Եվ ի՞նչ կլինի, եթե հայտնեն, թե այդ մարդիկ՝ իրենց դեմ առողջության համար վտանգ ներկայացնող անօրինական գործողություն կիրառելու հայցով դիմել են դատարան, հաղորդաշարի հեղինակները կանչվեն համապատասխան մարմիններ, այնտեղ մի լավ «զբաղվեն» նրանցով եւ վերջում ծիծաղելով տեղեկացնեն, որ պարզապես նկարահանում էին թաքնված տեսախցիկով։ Հետաքրքիր է, նրանք փոխհատուցում կպահանջե՞ն։ Կ. ՎԱԼԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել