Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱ՛ՐՉԻ ԱԽՊԵՐ, ՄԻ ՁԱՅՆԵՐԴ ԷՍ ԿՈ՛ՂՄԸ ԲԵՐ

Հուլիս 04,2002 00:00

ՉԱ՛ՐՉԻ ԱԽՊԵՐ, ՄԻ ՁԱՅՆԵՐԴ ԷՍ ԿՈ՛ՂՄԸ ԲԵՐ Հանրապետական կուսակցությունը փոխանակեց «մեծամասնական» Ընտրական օրենսգիրքը «ականջ քաշելու» կանոնակարգի հետ։ Երեկ, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ ընթացող քննարկումների եւ ավելի ուշ՝ քվեարկության ընթացքում, ՀՀԿ-ն «վաճառեց» իր ձայները՝ հօգուտ մեծամասնական ընտրակարգի՝ փոխարենը ստանալով մի քանի «կողմ» ձայներ ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու քվեարկության ժամանակ։ Այսպիսով, իշխող կուսակցությունը հերթական անգամ վարկաբեկեց եւ վնասեց, առաջին հերթին, ինքն իրեն։ Նախ՝ խախտեց քաղաքական պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել մի շարք քաղաքական ուժերի հետ՝ համամասնական 94 եւ մեծամասնական 37 հարաբերակցության շուրջ։ Կորցրեց որպես կուսակցություն ընտրություններում առանձին հանդես գալու դեպքում հնարավոր ձայների քանակը։ Իսկ ի՞նչը դրդեց ՀՀԿ-ին՝ գնալ այս ուղղությամբ։ Կարող են լինել մի շարք երեւացող եւ չերեւացող պատճառներ։ Նախ՝ նախագահին հերթական սիրո խոստովանությունն արվեց, մոտավորապես՝ այս ենթատեքստում. «Քաշիր ականջները, քե մատաղ»։ Երկրորդ՝ պահպանեց վարչապետի աթոռը եւ գործադիրում ունեցած լծակները։ Երրորդ՝ իր կարծիքով, «ֆուկ» արեց երկու ուրիշ կուսակցությունների՝ «Օրինաց երկիր»-ին եւ ՀՅԴ-ին, որոնք, ի դեպ, մինչեւ վերջ եւ բավական համառորեն փորձում էին համամասնական ընտրակարգով առավելագույն տեղերի հնարավորությունը փրկել։ Ակնհայտ էր, որ այս երկու կուսակցությունների համար իրենց կուսակցական սերն առավել էր, քան՝ սերն առ նախագահ։ Սա պետք է որ երկրի նախագահին ընտրություններից առաջ լուրջ մտորումների առիթ տա։ ՀՌԱԿ-ով եւ Հայրիկյանով առաջ գնալը պարզապես ծիծաղելի է լինելու։ Կամ գուցե մենք սխալվում ենք եւ ՀՅԴ-ն ու «ՕԵ»-ն «պետական բուրդը սեփական բրդի հետ» չեն խառնի։ Կսպասենք։ Ընտրական օրենսգրքի 55 հոդվածն ընդունվեց 71 կողմով։ «ՕԵ»-ն, ՀԺԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԿԿ-ն, «ԱՄ»-ն եւ ՍԻՄ-ը բոյկոտեցին քվեարկությունը, փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը «դեմ» քվեարկեց, թեպետ նրա կուսակից ընկերներից մի քանիսը «կողմ» էին։ Պաշտոնի ձգտող ԺԴԿ-ականները հիմա էլ իրենց նոր ղեկավարին դավաճանեցին։ Էդմուն Ծատուրյանը եւ Գուրգեն Եղիազարյանը թեպետ ներկա չէին քվեարկություններին, նրանց փոխարեն սեղմվել էր «կողմ» կոճակը։ Քվեարկությունից հետո մի քանի «թաղի տղերք» եւ «պուզատիներ» փորձեցին ծափահարել։ «Քվեարկությունները ընտրություններում վերածվեց զավեշտի եւ կոմեդիայի։ Այսպես են քվեարկում, այդպես էլ քվեարկելու են հետո ընտրություններում։ Ու դուք կստանաք ավելի վատ խորհրդարան, քան էս ա, ձեր մեղքն է»,- ԱԺ նախագահին դիմելով ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը։ ՀԿԿ խմբակցության անունից հանդես գալով՝ Գագիկ Թադեւոսյանը հայտարարեց, որ խորհրդարանն ամեն անգամ ընտրություններից առաջ անդրադառնում է Ընտրական օրենսգրքին եւ ամեն անգամ այդ Ընտրական օրենսգիրքը ձեւվում է քաղաքական այն կուսակցությանը հարմար, որն, իր կարծիքով՝ ունի մեծամասնություն, իշխանական լծակներ։ «ՕԵ» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն ասաց. «Մոտ 2 տարի առաջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը Հանրապետական կուսակցությունն այսօր խախտում է, որը մեզ համար մտահոգիչ է»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հավելեց. «Քաղաքական համաձայնությունը շատ ավելի բարձր արժեք է, շատ ավելի հեռանկարային արժեք է՝ քան իրավիճակային, նախընտրական շրջանում ինչ-որ նպատակներից ելնելով, դրանց խախտումը»։ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը, ի տարբերություն կուսակցությունների դիրքորոշման, հայտարարեց, որ իր խումբը «կողմ» է մեծամասնական ընտրակարգի մեծացման. «քանի դեռ Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չի, քանի դեռ սահմանադրական փոփոխություններ չեն կատարվել, Ընտրական օրենսգիրքը պետք է իր ավանդույթով ձեւավորվի։ … Մենք գտնում ենք, որ մեծամասնական տեղերը պետք է գերակշռեն, որպեսզի ապահովվի ռեգիոնալ ներկայացուցչությունը, որպեսզի մենք կարողանանք ժողովրդի տեսակետները, ցավերն ու հոգսերը բերել խորհրդարան։ Կուսակցությունները շատ կարճ ժամանակամիջոցում ապացուցեցին. ո՞վ է տեսել ըտենց բան՝ լինել Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺՄ խմբակցության նախագահ (այս խոսքերի ընթացքում Սեմյոն Բաղդասարյանը տեղում անհանգիստ շարժվեց, Ֆիլարետ Բերիկյանը ծռմռվեց, Սադոյան Արշակը քմծիծաղում էր, Սեյրան Ավագյանը գլուխը թաքցրեց, Վազգեն Մանուկյանը բացակա էր.- Մ. Ե.)։ Սա՞ չէ կուսակցությունների բանը…»։ Պրն Մալխասյանը միակն էր, որ հիշեց խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերին եւ ասաց, որ պետք է նրանց եւս հնարավորություն տրվի ընտրական հանձնաժողովներ կազմել։ Առաջին շարքերից մեկը հեգնեց. «ՀՀՇ»-ին։ «Այո, ինչո՞ւ չէ, ՀՀՇ-ին»,- հակադարձեց Մյասնիկ Մալխասյանը։ Վերջինս այն համոզմունքն հայտնեց, որ մեծամասնականով ընտրվածները «ավելի շատ են մտահոգված երկրի ճակատագրով, եւ համամասնականով ընտրվածներին իշխանություններն ավելի հեշտ են պարտադրում որոշումները կատարել»։ Այսպիսով, Ընտրական օրենսգրքի որոշ կետեր ընդունվեցին առաջին ընթերցմամբ։ ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը հայտնեց, որ «խախտվել են ԱԺ պատգամավորների իրավունքները եւ առաջարկներ ներկայացնելու հնարավորությունը չի պահպանվել։ Կանոնակարգի 40 հոդվածի համաձայն, ԱԺ-ում արտահերթ նստաշրջանին ներկայացված մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը մինչեւ քննարկումը եղած որոշման հիման վրա են կատարվում։ Հակառակ դեպքում՝ 66 հոդվածի 2-րդ կետով ԱԺ պատգամավորն իրավունք ունի յուրաքանչյուր օրինագծի վերաբերյալ ներկայացնել իր առաջարկները 14 օրվա ընթացքում, որը կոպտորեն խախտվեց այսօր, որովհետեւ ԱԺ-ն ընդունեց ընդամենը հատուկ կարգի 3 որոշումներ, որոնց մեջ «Ընտրական օրենսգիրքը» չկար։ ԱԺ նախագահը խախտեց պատգամավորների իրավունքները, չնայած 2 անգամ ես զգուշացրի այդ մասին։ Հուսով եմ, խելամտությունը կհաղթի եւ այդպիսի օրենքներ, որոնք չեն համապատասխանում Սահմանադրությանը եւ Կանոնակարգին, չեն ընդունվի, չեն վավերացվի եւ ուժի մեջ չեն մտնի՝ մինչեւ օրինական քննարկումների փուլը չանցնեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Մի քանի խորհրդարանական կուրյոզներ. պարզվեց՝ Արմեն Խաչատրյանի համբերատարությունը գրանցված է Գինեսի գրքում, սակայն Արշակ Սադոյանին հաջողվեց մի թեթեւ սասանել Գինեսի գիրքը։ Ի նշան Նորիկ Պետրոսյանի բողոքի՝ «եթե խնդրում ենք քվեարկության ցուցատախտակը պահպանել, նշանակում է՝ պատգամավորները պետք է տեղում նստած մնան, չշարժվեն», Արմեն Խաչատրյանն ասաց. «Չեմ կարող քարացնել բոլորիդ, հարգելիս, պատգամավորը քայլող է…»։ Մինչ Արմեն Խաչատրյանն այս խորախորհուրդ հայտնագործությունն էր անում պատգամավորի քայլող լինելու վերաբերյալ, կոմունիստ ընկեր Պետրոսյանը շարունակում էր. «Եթե նրանք տեղից փախչում են դուրս, չի՞ նշանակում, որ խախտում են թույլ տվել, մարդը չի ուզում իր կերպարը ցույց տալ, որովհետեւ կեղծիք է կատարել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031