Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՄԱՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

Հունիս 28,2002 00:00

ԻՄԱՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ Կառավարությունն իր երեկվա նիստում որոշել է, որ պետական ծառայողները ինչ-ինչ հիվանդություններ չպետք է ունենան։ Ավելի ճիշտ՝ այդ հիվանդություններով տառապելու դեպքում նրանք չեն կարող պետական պաշտոններ զբաղեցնել։ Հարցի մանրամասները լրագրողներին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, որի խոսքերից անընդհատ տպավորություն էր ստեղծվում, որ տրվող հարցի պատասխանը գիտի, բայց չի հայտնում։ Ցանկացած կոնկրետ հարցի, ասենք, ինչո՞ւ է այսինչը այսպես արվում, որպես կանոն եւ ըստ էության կոնկրետ չպատասխանելով ասում էր. «Այդ խնդիրները կլուծվեն», «այդ հարցերի պատասխանը կտրվի»։ Թեեւ հիվանդությունների ցանկը հաստատված է, բայց անգամ չնշեց, թե որ հիվանդությունների դեպքում է, որ պետական ծառայողին ազատում են աշխատանքից կամ աշխատանքի չեն ընդունում։ Հիվանդությունների ցանկում փոփոխություններ կատարելու իրավունքը վերապահված է կառավարությանը։ Ուստի, ելնելով հայաստանյան իրականության առանձնահատկություններից, որտեղ աբսուրդն ավելի շատ է, «Հայկական ժամանակի» թղթակցի մոտ միանգամայն տրամաբանական հարց ծագեց. «Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը, մյուս օրը, ելնելով համապատասխան իրավիճակից, կառավարությունը հիվանդությունների այդ ցանկում չի ընդգրկի գրիպը կամ կարճատեսությունը»։ Պարոն Թոփուզյանը պարզաբանեց, որ այդտեղ ընդգրկված են այն հիվանդությունները, որոնք, ըստ կառավարության, խանգարում են մարդուն՝ կատարել անմիջական ծառայողական պարտականությունները։ Իրոք որ, ինչ երաշխիք, որ, ասենք, քաղաքական հակառակ հայացքների պատճառով մարդը կամ մի ամբողջ նախարարության աշխատակազմ չի ազատվի աշխատանքից գրիպի դեպքում, պատճառաբանությամբ, որ գլխացավով ուղեկցվող գրիպը խանգարում է մասնագետներին, ասենք, քաղաքաշինական ոլորտում ճիշտ քայլեր ձեռնարկել։ Կամ որ կարճատեսությունն ուղղակիորեն խաթարում է այսինչի աշխատանքը։ Աբսուրդ է, բայց Հայաստանում իրավիճակի փոփոխության պայմաններում՝ միանգամայն հնարավոր։ Աշխատակազմի ղեկավար-նախարարը միայն հավաստիացրեց, որ այդ խնդիրը կլուծվի, բայց ոչ մի երաշխիք չտվեց, որ անհանգստության առարկա գրիպը չեն ընդգրկվի այդ ցանկում, իսկ, ասենք, պարանոյան նույն ցուցակից դուրս չի մնա։ Հարցը սկզբունքային է, բայց դեռեւս հայտնի էլ չէ, թե որ պոլիկլինիկա(ները)ն է տալու առողջության մասին տեղեկանքը։ Եթե դա մեկն է լինելու, ապա նշանակո՞ւմ է արդյոք, որ մնացածների տեղեկանքները հավաստիություն չեն ներշնչում։ Եվ արդյոք սա անհավասար պայմաններում չի՞ դնում մյուսների նկատմամբ։ Շարունակելով կառուցվածքային բարեփոխումները, կառավարությունը երեկ որոշել է վերակազմավորել 4 պետական մարմիններ՝ Պետական գնումների գործակալությունը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Առողջապահության ազգային գործակալությունը եւ «Ատոմհսկողությունը»։ Այս մարմիններն այլեւս չեն ունենա ֆինանսական, ընդհանուր, կադրերի բաժիններ։ Այսպիսով՝ կրճատումներ կլինեն։ Քանի հոգի կամ քանի տոկոսը կկրճատվի, գոնե մոտավորապես՝ «հաշվարկները կան, բայց դրանք մոտավոր են, թիվը չգիտեմ»։ Դարձյալ գիտի, բայց չի հայտնում պարոն Թոփուզյանը։ Մինչեւ այժմ, ըստ նրա, 1000 հաստիք է կրճատվել։ Իսկ կրճատվածները կհամալրեն գործազուրկների շարքե՞րը՝ սադրիչ հարցին պարոն Թոփուզյանը «կուլ գնաց»։ Նրանք այլ տեղերում կտեղավորվեն աշխատանքի, նրա կարծիքով։ Այդ դեպքում ինչո՞ւ են ազատվում։ Ավելի ճկուն գտնվեց կառավարության լրատվական վարչության պետը. «Եթե հնարավոր է նրանց ունակություններն օգտագործել այլ տեղում՝ կօգտագործվի»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել