Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՆՅԱՐԴԵՐԸ ԿԴԻՄԱՆԱՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

Հունիս 26,2002 00:00

«ՄԵՐ ՆՅԱՐԴԵՐԸ ԿԴԻՄԱՆԱՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ» Հարցազրույց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի հետ – Դուք կարծում եք, որ հնարավո՞ր է գտնել «Ա1+»-ի խնդրի լուծումը։ – Եթե չգտնվեն էլ լուծումներ, ապա՝ պայքարը միշտ կա։ Մենք չենք հանձնվելու։ 87 օր է, ինչ եթերից զրկված ենք, բայց «Ա1+»-ի թիմը շարունակում է աշխատել եւ աշխատելու է անպայման։ Ամեն ինչ կարվի, որ մենք վերադառնանք եթեր. ձեւերը թող իրենք մտածեն։ Մեր ստեղծածը կոտրելիս իրենք մտածել էին, թե ինչպես կոտրեն, նաեւ թող մտածեն, թե ինչ կերպ պետք է այս ամենը վերականգնեն։ Եթե չմտածեն, իսկապես լուրջ պատերազմ է սկսվելու։ Դա արդեն կլինի լուրջ պատերազմ, ինչը ես բոլորովին չէի ուզենա, որովհետեւ լրագրությունն իսկապես ուժ է, եւ պետք չէ այն թերագնահատել։ «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսն այս դեպքում չի գործի։ – Բայց այսօր արդեն այդ կրքերը հանդարտվել են, այդպես չէ՞։ – Ո՛չ, ոչ մի կիրք չի հանդարտվել։ Ամեն ինչ շարունակվում է, մենք հանգիստ չենք թողնի նրանց։ Ճիշտ է, միտինգներ հիմա չկան, բայց այս գործընթացում դա չէր որոշիչ գործոնը։ Կան մտավորական, հասարակական ուժեր, որոնք իսկապես պայքարում են՝ շտկելու համար այս իրավիճակը։ Ես նկատի չունեմ ընդդիմությունը։ Իշխանությունները հիմա հասկանում են, թե ինչ հիմարություն արեցին լրատվական դաշտը դատարկելով։ Նրանք հիմա Անդերսենի «մերկ թագավորի» վիճակում են։ Այսինքն՝ ժողովուրդը տեսնում է, որ իր թագավորը տկլոր է։ Եվ այդ ամենը նրանց չմտածված քայլերի հետեւանք է։ – Դուք ասում եք, թե իշխանությունները գիտակցել են իրենց սխալը։ Եթե դա իսկապես այդպես լիներ, չե՞ք կարծում, որ հունիսի 20-ին հայտարարված հերթական մրցույթը կկայանար եւ «Ա1+»-ին հնարավորություն կտրվեր մասնակցել դրան։ – Մեր նյարդերը կդիմանան մինչեւ վերջ։ Վերջերս այստեղ միջազգային գիտաժողով էր, որտեղ հավաքվել էին լուրջ մարդիկ, նաեւ՝ միջազգային փորձագետներ։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի վերաբերմունքը դրան՝ ապտակ էր ոչ թե հանձնաժողովին, այլ՝ Հայաստանին։ Նա ուշացումով եկավ, քթի տակ ինչ-որ բան ասաց, ոչ ոք բան չհասկացավ, ասելիքի հիմնական թեման, չգիտես ինչու, պոռնկագրությունն էր, իսկ երբ պետք է բանավեճ սկսվեր, փախավ։ Եվրախորհրդի ներկայացուցիչը սպասում էր այդ բանավեճին, որպեսզի հասկանա, թե իրականում ինչ է կատարվում այս երկրում, իսկ պաշտոնյան անհետացավ։ Այդ չինովնիկի աշխատավարձը մենք ենք վճարում, հարկատուներս՝ նա պետք է մեզ ծառայի, բայց նա լակեյի նման ծառայում է ինչ-որ մարդկանց, որոնք կարծում են, թե իրենց դեմ խաղ չկա։ Խաղ կա, դեռ տաք են, չեն զգում։ – Խոսակցություններ կան, որ այս ընթացքում միջազգային բազմաթիվ կազմակերպություններ ձեզ գումարներ են փոխանցել՝ կանխելու համար ստեղծված իրավիճակի սրացումը։ – Այդպիսի բան մինչեւ այսօր չի եղել։ Եվ եթե որեւէ մեկը որեւէ տեղ կարող է հայտարարել, թե «Ա1+»-ին ֆինանսական աջակցություն է մատուցել, ես կուզեմ նրան հանդիպել եւ նայել նրա աչքերին, եւ նա էլ նայի իմ դեմքին եւ կրկնի այդ նույն խոսքերը։ Ոչ մեկը ոչ մի կոպեկ չի տվել։ Առաջարկություններ, ճիշտն ասած, շատ են եղել, բայց այս շրջանում մեզ ֆինանսական աջակցություն պետք չէր։ Գումարային խնդիրները լուծում ենք։ Մենք չենք սնանկանա։ Մենք աշխատում ենք, եւ երբ մարդ աշխատում է, նա սոված չի մնում։ Բարձրաձայն ասում եմ. ոչ մի դեսպանատուն, ոչ մի կազմակերպություն որեւէ ֆինանսական աջակցություն մինչեւ օրս չի մատուցել։ Մենք չենք էլ վերցնի։ Այս խոսակցությունները ես հասկանում եմ՝ որտեղից է գալիս։ Չեմ զարմանա, եթե ասեն, որ կուսակցություններն էլ են մեզ գումար տալիս եւ նրանք են մեզ պահում։ Նրանց համար զարմանալի է, որ «Ա1+»-ի կոլեկտիվը մինչ օրս ամուր կանգնած աշխատում է, եւ ամեն ինչ պետք է անեն, որ փչացնեն ե՛ւ կոլեկտիվի տրամադրությունը, ե՛ւ իմ ու «Ա1+»-ի անունը։ Չի՛ ստացվի։ Զրույցը վարեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել