Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնես, ինքնասպան կլինի՞

Հուլիս 03,2002 00:00

Տեսնես, ինքնասպան կլինի՞ «Վայ նրան, ով կհամարձակվի համառություն դրսեւորել ընդդեմ ժողովրդավարության»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Քանզի սպառնալիքն առնչվում էր այսօր խորհրդարանում քննարկվող Ընտրական օրենսգրքի՝ հօգուտ մեծամասնական ընտրակարգի փոփոխությանը եւ այն, անկախ քվեարկության արդյունքներից, օրենքի ուժ կստանա միայն ՀՀ նախագահի վավերացնելուց հետո, «Առավոտի» հարցադրման, թե այդ «վայը» նախագահին է՞լ է սպառնում, հարվածը նախագահակից Պարույր Հայրիկյանն իր վրա վերցրեց. «Դա նախ եւ առաջ ինձ է վերաբերում, ապա՝ նրան, ով կոտնահարի ժողովրդավարությունը»։ Ռ.Քոչարյանին առընթեր նախկին իրավապաշտպանի կարծիքով, եթե նախագահը չօգտվի վետոյի իր իրավունքից, «պետք է ինքնասպան լինի»։ Քանզի քաղաքական խորհրդարանի պահպանումը նախագահի նախընտրական խոստումներից էր։ Այսօր առաջարկվում է 75 համամասնական, 56 մեծամասնական ընտրակարգ, գործող 94/37-ի փոխարեն։ Իսկ Հայրիկյանն ասուլիսը հրավիրել էր Արթուր Բաղդասարյանի առաջարկով եւ հարցը ներկայացնում էր մարդու իրավունքների տեսանկյունից։ Քաղաքական հայտարարությունները կհնչեն այսօր՝ խորհրդարանում։ «Անկախ նրանից, թե հասարակությունը եւ կուսակցությունները ինչպես կտրամադրվեն, վաղը քվեարկությամբ է հարցը լուծվելու»,- ժամանակին ասել էր մի պետական պաշտոնյա եւ կրակը գցել մեր քաղաքական ուժերին։ Նրանք էլ կրակապուրծ՝ այրվածքներով եւ զոհերով, այնուամենայնիվ համախմբվել եւ «սկզբունքային համաձայնության» են եկել հայտարարության տեքստի շուրջ, որի նախագծում, մասնավորապես, ասվում է. «ԱԺ մի խումբ պատգամավորներ, առաջնորդվելով զուտ անձնական ու խմբակային շահերով, ցանկություն ունեն ավելացնել մեծամասնական համակարգի քվոտաները։ Դա մենք գնահատում ենք որպես ձեռք բերված քաղաքական համաձայնության խախտում եւ ապագա օրենսդիր մարմնի ապաքաղաքականացման փորձ։ Մենք հանդես ենք գալու թաղային հեղինակություններով ԱԺ ձեւավորելու փորձերին դեմ»։ Ապա, դա որակել են՝ իբրեւ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության դեմ դավադրություն»։ Հայտարարությանը սկզբունքորեն կողմ են բոլոր քաղաքական ուժերը՝ «Օրինաց երկիր», ՀՅԴ, ԻՄ, ԱԺՄ, ԱԺԿ, ՀԿԿ, ԼԴԿ, «Ազատություն», «Ազգային միաբանություն», ԱԱԿ եւ այլն։ Միայն «Հանրապետականն» է «երկմտում» եւ խոսում է «փոխզիջումներ ձեռք բերելու մասին», իբրեւ «իր վրա ճնշումներ են գործադրվում»։ Իսկ մեծամասնականը շատացնելու նախաձեռնությունը, ըստ Հայրիկյանի, որն էլ խոսեց ըստ մեծ կուսակցություններից մեկի ղեկավարի, «արվում է նախագահի հովանավորությամբ եւ աջակցությամբ»։ Այս ամենի մեջ «խորանալուց» հետո Հայրիկյանը բացահայտել է, որ ամեն նախագահի էլ ձեռնտու է թույլ պառլամենտ ունենալ։ Եվ Քոչարյանի անձից վեր կանգնելով, իրավապաշտպանը գոչեց. «Պատերազմ է հայտարարված ժողովրդավարությանը, այսինքն՝ ժողովրդին»։ ՀՀՇ-ն ժամանակին չէր լսել մեծն մարդուն, բայց այսօր, «հսկայական իշխանություն կորցնելուց հետո», եւս սկզբունքորեն համաձայնության է եկել այս հարցի շուրջ։ «Այսօր հիմնական փաստարկը Վենետիկի հանձնաժողովն է,- վրդովեց ամենայն իրավապաշտպանը։- Մեկին բերում, պատիվ են տալիս, ասում՝ մի քանի տող գրի, եւ դա հնչում է իբրեւ Վենետիկի հանձնաժողովի տեսակետ»։ Մինչդեռ Հայրիկյանը՝ առանց դրա, «քաղաքակրթության ողջ փորձառությունները չորս էջի վրա տվել» է. Հայրիկյանը հաշվարկել է մարդկանց իրավահավասարությունը՝ թվաբանորեն, որն անփոփոխ եւ անսասան է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել