Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԿԱՏԱՂԵՑՐԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԸ»

Հունիս 21,2002 00:00

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԿԱՏԱՂԵՑՐԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԸ» «Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը իմ հասցեին ինչ-ինչ արտահայտություններ անելու հանդգնություն ունենա»,- հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, երբ հիշեցրինք ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանի՝ նրան հասցեագրած մեղադրանքները՝ «հողհատկացումներ անելու անսահմանափակ լիազորությունների» վերաբերյալ։ Նկատի ունենալով մամուլի՝ իրեն մեղադրող վերջին հրապարակումը, Ն. Սարգսյանը գտնում է, որ որոշ թերթեր դարձել են հենց այդպիսի մարդկանց խոսափող, որոնք կրկնակի խաղ են խաղում։ Նա նաեւ ասաց, որ հասցրել է որոշ տեղեկություններ հավաքել մինչ այժմ իրեն անհայտ պատգամավորի վերաբերյալ, անգամ պարզել է, որ «վերջինս մի քանի կուսակցություն փոխած անձնավորություն է»։ Եվ հենց առաջին հերթին էլ ի լուր պատգամավորի նա դարձյալ կրկնեց, որ Երեւան քաղաքում հողհատկացումների որոշում ընդունողը ոչ թե ինքն է, այլ քաղաքապետը, թեեւ «կան եզրակացություն տվող ծառայություններ, որոնց մեջ է եւ գլխավոր ճարտարապետը»։ Նա որոշ անձանց ու կուսակցությունների մեղադրեց իրեն կանխամտածված ձեւով թիրախ դարձնելու համար. «Դա շատ շահեկան թեմա է եւ դյուրին կերպով ասպարեզ դուրս գալու մեծ հնարավորություն»։ Իսկ իրեն շնորհված ֆրանսիական շքանշանի վերաբերյալ Գ. Եղիազարյանի ոչ բարենպաստ կարծիքին ի պատասխան՝ ասաց. «Ինձ համար բոլորովին անծանոթ այս պատգամավորը, որին կատաղեցրել է նաեւ ֆրանսիական շքանշանը, իր մեղադրանքների համար միանշանակ պատասխան կտա օրենքի առաջ, քանի որ դիմելու եմ գլխավոր դատախազին»։ Անգրագիտություն եւ օրենքի չիմացություն որակելով վերջինիս կարծիքը եւ հողհատկացումները միայն գլխավոր ճարտարապետի անվան հետ կապելը, Ն. Սարգսյանը հավաստիացրեց, որ երբեւէ չի խուսափել իր բաժին պատասխանատվությունից եւ հարկ եղած դեպքում այն կընդունի արժանապատվորեն։ «Մի կողմից ուրախ եմ, որ կա գլխավոր ճարտարապետի ինստիտուտ, ինչի շնորհիվ մարդիկ կարողանում են իրենց մեղադրանքները կոնկրետ հասցեատիրոջ ուղղել, բայց մյուս կողմից էլ շատ հարցեր չափազանցվում են, այն դեպքում, երբ որոշում ընդունողները քաղաքային իշխանություններն են, ոչ թե կոնկրետ անձը»,- շարունակեց նույն միտքը շեշտել գլխավոր ճարտարապետը։ Հուրախություն իր պաշտոնի վերաբերյալ հնչող շահարկումների՝ նա հավաստիացրեց նաեւ, որ կողմնակից է հետագայում գլխավոր ճարտարապետի ինստիտուտի վերացմանը, ինչը հնարավոր չհամարեց ներկայումս՝ դա պատճառաբանելով Երեւանի գլխավոր հատակագծի ու համայնքների գոտեւորման հատակագծերի պատրաստ չլինելով։ Ի դեպ, մինչեւ վերջ էլ Ն. Սարգսյանը ձեռնպահ մնաց հիմնավորելուց, թե ի վերջո ինչքանով են արդարացվում քաղաքի կենտրոնում, Օպերայի պուրակում կատարված հողհատկացումները։ Չբացատրեց նաեւ իր կարծիքով սոցռեալիզմի ժամանակ ստեղծված Երեւանի ճարտարապետական կոթողները ժամանակակից հաստատությունների վերածելու «մտահոգությունը»։ Ինչեւէ, նա գոհ է, որ ընդդիմադիր թերթերը, չնայած իր շուրջը ստեղծված մթնոլորտին՝ իրեն խնայում են, նույնիսկ ավելի հարգանքով վերաբերվում, ի տարբերություն որոշ ոչ ընդդիմադիրների. «Վերջիններս երկու տարի է՝ անձնավորված վերաբերմունք ունեն իմ հանդեպ, այն դեպքում, երբ ես աշխատում եմ ա՛յս տարիներին եւ ա՛յս իշխանությունների օրոք»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930