Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայրենիքին վտանգ է սպառնում

Հուլիս 02,2002 00:00

Հայրենիքին վտանգ է սպառնում Ձգտելով ամեն գնով երկարաձգել իր անօրինական իշխանությունը, Քոչարյանի վարչախումբը փոշիացնում է երկրի միջազգային հեղինակության ու աջակցության բոլոր ռեսուրսները եւ մեր պետականության շահերի տեսանկյունից խիստ վտանգավոր քաղաքականություն վարում ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մղվել բանակցություններից, հակամարտության սուբյեկտից վերածվել է հակամարտության օբյեկտի, ինքնորոշման իրավունքը նենգափոխվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի: Ավելին, բանակցություններում ԼՂՀ մասնակցությունը վերականգնելու միջազգային հանրության եւ միջնորդների վերջերս ակտիվացած ջանքերին Քոչարյանն ու իր վարչախումբը հակադարձում են անհապաղ «Փարիզյան սկզբունքներին» վերադառնալու պահանջով: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի հունիսի 18-ի հաղորդագրությունը վերջնականապես ապացուցեց, որ Քոչարյանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն տարբերակ գնահատվող «Փարիզյան սկզբունքները» նախատեսում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր հարավային (Մեղրիին կից) տարածքներից: Արդեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ՝ մեր ողջ հանրությունն է համոզվել, որ Քոչարյանը բանակցություններում սակարկության է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հաշվի առնելով, որ Քոչարյանին օրինական ճանապարհով պաշտոնանկումը մի քանի ամսով հետաձգվում է, իսկ բանակցային գործընթացն ակտիվորեն շարունակվում է, եւ նրա հետագա զարգացումը Հայաստանի Հանրապետության համար հղի է ծանր, անշրջելի հետեւանքներով ու կորուստներով, հանուն ներկա ու ապագա սերունդների, հանուն հայկական պետականության ու նրա քաղաքացիների՝ անհրաժեշտ է համատեղ ջանքերով կանխել մեր Հայրենիքին սպառնացող վտանգը: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին՝ հանդես գալ ՄԱԿ, ԵԱՀԿ, Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարներին ու համանախագահներին ուղղված ուղերձով եւ հավաստել նրանց, որ Քոչարյանի հետ ձեռք բերված բոլոր հնարավոր համաձայնությունները եւ պայմանավորվածությունները համաձայնություններ են ընդամենն անձի հետ, որը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, նրա քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին: Ժամանակի հրամայականն է՝ վեր կանգնել կուսակցական, գաղափարական ու անձնական շահերից եւ հակասություններից: ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ղարաբաղյան բանակցություններում միջնորդները, միջազգային կազմակերպությունները, տարբեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հաստատում են, որ «Փարիզյան սկզբունքները» ենթադրում են Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքով, ինքնիշխան միջանցքի տրամադրում: Մեր իշխանավորները եւ նրանց համակիրներն ասում են, որ դա սուտ է՝ կարգին չհերքելով վերոհիշյալ պնդումները: Օրինակ, նախագահ Քոչարյանն ընդունում է, որ հիշյալ «սկզբունքներով» Ադրբեջանը պետք է access ունենա Մեղրրի միջանցքին: Խնդիրը, հետեւաբար, գոյություն ունի: Եվ դա պետք է մտահոգի Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել