Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նրանք արյուն չունեն, մնում է քրտինքը

Հունիս 29,2002 00:00

Նրանք արյուն չունեն, մնում է քրտինքը Նորացված կոմունիստական կուսակցությունն ընդամենը մեկ ամիս առաջ էր անցկացրել իր առաջին համագումարը՝ գիտակցաբար, եւ 36-րդը՝ ճակատագրով։ Կենտկոմի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանը (Երեւանի քաղկոմի նախկին առաջինը) խիստ ազդեցիկ ելույթ ունեցավ հոգու, մարմնի եւ գաղափարի թեմաներով։ Ընկեր Մանուկյանի ելույթի եռանդը լրիվ արդարացված էր, քանզի Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դահլիճը լիքն էր, հիմնականում ներկայանալի բազմություն էր հավաքվել, չկային անհույս զառամյալներ, երիտասարդ եւ միջին սերունդը գերակշռում էր։ Կենտկոմի քարտուղարը, ըստ էության, երկու գլխավոր հայտարարություն արեց։ Երեւան քաղաքի ակտիվի հավաքից մի քանի րոպե առաջ ավարտված Նորացված կոմկուսի պլենումը որոշում էր կայացրել առաջարկել Հայաստանում գործող սոցիալիստական եւ կոմունիստական բոլոր կուսակցություններին՝ վերջ տալ ցաքուցրիվ կյանքին, գալ եւ համախմբվել նորացվածի շուրջ։ Միացումի հրավեր ստացան ՀԿԿ-ն (որը, ըստ Յուրա Մանուկյանի, օրեցօր մարում է), առաջադիմական, մարքսիստական, աշխատավորական, բանվորական կոմունիստական կուսակցությունները. «Ի՞նչ վատ կլինի, եթե լինի մեկ կուսակցություն, եթե բոլորը մի տեղ են, ուրեմն մեկ նպատակի են ծառայում»,- հորդորում էր Յուրա Մանուկյանը։ Հաջորդ կարեւոր հայտարարությունը վերաբերում էր առաջիկա ընտրություններին։ Նորացված կոմկուսի ղեկավարությունը ամբողջ հոգով մարտական է տրամադրված եւ մտադիր է խորհրդարանական ընտրություններում «օպտըմ» վերցնել իշխանությունը խորհրդարանում՝ 50 հազար ձայն հավաքելու գնով։ Ընկերներ Մանուկյանի եւ Ոսկանյանի համար «խորհրդարանը շատ նեղ է, բայց լայն կարող է լինել, եթե լինենք 10-12 հոգի։ Նորացվածների թիվ մեկ սխրանքն է լինելու՝ կրկնել Մոլդովայի կոմունիստների սխրանքը, որպեսզի Հայաստանում եւս ժողովուրդը հասկանա, որ «առանց սոցիալիզմի փրկություն չի լինելու»։ Ընկերները, իրենց իսկ վկայությամբ, սեփական հոգու մեջ կրում են «ամենահումանիստական գաղափարները՝ մարքսիզմ-լենինիզմը, մնացածը չափվում է դոլարով»։ Ըստ Յու. Մանուկյանի՝ «անցել են փողոցային քաղաքականության ժամանակները, նույնիսկ դահլիճը շատ է, պետք է անցնենք մեկմեկու հոգու միջով»։ Այսպես, միմյանց հոգու միջով անցնելով, նորացվածները պիտի մտնեն տնետուն եւ փորձեն մարդկանց համոզել, որ իրենք են ճիշտը եւ ճիշտը իրենցն է։ Իսկ ճիշտը, ըստ պրն Մանուկյանի՝ այն է, որ «իշխանությունը ձեռք է բերվում արյան ու քրտինքի միջոցով։ Մենք ոչ մի կաթիլ արյուն չունենք, մնում է քրտինքը»։ Մեր կողմից հավելենք, որ նման քրտնքահոտ իշխանություն մենք վայելել ենք մի քանի տասնյակ տարի, եւ դժվար է հավատալ, թե մարդիկ պատրաստ են նույն ջուրը երկրորդ անգամ մտնել։ Երեւանի ակտիվի ժողովի ընթացքում բազմաթիվ քարեր նետվեցին ՀՀՇ-ի եւ անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմը. «Երեւանը դարձավ ամենաանբարոյական կուսակցություն ծնողը, իսկ այդպես էլ քաղաքական գործիչ չդարձած Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում է վերադառնալ։ Թող վերադառնա, որ տեսնի, թե ինչ է նշանակում՝ ժողովրդի բախտի հետ խաղալը»։ Մի շփոթվեք, ՀՆԿԿ-ն չի պատրաստվում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարել, նա նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին առայժմ հայտարարություն չարեց, կարծում ենք՝ դեռ կանի, բայց մի բան չափազանց պարզ էր՝ Նորացված կոմկուսը համեստության պակասից չի մեռնի, նա դեռ կշարունակի իր սկսածը։ Չկարծեք ծաղրում ենք, մեջբերված ամեն խոսք քննել ենք ամենայն լրջությամբ։ Ուրեմն սոցիալիզմի լոզունգով հարվածենք ՀՀՇ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մինչեւ նախագահական ընտրությունների ավարտ։ Իսկ թե դրանից հետո կոտրած տաշտակի առաջ հայտնված նորացված կոմունիստները ինչ կասեն եւ ում կհայհոյեն՝ փնտրեք մարքսիզմ-լենինիզմի խորխորատներում։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել