Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉՆ Է ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Հունիս 21,2002 00:00

Ի՞ՆՉՆ Է ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Դաշտադեմ գյուղից ստացել էինք նամակ՝ «Գյուղում բնակվում են մեծ թվով փախստականներ, գյուղը սահմանամերձ է, սկսվել է արտագաղթ, չկան աշխատատեղեր… Վարկ ենք խնդրում գյուղի կաթը մշակելու համար, բայց գումար են շորթում…»։ Նշված էին անուններ, պաշտոններ, կազմակերպություններ։ Գարեգին Քոսյանի նամակը հրապարակեցինք «Իրավունքի անատոմիա» հեռուստածրագրով։ Արձագանքը ոգեւորել էր, հույս էր տվել։ Ուղարկվեց երկրորդ նամակը. «Հյուսիսային շրջանների գյուղատնտեսությանը օժանդակող ծրագրի տնօրեն Գագիկ Մաթեւոսյանը գյուղում բազմաթիվ հրապուրիչ խոստումներ տվեց, առաջարկեց վերագործարկել «Օգնեցեք երեխաներին» հիմնադրամի միջոցներով կառուցված պանրի արտադրամասը, խոստանալով վարկավորել։ Սկսվեց անհեթեթ, վիրավորական քաշքշուկ, որը ձգվեց մեկ տարի…»։ Ամեն մի թուղթ ներկայացնելու համար նա բազմիցս է հաղթահարել Դաշտադեմ-Տաշիր-Վանաձոր-Երեւան ուղերթը։ Հարցը պարզ էր. Գարեգին Քոսյանը ցանկանում է եւ, ամենակարեւորը՝ ունակ է զբաղվել ոչ միայն փոքր, այլեւ միջին բիզնեսով, ստեղծել է «Ջավախք» ընկերությունը, մի քանի տասնամյակ զբաղվում է անասնապահությամբ եւ կաթի մշակմամբ, ունի (եւ մշակում է) մի քանի հեկտար հողատարածք, ձկնատնտեսություն, գյուղատնտեսական մեխանիզմներ… Այդ ամենն էլ գրավ է դնում։ Համայնքը երաշխավորում է։ Ներկայացրել է բիզնես-պլան։ Վերցվելիք 3-4 հազար դոլարին համարժեք դրամի դիմաց որպես գրավ դնում է տասնյակ անգամ թանկ իրական արժեքներ։ Բարեգործական կազմակերպության վերակառուցած պանրի գործարանը անգործության է մատնված։ Գյուղացիները չեն կարողանում իրացնել բարձրորակ կաթը։ Համայնքի պանրի գործարանը տրամադրել է վարկ վերցնողին, ակնկալելով, որ վարկի գումարներով գյուղացիների կաթը կիրացվի, ապրանք կդառնա։ Էլ ի՞նչ էր պետք գյուղացիական տնտեսությունը զարգացնելու համար նախատեսված վարկը տրամադրելու համար։ «Մեկամսյա քաշքշուկը շա՞տ էր, թե՞ քիչ» հարցը պարզելու նպատակով սկսեցինք «Շեն» կազմակերպությունից։ Վեց-յոթ հեռախոսազրույցից հետո պարզ դարձավ, որ «Շեն» գաղափարը որեւէ կապ չունի այդ կազմակերպության գործունեության հետ։ Ստիպված մեկնեցինք Դաշտադեմ։ Զայրացած էին մեծից փոքր։ Դժվար է ասել, թե քանի անգամ հիշվեց կաշառք շորթելու մասին։ Նրանք սրտացավ էին, ապրում էին սահմանամերձ գյուղի հոգսերով, ուղիներ հուշում ծանր վիճակից դուրս գալու մասին։ Եվ ամենակարեւորը՝ մարդիկ հավատ ունեին, որ «Շենի» չշենացնող սխալները կարելի է ուղղել։ Այդ հավատն ավելի ամրապնդվեց, երբ հաջորդ այցին մենք հանդիսավոր ուղեկցում էինք վարկային «պապային»՝ անձամբ Գագիկ Մաթեւոսյանին։ Նա հրապարակավ վարկ խոստացավ։ Ավելին, մեծահոգաբար թելադրեց պահանջվող փաստաթղթերի ցուցակը։ Երկու օրից բոլոր փաստաթղթերը ներկայացվեցին՝ գրավ, երաշխավորագիր, վարձակալության պայմանագիր եւ այլն։ Պարտիզպանի համբերատարությամբ մեկ ամիս սպասելուց հետո դիմեցինք «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Մաթեւոսյանին։ Նոր էր վերադարձել արտասահմանից։ Խոստացավ շտապ պարզել։ Մի քանի շաբաթ անց նորից հիշեցրինք վարկի մասին։ Արտասահման էր մեկնում։ Վերադարձավ։ Հայտնեց, որ 1500 դոլարը շատ է, պետք է պակասեցնել։ Մինչ Մաթեւոսյանը կվերադառնար հերթական ճանապարհորդությունից, Գարեգին Քոսյանը գրավոր համաձայնեց «նիհարած» վարկին։ Մինչ Մաթեւոսյանը կմեկներ նոր գործուղման, կարողացավ զարմանալ՝ «Վարկը դեռ չե՞ն տվել»։ Վերադառնալուց հետո կարողացավ ավելի զարմանալ. «Մի՞թե…»։ Մինչ հաջորդ գործուղումը՝ զայրացավ. «Չի կարող պատահել»։ Վերադառնալուց հետո կարողացավ ավելի զայրանալ. «Ես դրանց ցույց կտամ…»։ Եվ այսպես, Մաթեւոսյանի զարմանալու, զայրանալու, ցույց տալու արանքում աննկատ անցան 2001թ. գարունը, ամառը, աշունը, ձմեռը։ Այս տարվա գարունն էլ։ Ստիպված ապրիլի 22-ին Գագիկ Մաթեւոսյանին նամակով հիշեցրինք իր երկու տարվա զայրույթի, զարմանքի տարեգրության մասին։ Նամակի պատճենն էլ ուղարկեցինք գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանին։ Մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Գագիկ Մաթեւոսյանի հետ ունենալ 37 հեռախոսազրույց։ 37 անգամ պարոն Մաթեւոսյանը վճռականությամբ հայտնել է՝ «հարցը համարեք լուծված, ես հենց հիմա կհանձնարարեմ»։ Ոգեւորված նման հատուկ խոսքից, ոգեւորել եմ դաշտադեմցիներին։ Գարեգին Քոսյանը պետության վրա չի ուզում հոգս բարդել։ Գրավ է դնում։ Բայց եւ իր համագյուղացիների հետ զարմացած ու զայրացած է, թե բացի օրինական փաստաթղթերից ու գրավից էլ ի՞նչ է պետք Գագիկ Մաթեւոսյանին ու «Շենին»՝ նրանց անձնական սեփականությունը չհանդիսացող ֆինանսները որպես վարկ տիրոջը հանձնելու համար։ Դաշտադեմցիներին հետաքրքրում է, թե «Շենը» հասարակական կազմակերպություն է եւ ի՞նչ կապ ունի վարկ տրամադրելու (մանավանդ «կամակորությամբ»), որ վարկ տվողները ստանում են շատ բարձր աշխատավարձ, բայց շատ ցածր է նրանց պատասխանատվությունը, ինչո՞ւ «Շենը» խոստումը չի կատարում եւ չի էլ պատասխանում։ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930