Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»

Հունիս 22,2002 00:00

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» Տնակի բնակիչները՝ «ետեւը՝ սուր, առաջը՝ ջուր» վիճակում Վանաձորի Սպանդարյան փողոցի 2-5-7 տնակի բնակչուհի, միայնակ թոշակառու Քնարիկ Պապիկյանը համարվում է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի 1-ին հերթի ժառանգ: 1988թ. երկրաշարժի հետեւանքով նա զրկվեց Վանաձորի (այն ժամանակ՝ Կիրովական) Բանյոյի 3/7 հասցեում գտնվող 22 քմ տարածք զբաղեցնող մեկ սենյականոց բնակարանից (շենքը հիմնավորապես փլվել էր): «Երկրաշարժից հետո, որպես միայնակ անձնավորություն, ինձ ոչ մի տեղ չեն տեղավորում բնակվելու, պատճառաբանելով, որ մի հոգու համար ոչ տնակ կա, ոչ էլ՝ վրան: Միայնակներին նույնիսկ չէր թույլատրվում էվակուացվել: Աշխարհի տարբեր ծայրերից օգնություն ուղարկված տնակներն էլ 9 ամիս փակել, ոչ ոքի չէին տալիս, բացառությամբ զոհ ունեցող ընտանիքների: 6 ամիս սրա-նրա ավտոտնակում ապրելուց հետո մեր շենքի հարեւանները, գթալով, տեղավորեցին իրենց վրանի մի անկյունում, որը գտնվում էր քիմիագործների այգում»,- վերհիշում է Պապիկյանը: Նրան մեծ դժվարությամբ հաջողվում է տեղավորվել այն տնակում, որտեղ այսօր էլ բնակվում է: 1997թ. Ք.Պապիկյանին հատկացվել է բնակարան՝ Համաշխարհային բանկի կառուցած շենքերից: (Այս կապակցությամբ հարկ է հիշատակել, որ ավելի բարվոք պայմաններում գտնվողները, որոնք բնակվել են 2-րդ եւ 3-րդ վթարայնության շենքերում, այդ ընթացքում կարողանում են բնակարան ստանալ, այն վաճառել, հետո նորից հերթի կանգնել որպես «կարիքավոր»: Մինչ Պապիկյանը եւ նրա նման հազարավորներ բնակարանների անարդարացի բաշխման արդյունքում հանիրավի տուժում էին եւ առավել քան վերջինները): «Ես այդ տարիներին ճաշակեցի ամենատաժանակիր օրերը. տեսա ցուրտը, սովը, մութը եւ ստացա բազմաթիվ հիվանդություններ»,- ցավով պատմում է Պապիկյանը, որին, դժբախտաբար, Տարոն-2 թաղամասի 64/11 հասցեում հատկացված նոր բնակարանում էլ տհաճ անակնկալներ էին սպասում: «Շենքը կառուցված էր նորմերին ոչ համապատասխան: Մեկ սենյականոց բնակարանը՝ 16 քմ բնակմակերեսով, չուներ պատշգամբ: Հատակին՝ ոչ մի մանրատախտակ, կամ ծածկ չկար: Պատերը կիսագաջված եւ ճաքճքված էին: Չկար պաստառ: Ոչ մի տեղ չկար վարդակ: Ջրատար խողովակներն էլ մեր ձեռքը տվեցին, որ մենք միացնենք»,- նկարագրում է Պապիկյանը: Այս շենքը Վանաձորում մեկն է բազմաթիվներից, որ անորակ է կառուցվել: Սկզբում շինարարական համապատասխան կազմակերպությունները հավաստիացրել են, որ վնասը կհատուցեն դրամով կամ շինանյութով, սակայն հետագայում հրաժարվել են կատարել իրենց խոստումը, պատճառաբանելով, որ ֆինանսական միջոցներ չկան: Պետությունը, փաստորեն, ի դեմս ՀԲ-ի կամ նրա գումարներով աշխատանքներ իրականացրած շինարարական կազմակերպությունների, մնացել է բնակիչներին պարտք: Վերոնշյալ եւ համանման այլ շենքերի վերաբերյալ համապատասխան ակտեր են կազմվել, տեղյակ են պահվել համապատասխան մարմիններ՝ թե՛ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգում, թե՛ ԱԺ-ում: Մշտապես, երբ նմանատիպ շենքերում բնակարան ստացած մարդկանց իշխանություններն ստիպել են տնակից դուրս գալ եւ տեղափոխվել իրենց հատկացված բնակարանը, իսկ բնակիչներն էլ վկայակոչել են վերոնշյալ թերությունները եւ հիշեցրել պետության պարտքը՝ իրենց հանդեպ, հարցը կրկին «ջրի երես է ելել»՝ մինչ նոր «խորտակում»: Ք.Պապիկյանը իր հարցի կարգավորման նպատակով դիմել է Վանաձորի թե նախկին եւ թե ներկա իշխանություններին: Առաջարկել է մեկ այլ տարբերակ եւս. վերցնել Տարոն-2, 64/11 հասցեում հատկացված բնակարանը եւ դրա փոխարեն հատկացնել այլ բնակարան: Նա հիշեցրել է, որ ֆիզիկապես անառողջ է, գտնվում է նյութապես ծանր վիճակում, եւ իր համար առավել եւս անհնար է ապրել այդ բնակարանում: Ակնարկել է իր՝ բռնադատվածի ժառանգ լինելու մասին: 17.05.2002 թվին Վանաձորի քաղաքապետարանից նրան ի պատասխան տեղեկացնում են. «ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի թիվ 432 որոշման 16-րդ կետի համաձայն, Ձեզ հատկացվել է համարժեք բնակարան, որի պատճառով Ձեր խնդրանքը չենք կարող բավարարել»: Պապիկյանին զարմանք է պատճառել այն, թե ինչպես կարող էր իրեն 1999թ. ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված լինել բնակարան, եթե նրան ավելի վաղ հատկացված «վայ-բնակարանը» (որի մասին վերը շարադրեցինք) ինքը սեփականաշնորհել է 1997թ. Վանաձորի քաղխորհրդի գործկոմի 12.02.97թ. նիստի 36/3-22 որոշմամբ: Ք.Պապիկյանը ստիպված էր դիմել մամուլի օգնությանը, երբ օրերս Վանաձորի քաղաքապետարանից նրան բանավոր զգուշացում է ուղարկվում՝ կարճ ժամանակում տնակը ազատելու մասին: Բողոք-նամակում նա կարծիք է հայտնում, թե իր վիճակը համարժեք է 1937թ. բռնադատված իր ընտանիքի վիճակին, քանի որ այժմ էլ իրեն կարող են դուրս շպրտել տնակից այնպես, ինչպես «արեցին 1937թ.՝ հորս աքսորեցին Սիբիր, իսկ մեզ չորս երեխաներով գցեցին ձյան վրա, որպես «հայրենիքի դավաճան»: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել