Լրահոս
Օրվա լրահոսը

Հռչակագիր սոցիալական բարեփոխումների մասին

Հունիս 26,2002 00:00

Հռչակագիր սոցիալական բարեփոխումների մասին 26 միլիոն դոլար արժողությամբ 2000թվականի սեպտեմբերից Հայաստանի 5 մարզերում (Երեւան, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք) սկսվել է սոցիալական բարեփոխումների ծրագիր, որ կազմվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ «աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ բարեփոխելու Հայաստանի ազգաբնակչության համար անհրաժեշտ սոցիալական եւ առողջապահական ծրագրերը»։ 26 միլիոն դոլար արժողությամբ, 3 տարի ժամկետով այս ծրագրի շատ դրույթներ, սակայն, առայսօր ձեւական, հռչակագրային բնույթ են կրում։ Ահավասիկ՝ «Արդյունավետ դարձնել տնտեսական եւ սոցիալական ճգնաժամերի հաղթահարման համար հատկացվող մարդասիրական օգնությունը»։ Կարծում ենք, գաղտնիք չէ այն, որ մարդասիրական օգնությունների մեծ մասը ոչ միայն ազատորեն վաճառվում է, այլեւ ոչ վաղուց կառավարությունում կայացած մի խորհրդակցության ժամանակ (որ վարել էր ՀՀ նախագահը) կարծես թե արդարացվել էր դրանց վաճառքը, քանի որ նշվել էր, թե առանձին բարեգործական կազմակերպությունների կողմից ներկրվող օգնությունների համար ավելացված արժեքի հարկ է գանձվում, ուստի դրանց 75 տոկոսը հայտնվում է շուկայում («նրբացուցիչ դեպք հանցանաց»)։ Բնականաբար, այս պայմաններում խոսք անգամ լինել չի կարող մարդասիրական օգնության՝ վերջին 2 տարվա ընթացքում «արդյունավետ» դառնալու մասին։ Կամ՝ վերցնենք այդ ծրագրի մեկ այլ կետ. «Ծրագիրը կհամագործակցի ՀՀ կառավարության հետ՝ ստեղծելու իրավական եւ կառավարման նոր կառուցվածք՝ կենսաթոշակների, հաշմանդամների նպաստների եւ այլ սոցիալական ծրագրերը ղեկավարելու համար»։ Ինչպես հայտնի է, նպաստների վճարման համակարգում վերջին 2 տարում ոչ միայն առաջընթաց չի եղել, այլեւ՝ ընդհակառակը։ Կենսաթոշակները 2002թ. հունվարից (ծրագրի սկսվելուց 17 ամիս անց) չնչին ավելացում ունեցան՝ ընդամենը 700 դրամ, որի հետեւանքով բազմահազար թոշակառուներ զրկվեցին «աղքատության նպաստից»։ Հատկանշական է, որ գործազրկության «նպաստ» կոչվածն էլ ի սկզբանե տարվա մեջ տրվում է 5 ամիս ժամկետով, այն էլ՝ անթույլատրելի ուշացումներով։ Այս պայմաններում ինչո՞վ է օգնել բարեփոխումների ծրագիրը՝ սոցիալապես անապահով խավերին։ Միգուցե նրանո՞վ, որ բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկն ու տարրական դասարանները մի կերպ «հաղթահարած» գործազուրկը «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում կարող են հայտնվել նույն հարթության վրա՞։ «Ողջ ազգաբնակչության համար հասանելի բժշկական ծառայությունների փաթեթի ստեղծում» (ծրագրի դրույթներից)։ Առայսօր էլ բժշկական սպասարկումն անհասանելի է շարքային հիվանդների համար։ Դրա մի ակնառու ապացույց էր բուժհիմնարկների օպտիմալացումը՝ դրանց թերբեռնվածության պատճառով։ Նույնիսկ պետպատվերի շրջանակներում սահմանված բուժօգնությունից հիվանդները շատ դեպքերում օգտվել չեն կարողանում՝ այդ համակարգի կաթվածահար լինելու պատճառով։ Ծրագրում խոստացվում է «կարիքավորներին ցուցաբերվող առաջնային բուժօգնության եւ սոցիալական աջակցության արդյունավետության եւ էֆեկտիվության բարձրացում»։ Ինչպես գիտեք, «կարիքավոր» են համարվում նրանք, ում այդպիսին է ճանաչում «Փարոսը», մինչդեռ հայտնի է, որ բնակչության գերակշիռ մասն այսօր կարիքավոր է։ Հետեւաբար, ստացվում է, որ «առաջնային բուժօգնությունն» իր «էֆեկտիվության բարձրացմամբ» նույնպես հռչակագրային բնույթ է կրում։ Ասենք՝ մարդը հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն ունի, պետպատվերով էլ «հասնում» է այդ բուժօգնությունը, բայց բուժաշխատողներն իրենց պետական ֆինանսավորումն ու աշխատավարձը կամ չեն ստացել, կամ հիվանդանոցի տնօրենը ծախսել է դրանք առավել «առաջնային» կարիքների համար, հիվանդն էլ գումար չունի, ինչպե՞ս կարող է այս պայմաններում «էֆեկտիվ» բուժօգնություն ցուցաբերվել, եթե անգամ «Փարոսից» համապատասխան տեղեկանք ներկայացվի։ Իսկ ո՞ւր մնաց ծրագրում խոստացվող մեկ այլ «բարեփոխում». «Ծրագիրը կօգնի մշակել բնակարանային նպաստների ծրագիր, որպեսզի ողջ ազգաբնակչությունը կարողանա վճարել բնակարանային եւ կոմունալ ծառայությունների համար»։ Ինչպես տեսնում ենք, այս մի կետը վերաբերում է ոչ միայն «կարիքավորներին», այլ՝ ողջ ազգաբնակչությանը, որպես համընդհանուր դրույթ՝ մարդու պահանջմունքների եւ պարտականությունների հետ կապված, եւ, այդուհանդերձ, ազգաբնակչության մեծամասնությունը շարունակում է «կքել» կոմունալ եւ բնակարանային «ծառայությունների» վարձերի ծանրության տակ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել