Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիացիայի նավթը պակասել է

Հունիս 21,2002 00:00

Ավիացիայի նավթը պակասել է Իսկ Չեյլաբինսկի չվերթի առասպելն «անակնկալ» էր. հավատում են «գործի տերերը» Հայկական ավիացիայում խառնաշփոթ վիճակը ոչ միայն պահպանվում, այլեւ գնալով նոր երանգներ է ստանում՝ ամենատարբեր դրսեւորումներով։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, արդեն մոտ տասն օր է, ինչ թռիչքներն իրականացվում են մի քանի ժամ ուշացումով։ Պատճառն իբրեւ նավթի անբավարար քանակությունն է։ Սակայն ոլորտին լավատեղյակ մեր աղբյուրները տարակուսանք հայտնեցին, որ նավթի սղության պատճառը հիմնական մատակարար «Միկա» ընկերությանն ունեցած ՀԱՈՒ-ի հսկայական պարտքերն են։ Ի դեպ, հիշեցնեմ, որ դրանց դիմաց ընկերության նախագահը 2 ինքնաթիռ էր պահանջել։ Ինչպես հաջողվեց ճշտել, մինչ օրս ոչ պարտքի որեւէ մասն է մարվել, ոչ էր պահանջն է բավարարվել։ ՀԱՈՒ-ի նորանշանակ տնօրեն պարոն Մկրտումյանը տեղեկությունը կտրուկ մեկնաբանեց. «Ես նման տեղեկություն չունեմ,- ապա հավելեց,- տոմսերը նորմալ վաճառում ենք»։ Նկատենք, որ անգամ նախապես հայտարարված չվերթի հետաձգման դեպքում էլ տոմսերը վաճառվում են։ Այնպես որ, կարծում ենք, տոմսի վաճառքը չվերթի ուշացումով թռչելու հետ սերտ կապ պարզապես չունի։ Մարդիկ, վերջիվերջո, երթեւեկելու անհրաժեշտություն ունեն եւ այն պետք է բավարարվի՝ վաղ թե ուշ։ Որոշ աղբյուրների մեկնաբանությամբ, այս շփոթի պատճառն այն է, որ ՀԱՈՒ-ն եւս ցանկանում են վաճառել։ Այս անգամ էլ՝ սփյուռքահայ «բարերար» եւ գործարար Էդուարդո Էրնեկյանի մերձավորներից մեկին։ Իսկ թե հատկապես ում՝ առայժմ չի շրջանառվում։ Ի դեպ, օրերս խնդիրներ էին առաջացել Չելյաբինսկ-Երեւան-Չելյաբինսկ չվերթի ժամանակ։ Ականատեսները պատմում են, որ «մարդիկ տոմսերը ձեռքներին՝ կանգնած էին մնացել օդանավակայանում»։ Հատուկ հսկողության աշխատակիցները, ըստ այդ չվերթի ուղեւորների, հարմար առիթը բաց չեն թողել։ Ինքնաթիռում «տեղ է ճարվել» միայն այն ուղեւորների համար, ովքեր լրացուցիչ գումար են տվել վերջիններիս։ Միանգամայն տրամաբանորեն մարդկանց վրդովվեցրել է այդ վիճակը եւ հիմք է ծառայել ենթադրելու, որ լրացուցիչ տոմսակներ են վաճառվել։ Չվերթը, ի դեպ, պատկանում է «Ավիատրանս» ընկերությանը, որի աշխատակիցը՝ «ո՞վ կարող է որոշ մեկնաբանություններ անել» հարցիս ի պատասխան՝ ոգեւորությամբ ասաց. «Այնքա՜ն բան կարելի է ասել…»։ Ապա, նույն ոգեւորությամբ էլ որոշեց «գլուխը ցավի տակ չդնել» եւ հավելեց, որ չվերթի պատվիրատուն Կարեն Միրզոյանն է։ Վերջինիս եղբայր Միքայել Միրզոյանը «Էկոր» ավիաընկերության ներկայացուցիչն է Հայաստանում։ Փաստորեն, «այդ գործի գլուխ» Միրզոյան եղբայրներն են, որոնք օգնական Լուսինեին լիազորել էին տալ հետեւյալ պատասխանը. «Էդ ո՞ր ուղեւորն է բողոքել. անուն-ազգանունն ասեք՝ տեսնենք որ մեկն է, որ այստեղ-այնտեղ բողոքելով այդքան պրոբլեմներ ստեղծեց մեզ համար»։ Ապա անցնելով բուն խնդրին, աղջիկը բացատրեց, որ առավել թվով ուղեւորներ փոխադրելու հնարավորություն ունեցող ինքնաթիռը՝ տեխնիկական խնդիրներ ունենալու պատճառով Չելյաբինսկում փոխարինվել է առավել փոքր հնարավորություններ ունեցող ինքնաթիռով։ Փաստորեն, եթե հավատանք այդ վարկածին, խնդիրն անսպասելի է եղել բոլորի, անգամ «գործի տերերի» համար։ Սակայն անակնկալի դեպքում էլ արդարացի է ուղեւորների վրդովմունքը՝ իրենց ոտնահարված իրավունքների մասին։ Առավել եւս, եթե այդ իրավունքները հայկական տարբերակով են ոտնահարվում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930