Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրած բիզը հասնելու է մեծամասնությանը»

Հուլիս 04,2002 00:00

«Սրած բիզը հասնելու է մեծամասնությանը» Կարծում է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը Կանոնակարգում փոփոխություններ կատարելու օրինագծի խայտառակ ընդունման կապակցությամբ նա մեզ ասաց. «Պայմանավորվել էինք, որ 2 անգամ ես, երեք անգամ Արշակ Սադոյանը պետք է քվեարկությունը խանգարենք։ Բայց Արշակ Սադոյանը քվեարկությունից ուշացավ»։ Պրն Գասպարյանը՝ դիմելով իր մի շարք գործընկերների, ասաց, որ պետք չէ սուտ ընդդիմություն խաղալ. «Ընդդիմությունը լինում է ընդդեմ իշխանության, եթե դու դեմ չես իշխանությանը, էլ ի՞նչ ընդդիմություն։ Իսկ իշխանությանն ընդդեմ լինելը ինքնանպատակ չէ»։ Երբ օրինագիծը 71 կողմով անցավ, Մանուկ Գասպարյանը մտածել է. «Գնամ տուն, բայց ծխելուց հետո հասկացա, որ գնալն էլ էն չի, մնալն էլ էն չի։ Չգամ, լավ, ԱԺ, մանդատս էլ դնեմ, ի՞նչ է փոխվելու։ Ես ակնկալիք չունեմ այս խորհրդարանից։ Այն մի ձայնը, որ կարողանում էինք ժողովրդին հասցնել, վերջերս դա էլ չենք կարողանում անել։ «Ա1+»-ը չկա, մրցակցություն չկա, մյուս հեռուստաընկերությունները շատ էպիզոդներ չեն ցուցադրում։ Էն ժամանակ ցույց էին տալիս, որովհետեւ գիտեին՝ մեկ է, «Ա1+»-ը տալու է, իրենք էլ տան՝ ջրի երեսին մնալու համար։ Այսօր դա էլ չկա։ Թերթերն էլ, գիտեք՝ ինչպես են։ Բառեր կան, որ ոչ մեկը չի գրում։ Այսօր ես ուղղակի ասում եմ՝ «սրած բիզը մեծամասնությանն է հասնելու, ներքեւի ինչ-որ տեղից մտնելու է, բերաններից դուրս գա։ Իրանց դեմ է սա, մեր դեմ չի»։ Պրն Գասպարյանն ասաց, որ սեպտեմբերին ինքն առանց իմփիչմենթը շեշտելու անցնելու է «խանգարելու գործողության»։ Պատգամավորն այն կարծիքին է, որ ազգի այսօրվա վիճակի հիմնական մեղավորը խորհրդարանն է. «Նախագահը էդքան մեղավոր չի, ինչքան այս խորհրդարանը։ Եթե նախագահն իր սեւ գործն այս խորհրդարանի միջոցով կարողանում է անցկացնել, ուրեմն՝ խորհրդարանն է մեղավոր։ Իսկ եթե այս ԱԺ-ն մեկ անգամ ոտքերը դոփեր եւ նախագահին ասեր՝ ո՛չ, նա արդեն կմտածեր։ Եվ այս ծառայողական ենթարկվելը նախագահին չի նշանակում, որ նրանք հնազանդ են։ Ո՛չ, նրանք կորցնելու բաներ ունեն։ Մի պատգամավոր կար, խոսեց կառավարության դեմ, ինը ազգական ուներ տարբեր պաշտոններում աշխատող, բոլորին աշխատանքից հեռացրին։ Եվ մնացածին դա դաս եղավ»։ Մանուկ Գասպարյանը՝ խորհրդարանական հոգսերից անցում կատարելով Երեւանի քանդված փողոցներին ու Լինսի հիմնադրամին, վստահություն հայտնեց, որ Երեւանի փողոցների վերանորոգման համար Լինսի հիմնադրամի տրված «7 միլիոնից 5 միլիոնը ուտելու են։ Ուտելու են, սալիկները հանում են, որ նորը դնեն, որովհետեւ մի «ցեխ»-ի պատվեր են տվել, որ եկամուտ ստանա։ Զինվորականներին մեդալներ են բաժանում։ Այս բոլորը նախընտրական արշավ է, ո՞վ չի տեսնում»։ Մանուկ Գասպարյանն անձամբ որպես թեկնածու չի առաջադրվելու. «Ես այդքան հիմար չեմ, որ նախագահական ընտրություններում թեկնածություն դնեմ, երկրորդ՝ այդքան ֆինանսական միջոցներ չունեմ։ Ամենամանրակրկիտ հաշվարկով նախագահի թեկնածուն այս տարվա ընտրություններում ամենազրոյական վիճակում պետք է 800 հազար դոլար փող դնի, որ քարոզչություն ծավալի։ Անցած ընտրությունները Ռ. Քոչարյանի վրա, իմ հաշվարկով՝ նստել է 5 միլիոն, դեռ Վազգեն Սարգսյանի նման մարդ էր օգնում նրան։ Այս ընտրությունները Ռ. Քոչարյանի վրա նստելու է 35-40 միլիոն դոլար։ Ընտրվել-չընտրվելը չգիտեմ, բայց ֆոնդ են ստեղծել եւ գումարներ են հավաքում։ Ես չեմ կարողացել գտնել այդ ֆոնդը, բայց կա։ Եվ ամենակարեւորը՝ իմ անձնական կարծիքն է, որ այդ երեք նախարարությունների շենքերն անձամբ Ռ. Քոչարյանն է գնել»։ Ըստ Մանուկ Գասպարյանի, Ռ. Քոչարյանն արդեն համոզված է, որ չի ընտրվելու եւ իր հարցերն այդպես է ուզում լուծել. «Եթե մի շենքն օգտագործի դղյակ, մյուս երկուսը տա արենդայով, ինքն ամսեկան 50-100 հազարի եկամուտ կունենա»։ Զրույցը վարեց Մ. ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել