Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մեզ չեն կարող խանգարել»

Հունիս 28,2002 00:00

«Մեզ չեն կարող խանգարել» Օրերս Հայաստան էին ժամանել Ղազախստանի եւ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքների ղեկավարները։ Ղազախստանի համայնքի ղեկավար Մայիլ Թորոյանը նշեց, որ տեղի հայ բնակիչները համեմատաբար ավելի քիչ պրոբլեմներ ունեն, քան ներքին սփյուռքի այլ բնակավայրերում։ Ղազախստանի հայ համայնքն ունի 250 հազար բնակչություն։ Հիմնական խնդիրները կապված են լեզվի, մշակույթի, ազգապահպանման մյուս հարցերի հետ։ Ունեն բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ։ Սակայն բոլորովին չեն գործում եկեղեցական կառույցները։ Չկա համախմբում։ Հայ առաքելական եկեղեցու հոգածության, ուշադրության կարիքն ունեն։ Բարդություն է հարուցում այնտեղ անլեգալ գտնվող ՀՀ քաղաքացիների ներկայությունը։ Դրանք հիմնականում զորակոչից խուսափած տղաներ են։ «Մենք Հայաստանի իշխանությունների հետ միասին պայքարելու ենք, որպեսզի նրանք վերադառնան։ Ապրում են մի կերպ, ինչպես պատահի, եւ քանի որ չեն կարող գրանցում եւ հետագա նորմալ կյանք ունենալ, ճիշտ ճանապարհը՝ վերադարձն է»,- հայտարարում է Մ. Թորոյանը։ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Գեւորգյանը անդրադառնալով իրենց խնդիրներին, ասաց, որ նպատակ կա մարզում բացել հյուպատոսարան, որն ավելի կօգնի տեղաբնակներին հստակեցնելու իրենց լիազորություններն ու պարտականությունները։ Ապրիլի 16-ի գիշերվա դեպքերից հետո (հայկական գերեզմանատանը մոտ 30 գերեզման էր ավերվել) ստեղծվել էր լարված վիճակ։ «Փորձեցին փաստը ներկայացնել որպես խուլիգանություն կամ ֆուտբոլի երկրպագուների կատարած դիտավորություն, սակայն մենք վերահսկում ենք քննությունը։ Վստահ ենք, որ արվել է քաղաքական նկատառումներով եւ պիտի ապացուցենք, որ այդ տղաների հետեւում գործել են հակահայկական ուժեր»,- մտահոգված է Ռ. Գեւորգյանը։ Հայ համայնքը այնտեղ բնակեցվել է մոտ 240 տարի առաջ եւ այժմ էլ գերակշիռ թիվ է կազմում՝ մոտ 600.000։ Ըստ նրա, վերջին շրջանում միգրացիայի հետեւանքով այնտեղ հայտնվել են ադրբեջանցի եւ այլազգի փախստականներ, որոնք արդեն 8-10 տարի է չեն կարողանում դառնալ տեղի քաղաքացիներ։ Եվ հենց նրանք էլ ամեն բան անում են, որպեսզի արհեստական լարում ստեղծվի հայերի շուրջ։ «Դժվար թե կարողանան մեզ խանգարել»,- կարծում է համայնքի ղեկավարը։ Կրասնոդարի երկրամասում կա 3 հայկական դպրոց, կան բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ։ Եկեղեցիներ, որոնք գործում են՝ 90-ականներին ունենալով 5-10 այցելու, այսօր նրանց թիվը անցնում է 100-150-ից։ Հնաբնակները զբաղված են տնտեսության, խոշոր բիզնեսի ոլորտներում։ Հայ գործարարներից ոմանք բավականին խոշոր հարկեր են վճարում։ Միայն վերջին տարիներին եկածներն են, որոնք կամ առեւտուր են անում շուկայում, կամ վարձվում են շինարարությունում աշխատելու։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել