Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

Հունիս 29,2002 00:00

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» Երեկ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը, ինչպես եւ սպասվում էր, «Հանուն Հայաստանի Հանրապետության» մերժեց «Մելտեքս» ՍՊԸ դիմումն ընդդեմ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲ-ի եւ եռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի։ Եւ այս որոշումն ակնհայտորեն բացառապես նիստը նախագահող Արման Մկրտումյանի զոռբայության շնորհիվ էր։ Մինչ «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցի քննությունը սկսելը, «Առավոտը» ներկա գտնվեց նախագահող Արման Մկրտումյանի մի շարք քաղաքացիական եւ տնտեսական գործերի քննություններին։ Արդյունքում ականատես եղանք մի շարք ուշագրավ մանրամասների։ Օրինակ, նախագահող Արման Մկրտումյանն, ասենք, կարող է իրեն իրավունք վերապահել ե՛ւ գործով դատարանում ներկա իրավաբանների, ե՛ւ փաստաբանների իրավաբանական իմացությունն ակնհայտ հեգնանքի ենթարկելով՝ իրեն լավ զգալ։ Անկախ այն բանից՝ դրանք Օրենսգրքից մեջբերված հոդվածներ են, թե միջնորդություններ։ Նա դրանց արձագանքում էր բառացիորեն այսպես. «Դուք իրավաբան ե՞ք։ Որ իրավաբան եք, ինչո՞ւ չգիտեք» այսինչը, կամ այնինչը, ու այսպես շարունակ։ Կամ, ասենք, նա կարող է պատասխանող կողմ հանդիսացող քաղաքացուն տղայական մակարդակով հարցնել. «Դու հիմա ասա՛, քո երեխեքին տեր կանգնո՞ւմ ես, թե՞ չէ»։ Իսկ երբ պատասխանող կողմը պատասխանեց, որ պատրաստ է ալիմենտ վճարել, ինչը եւ պահանջում էր հայցվորը, նա նորից բղավում է նույն ոճով. «Չէ՛, բայց դու ասա՛՝ տեր կանգնում ե՞ս, տեր ե՞ս»։ Սա արդեն ոչ միայն պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ՝ խայտառակություն։ Այսինքն՝ Ա. Մկրտումյանը կարող է, ինչը եւ անում էր երեկ գրեթե բոլոր դատական նիստերի ընթացքում, իրեն իրավունք է վերապահում բարոյապես ոչնչացնել ցանկացածին, ով կհամարձակվի այդ պալատում Ա. Մկրտումյանի թրի տակով անցնել։ Նրա այդ թրի տակով փոքր-ինչ մեղմ անցավ նաեւ «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը։ «Մելտեքս» ՍՊԸ հայցը վերաբերում էր «Հայաստանի հեռուստատեսային ցանցին», որը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գրության համաձայն, անջատել էր «Մելտեքս» ՍՊԸ-ի հաղորդակը, ինչի իրավունքը, սակայն ո՛չ ՀՀՑ-ն ուներ եւ ո՛չ էլ Հանձնաժողովը։ Լեւոն Բաղդասարյանը դատարանի ուշադրությանը նախ ներկայացրեց Հանձնաժողովի ապրիլի 6-ի գրությունը, որով վերջինս պահանջում էր ՀՀՑ-ից՝ դադարեցնել, այն է՝ անջատել «Ա1+»-ի հեռուստատեսային հաղորդակը։ Ի դեպ, առաջին ատյանի դատարանն «Ա1+»-ի այս հայցը բավարարել էր՝ վճռում արձանագրելով, որ ՀՀՑ-ի, ինչպես նաեւ՝ հանձնաժողովի իրավասությունների մեջ չի մտնում հաղորդակ միացնել-անջատելու, ասել է թե՝ գործողություններ կատարելու հանգամանքը։ Եվ եթե մինչ «Ա1+»-ի նիստը նախագահող Ա. Մկրտումյանը բոլորին մեկ առ մեկ զգուշացնում էր, թե «Դատարանի կայացրած վճիռները սրբություն են, որոնք ուժի մեջ են մտնում որոշման պահից», «Ա1+»-ի դեպքում նա պարզապես մոռացավ «սրբությունների» մասին եւ դատարանի որոշումն ուղղակի հաշվի չառավ։ Նախ այդ գրությունը նա սկզբից եւեթ համարեց «գործին չառնչվող» փաստաթուղթ, այնուհետեւ սկսեց խոսել ՀՀՑ-ի եւ «Մելտեքս» ՍՊԸ-ի պայմանագրերի մասին եւ հատկապես՝ այն կետերի, որոնք ուղղակիորեն չէին առնչվում հարցին։ Լեւոն Բաղդասարյանի համառ պնդմանը, թե ՀՀՑ-ն իրավունք չուներ անջատելու՝ հոսանքազրկելու «Ա1+»-ի հաղորդակը, Ա. Մկրտումյանը պատասխանում էր բոլորովին դրան չառնչվող պայմանագրային դրույթներով։ Լեւոն Բաղդասարյանի դիտարկմանը, թե հաղորդակն անջատելով, ՀՀՑ-ն ոտնահարել է «Ա1+»-ի իրավունքները, Ա. Մկրտումյանն արձագանքեց. «Լիցենզիան վերջացել էր, եւ նրանք պետք է անջատեին հաղորդակը», իսկ թե որ օրենքի որ կետերով, նա այդպես էլ չասաց։ Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանից փորձեցինք պարզել որոշ մանրամասներ, որոնք այդպես էլ ողջ նիստի ընթացքում Ա. Մկրտումյանի «շնորհիվ» մեզ չհաջողվեց ստանալ։ Ըստ Տ. Տեր-Եսայանի, հաղորդակի հոսանքազրկման՝ դադարեցման, ֆունկցիա ՀՀՑ-ն չունի։ «Նրանք իրավունք չունեին ձեռք գցել եւ մի քանի րոպեում հաղորդակն անջատել։ ՀՀՑ-ն վարձատու է, որ 6 քառակուսի մետր է հատկացրել «Մելտեքս» ՍՊԸ-ին իր հաղորդակն այնտեղ տեղադրելու համար։ ՀՀՑ-ի եւ «Մելտեքս» ՍՊԸ-ի միջեւ կնքված համապատասխան պայմանագրում ՀՀՑ-ին հաղորդակ անջատելու իրավունք վերապահված չէ։ Պայմանագրի 7-րդ կետի 4-րդ ենթակետում նշված է, որ ՀՀՑ-ն կարող է պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնել, բայց ոչ՝ հաղորդակն անջատել։ Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ՀՀՑ-ն լավագույն դեպքում պետք է «Մելտեքս» ՍՊԸ-ին զգուշացներ, որ նա իր հաղորդակն այդ տարածքից վերցնի։ Բայց նա իրեն իրավունք է վերապահել գործողություն կատարել «Մելտեքս» ՍՊԸ-ի վարձակալած տարածքում, այսինքն՝ «Մելտեքս» ՍՊԸ-ին պատկանող սեփականությունում։ Օրինակ, «Ավետիս» հեռուստաընկերությունը, որը եւս այսօր լիցենզիա չունի, իր հաղորդակը տեղադրել է ոչ թե ՀՀՑ տարածքում, այլ իր հեռուստաաշտարակում։ Նրա հաղորդակը մինչ օրս ոչ ոք չի հոսանքազրկել, որի իրավունքը չունեն էլ, բայց «Ա1+»-ինն անջատել են։ Բացի այդ, Ազգային հանձնաժողովը ոչ թե ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարություն պետք է գրություն ուղարկեր, այլ «Մելտեքս» ՍՊԸ-ին, ասելով, որ նրանք պետք է դադարեցնեն իրենց հեռարձակումը։ Եվ եթե «Ա1+»-ը չդադարեցներ այն, նրանք դարձյալ իրավունք չպետք է ունենային անջատել հաղորդակը։ Դրա համար կա Վարչական օրենսգիրք, որը նման դեպքերի համար հատուկ վարչական տույժեր է սահմանում»,- եզրափակեց Տիգրան Տեր-Եսայանը։ Ինչեւէ, չնայած այս հիմնավորումներին, վճռաբեկ դատարանը մերժեց «Ա1+»-ի բողոքը, եւս մեկ անգամ ապացուցելով, թե որքան «պատասխանատու» են իրենք վերեւներից իջեցված յուրաքանչյուր պատվերի նկատմամբ։ Ի դեպ, Լեւոն Բաղդասարյանը՝ դատարանին ներկայացնելով հանձնաժողովի գրությունը, որով պահանջում էին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունից անջատել «Մելտեքս» ՍՊԸ-ի հաղորդակը, թերեւս, ավելի շատ ապացուցեց, թե որքան մեծ է եղել իշխանությունների՝ «Ա1+»-ին եթերից զրկելու ցանկությունը։ Հանձնաժողովն իր գրությունն ուղարկել է ապրիլի 6-ին, իսկ «Ա1+»-ի հաղորդակն անջատված է եղել դեռեւս ապրիլի 2-ին։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել