Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն թաղային հաղթանակ տարավ

Հուլիս 02,2002 00:00

ՀՀԿ-ն թաղային հաղթանակ տարավ Կիրակի օրն ընտրված երեք թաղապետն էլ Հանրապետական կուսակցությունից է Թեեւ Հայաստանում բնակչությունն ընդհանուր առմամբ թերահավատորեն է տրամադրված տարբեր մակարդակի ընտրությունների նկատմամբ, այնուամենայնիվ, հունիսի 30-ին Երեւանի երեք համայնքներում կայացած համայնքապետերի ընտրությունների ժամանակ ընտրողների մեծ մասն օգտվեց քվեարկելու իր իրավունքից։ Տարբեր թեկնածուների պաշտպանելուց զատ, ընտրողների մի ստվար զանգված մասնակցեց ընտրությունների՝ որպեսզի «իմ ձայնը չօգտագործեն»։ Իսկ ձայները, այնուամենայնիվ, «օգտագործվեցին»՝ ամենատարբեր մակարդակներով։ Գործին խառնված էին բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ թաղային հեղինակություններ։ Նախընտրական կրքերն առավել բորբոքված էին Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Դա պայմանավորված էր թեկնածուների կուսակցական պատկանելությամբ. հիմնական պայքարը հանրապետական Աղվան Գրիգորյանի եւ ՀՅԴ անդամ Սպարտակ Ասոյանի միջեւ էր՝ կուսակցական մակարդակով եւ «Տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ խախտումներով։ Դրանցից ամենաակնառուն ընտրություններից 24 ժամ առաջ գովազդը դադարեցնելու մասին օրենքի պահանջի անտեսումն էր։ Առայսօր համայնքը ողողված է Սպարտակ Ասոյանի եւ Աղվան Գրիգորյանի գովազդային պաստառներով, թերթիկներով ու թռուցիկներով։ Իսկ դրանցից, իր հերթին, համայնքի կենտրոնում առանձնանում են Ա. Գրիգորյանի 18 քմ մակերեսով երեք գովազդային վահանակները, այն էլ՝ պտտվող, այն էլ՝ ընտրատարածքից 100 մետր հեռավորության վրա, այն էլ՝ 10-15 մետր բարձրությամբ։ Ականատեսները պատմում են նաեւ, որ մեր անկուսակցական քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, նախորդ հինգշաբթի կայացած Ա. Գրիգորյանի գովազդի մաս կազմող համերգի ժամանակ, իր ներկայությամբ պատվել է թեկնածուի նախընտրական քարոզարշավը եւ իր հեղինակավոր ելույթում «կանխավ շնորհավորել է պարոն Գրիգորյանին», քանզի «համոզված է եղել, որ այդքան լավ աշխատող թաղապետը չի կարող չընտրվել»։ Եվ, ինչպես սպասվում էր, քաղաքապետի կանխատեսումներն արդարացան. Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, Մալաթիա-Սեբաստիա համայնքում 89.408 ընտրողից ընտրություններին մասնակցել է 21.780 ընտրող (24,4%), որից 17.260-ը քվեարկել է հանրապետական Ա. Գրիգորյանի օգտին, 3.442-ը՝ ՀՅԴ-ական Ս. Ասոյանի եւ միայն 457-ն է քվեարկել ԱԺԴ-ական Մ. Մնեյանի օգտին։ Նորք-Մարաշ համայնքում 8.245 ընտրողից մասնակցել է 3.525-ը (43%), որից 2.623-ը՝ գործող թաղապետ, դարձյալ հանրապետական Վարազդատ Մկրտչյանի օգտին։ ՀԺԿ-ն, ի դեմս Գագիկ Հովհաննիսյանի, 771 ձայն է հավաքել։ Իսկ Դավիթաշեն համայնքը հարյուր տոկոսանոց արդյունք է ապահովել. 25.621 ընտրողից 11.056 մարդ (43%) մասնակցել է ընտրության եւ 10.872 մարդ քվեարկել է գործող թաղապետ, հանրապետական Սուրիկ Ղուկասյանի օգտին։ Ի դեպ, ընտրությունների արդյունքները ոչ ոք այդպես էլ չբողոքարկեց, ոչ էլ ընտրությունների ընթացքին վերաբերող գրավոր բողոքներ եղան։ Ուստի, վերոբերյալ արդյունքները մեխանիկորեն գրանցվում են իբրեւ վերջնական։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել