Լրահոս
Օրվա լրահոսը

«Փչացնելու տակտիկան նրա նախասիրությունն է»

Հուլիս 05,2002 00:00

«Փչացնելու տակտիկան նրա նախասիրությունն է» «Առավոտն» իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է վճռաբեկ դատարանի տնտեսական եւ քաղաքացիական գործերով դատավոր Արման Մկրտումյանի, այսպես ասած, որդեգրած ռազմավարությանը։ Այն է՝ բարոյապես ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն դատարանում գործ ունենալ իր հետ։ Նա իր այդ գործելաոճը կիրառում է բացառապես բոլորի նկատմամբ, անկախ նրանից՝ դիմացինը փաստաբան է, իրավաբան, թե սովորական շարքային քաղաքացի։ Դատարանում «Ա1+» հեռուստաընկերության փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նույնպես «արժանացավ» Արման Մկրտումյանի գրոհներին։ Փաստաբան Լեւոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դատավորներին օրենքով վերապահվա՞ծ է հրապարակային վիրավորել դատարանում գործ ներկայացնող իրավաբաններին, քաղաքացիներին։ Ըստ փաստաբանի, Արման Մկրտումյանի որդեգրած դիմացինին փչացնելու տակտիկան զուտ նրա նախասիրությունն է։ «Վերջին հաշվով դատարանում թե՛ դատավորների եւ թե՛ փաստաբանների մոտ պետք է գործի էթիկայի կոդեքսը։ Եվ քանի որ Արման Մկրտումյանն էր նախագահում նիստը, եւ, այսպես ասած, նա էր տերն այնտեղ, ինքն էր որոշել իր խաղի կանոնները։ Նմանօրինակ խաղի կանոնները ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում գրված չէ։ Նա էր որոշել խաղի այդ կանոնները եւ դրանցով էլ շարժվում է բոլոր այն դատավարություններում, որոնք ինքն է նախագահում»։ Լեւոն Բաղդասարյանը սակայն վստահ է, որ դատավորների այդ ռազմավարությունը «կբուժվի» ժամանակի ընթացքում։ «Կարծում եմ, նման դեպքերում պետք է հարգել նաեւ դիմացինի մասնագիտական ունակությունները, անկախ այն բանից՝ դու գտնում ես, որ դիմացինդ ունի՞ մասնագիտական ունակություններ, թե՞ ոչ։ Վերջին հաշվով, յուրաքանչյուրն ունի մասնագիտական որոշակի բազա եւ, իմ կարծիքով, էթիկան պահանջում է՝ գնահատել նաեւ դիմացինի մասնագիտական ունակությունները»,- նշեց Լեւոն Բաղդասարյանը։ Վերջինս անդրադարձավ նաեւ դատաքննության ընթացքում դատավոր Արման Մկրտումյանի այն դիտարկմանը, թե՝ «ով ցանկանում է իրավաբանական իր գիտելիքները կամ ունակությունները ցույց տալ, թող վեր կենա եւ խոսի»։ Լեւոն Բաղդասարյանն Արման Մկրտումյանի վերոհիշյալ «առաջարկության» վերաբերյալ ասաց. «Կարծում եմ, դատարանն այն տեղը չէ, որտեղ փաստաբանը կամ իրավաբանը պետք է դուրս գա եւ իրավաբանական, ինչպես նա նշեց, գիտելիքները կամ ունակությունները ցուցադրի։ Իրոք, դատարանը նրա վկայակոչած ցուցադրությունների տեղը չէ ո՛չ հոգեբանական առումով եւ ոչ էլ, վերջին հաշվով, հավասարության սկզբունքով։ Իրավաբանական գիտելիքները ներկայացնելու համար փաստաբաններն այլ տեղեր ունեն եւ ցանկացած պահի ու ցանկացած ժամի կարելի է, այսպես ասած, մեջլիս մտնել ցանկացածի հետ»։ Լեւոն Բաղդասարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե «Ա1+» հեռուստաընկերության դատական գործն ինչպիսի՞ հետեւանքներ ունեցավ իր հետագա հեղինակության վրա։ Փաստաբանի գնահատմամբ, այն բավականին բացասական է անդրադարձել իր վրա, սակայն որպես փաստաբան, իր հեղինակության վրա այն հետագայում ոչ լավ եւ ոչ էլ վատ հետք կթողնի։ «Որպես իրավաբան, մասնագետ, ինչպես կայի, ինչպես գնահատվում էի, այդպես էլ մնացի։ Խնդիր, կարծում եմ, չկա»։ Իսկ արդյոք նա այսօր էլ պնդո՞ւմ է, որ Հայաստանի դատական ատյաններում հնարավոր է վերականգնել արդարություն։ Լ. Բաղդասարյանի կարծիքով, լիարժեք արդարադատության հասնելու համար պետք է յուրաքանչյուրն իր լուման ներդնի։ «Միանշանակ ասել, թե ՀՀ-ում արդարադատություն չկա՝ ես դեմ եմ։ Ավելին, եթե այդպես լինի, ապա ես՝ որպես իրավաբան, այլեւս անելիք չպետք է ունենամ այդ հարթության վրա։ Սակայն, ինչ խոսք, Հայաստանում արդարադատությունը շատ է կաղում։ Իսկ ինչ վերաբերում է «Մելտեքս» ՍՊԸ-ի դատական գործին, ապա դատարանն իր առջեւ խնդիր էր դրել արդարադատություն իրականացնել եւ իրականացրեց։ Թե ինչպե՞ս, ապա, իմ սուբյեկտիվ կարծիքով, դատարանն արդար դատաքննություն չի կատարել սույն գործով։ Բայց նույն հաջողությամբ, հակառակ կողմը՝ դատարանը, գտնում է, որ արդար դատաքննություն է կատարել եւ «Հանուն Հայաստանի Հանրապետության» վճիռ է հրապարակել»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել