Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԽԵՂՎՈՒՄ Է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ՍՊԱՌՈՂ ԿԱՊԸ

Հուլիս 02,2002 00:00

ԵՐԲ ԽԵՂՎՈՒՄ Է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ՍՊԱՌՈՂ ԿԱՊԸ Հայաստանի տնտեսության հիմնարար ճյուղերը շարունակում են մնալ առեւտուրն ու սպասարկումը, ոլորտներ, որոնք, թվում է, թե պետք է ապահովված լինեն սպառողական կայուն շուկայով:8221 Գոնե այստեղ պետք է որ նորմալ գործեն տնտեսություն-սպառող, պահանջարկ-առաջարկ կապերը։ Սակայն զավեշտալի երեւույթները ցայտունորեն դրսեւորվում են նաեւ այդ ճյուղերում։ Նոր թափ առած սրճարանների եւ բենզալցման կայանների շինարարությունը օտարների մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ Հայաստանի մայրաքաղաքում դրանց ծառայություններից օգտվելու մեծ պահանջարկ կա։ Եթե փող ունեցողները դրանք կառուցում են, ուրեմն հավատացած են, որ ունենալու են անհրաժեշտ ծավալով սպառողներ եւ ապահովելու են կայուն եկամուտներ։ Մայրաքաղաքում սրճարանների մեծ մասի գործունեության ոչ շահութաբեր լինելը նշվում է դրանց տերերի կողմից, սակայն դա չի խանգարում, որ կառուցվեն նորերը։ Նկատենք նաեւ, որ սրճարանների թվաքանակի շեշտակի աճը մեզանում ոչ մի կերպ չի ազդում դրանցում մատուցվող սննդատեսակների գների նվազման վրա։ Մինչեւ 1999թ. կառավարության հայտնի որոշումը, մեր երկիր ամսական ներմուծվում էր 20-22 հազար տոննա բենզին։ Երբ ներմուծվող բենզինի մեկ տոննայից գանձվող հաստատագրված հարկը 160 դոլարից հասցվեց 223 դոլարի, նախ բենզինի գները թռիչքաձեւ բարձրացան, իսկ ներկրման ամսական ծավալները նվազեցին մինչեւ 12-14 հազար տոննայի։ Երկրում առկա ավտոմեքենաների մոտ կեսի շարժիչները փոխադրվել են գազով աշխատող ռեժիմի (մայրաքաղաքի երթուղային տաքսիների 95%-ն է ներկայումս աշխատում գազով)։ Թվում էր, թե բենզինի սպառման կտրուկ անկումը եւ սակագների աճը զգալի հարված էին հասցնելու բենզալցակայանների գործունեությանը։ Սակայն այստեղ եւս տնտեսություն-սպառող գործող օրինաչափությանը հակադիր, մեր երկրում, առանձնապես մայրաքաղաքում, շարունակվեց բենզալցման կայանների կառուցման մրցավազքը։ Վերջին ամիսներին բենզինի քսան լիտրի գինը բարձրացել է շուրջ հազար դրամով, իսկ բենզալցման կայանների կառուցման տենդը շարունակվում է նույն թափով։ Ստացվում է, որ Հայաստանում գործում են այլ՝ արտատնտեսական «օրենքներ»։ Բերենք ներկա իրողություններից եւս մեկ երեւույթի օրինակ։ Մայրաքաղաքում սնկի պես աճում են նաեւ տաքսի ծառայությունները։ Ցերեկը դրանցից շատ հազվադեպ են մարդիկ օգտվում։ Ունեւորներն ու պաշտոնյաներն էլ ապահովված են անձնական ավտոմեքենաներով։ Ուրեմն ովքե՞ր են գործող եւ աճող տաքսի ծառայությունների սպառողները։ Դրանցից մի քանիսից ստացված տեղեկատվության համաձայն, իրենց սպառման շուկայի հիմնական զանգվածը մարմնավաճառուհիներն են, իսկ աշխատանքի եռուն շրջանը՝ երեկոյան եւ գիշերային ժամերը։ Հավատանք նրանց տեղեկատվությանը, ընդունենք, որ գոնե այս ծառայությունը լիովին գործում է օրենսդրական դաշտում։ Ստացվում է, որ մերօրյա ժամանակներում մարմնավաճառուհիներն են այն միակ սպառողները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել մեր երկրում ապահովել գեթ մեկ ոլորտում տնտեսություն-սպառող, պահանջարկ-առաջարկ օրինաչափությունները։ ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել