Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազային-էստրադային ամբիոնը՝ առանց պետպատվերի

Հուլիս 05,2002 00:00

Ջազային-էստրադային ամբիոնը՝ առանց պետպատվերի Թերեւս հարկ չկա մանրամասն խոսելու, թե ինչ է երգը մեր կյանքում։ Այսօր երգը մեզ է բերում 20-րդ եւ 21-րդ դարի տեխնիկան՝ իր ձայնագրիչ ու ձայնարկիչ սարքերով, էկրանից ու ռադիոյով (ավելորդ է խոսել փողոցներում, որոշ ռեստորաններում ու բարերում հնչող ցածրորակ երաժշտության մասին) մեր տներն է լցվում մի այնպիսի բազմազանություն, ուր միմյանց մեջ թափանցած մատուցվում են մեր ժամանակի բարձրարվեստ կատարումները եւ երգի մատույցներում թափառող ինքնակոչ երգիչների «կատարումները»։ Եթե մեր հանրապետությունը ավելի բարեկեցիկ լիներ, ժողովուրդը՝ տնտեսապես ու սոցիալապես ավելի ապահովված, ժամանակակից երաժշտությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա կլիներ, ինչպես դա անցյալ դարի 70-ական թվականներին էր։ Այն ժամանակի ցածրորակ երաժշտությունը իր տեղը զիջեց հայկական էստրադային։ Ինչեւէ… Արհամարհելով ամեն տեսակի դժվարություն, կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանի առաջարկությամբ, 6 տարի առաջ, նոր բաժին բացելու նպատակով հրավիրվեց կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, որը նշանակվեց նորաստեղծ ջազային-էստրադային ամբիոնի վարիչ։ Ըստ նրա՝ «կոնսերվատորիական կրթություն ստացած ջազային, էստրադային կատարողը, ուսումնառության տարիներին շփվելով բարձրարվեստ երաժշտության հետ, այլեւս չի կարող կատարել, անդրադառնալ պրիմիտիվ ու անտաղանդ երգերին։ Մեզ մոտ սովորում են ճանաչում ձեռք բերած երգիչներ (Ալլա Լեւոնյան, Զառա Բաբայան, Վարդուհի Վարդանյան, Անահիտ Մանուկյան…), որոնց կոնսերվատորիա է բերել անհագ ծարավը, հետաքրքրությունը իսկական արվեստի նկատմամբ։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ՝ այո, այստեղ նրանց բերել է նաեւ դիպլոմ ստանալու ցանկությունը։ Գաղտնիք չէ, նաեւ աշխարհում գնահատվում է մեր դիպլոմը»։ Կոնսերվատորիայում երգիչները հնարավորություն ունեն շփվելու, փորձելու եւ աշխատելու Երվանդ Երզնկյանի ղեկավարած ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ավելին, պրն Երզնկյանը ինքն է գնել տեխնիկա եւ ինչպես մեզ տեղեկացրեց. «Ռադիոյի իմ փորձասենյակում ստեղծել ենք պայմաններ ձայնագրությունների համար (խնդրում եմ չշփոթել ձայնագրման ստուդիայի հետ), ավելի ճիշտ՝ ձայնագրում ենք ֆոնոգրամներ, որից հետո երգիչները հնարավորություն են ունենում փորձելու, պարապելու իրենց երգերը»։ Վոկալի դասախոս Արմանուշ Հակոբյանը, որ արդեն 15 տարի պարապում է էստրադային հայտնի երգիչների հետ (Նունե Եսայան, Էմմա Պետրոսյան, Աիդա Սարգսյան, Գոգա…) նաեւ կոնսուլտանտ է Երգի պետական թատրոնում։ Նրա կարծիքով՝ «Ձայնի տարբեր մշակումներ են պահանջվում վոկալի եւ էստրադային վոկալի համար։ Դասական տարրերի հիման վրա փորձում ենք հայկական էստրադայի նոր դպրոց ստեղծել։ Իմ դասարանում ունեմ մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր։ Ամենակարեւորը՝ նրանք շատ լուրջ են վերաբերում իրենց մասնագիտությանը։ Կարծում եմ՝ շատ դժվար է լինել ուսանող եւ միեւնույն ժամանակ ճանաչված ու սիրված կատարող։ Անընդհատ ձայնագրություններ, նկարահանումներ, շրջագայություններ… Ամենակարեւորը, որ ուսանողը, երգիչը պետք է տիրապետի բոլոր ժանրերի երգերին, դրսեւորի իրեն տարբեր երգելաոճերում։ Սա մեր պրոֆեսիոնալ դպրոցի կարեւոր խնդիրն է։ Իսկ արդեն հետագայում նա կստեղծի իր անհատական կերպարը։ Ես որոշակի բազա եմ ստեղծել, արտասահմանից ֆոնոգրամներ եմ ձեռք բերում, կա էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, որի հետ պարապելը, աշխատելը մեծ դպրոց է։ Եվ, անկեղծ ասած՝ հազարավոր դոլարների օգուտ է տալիս»։ Ե՛վ Ե. Երզնկյանը, ե՛ւ Ա. Հակոբյանը ունեն մի մտահոգություն. ամբիոնն առայժմ չունի պետպատվերով տեղեր։ Նրանց անհանգստությունը հասկանալի է. չէ՞ որ կան շատ օժտված երիտասարդներ, որոնք միջոցներ չունենալու պատճառով չեն կարող սովորել այդ բաժնում։ Եվ այսօր, ճիշտ է, կոնսերվատորիայում ստեղծված են լավ պայմաններ ուսանողների համար, սակայն, միեւնույն է, երգիչ-երգչուհիները աշխատում են ու ստեղծագործում՝ դիմակայելով ֆինանսական դժվարություններին։ Իսկ երգարվեստի վիճակը կոնսերվատորիայի պատերից դուրս, մեղմ ասած, նախանձելի չէ։ Եվ քանի դեռ շարունակվում է ազգայինը աղճատելու, հայկականը որպես օտարամուտ ներկայացնելու գործընթացը, երբեմն էլ «սեփականացվում» են մեր երաժշտական արժեքները, ուրեմն, սա սոսկ մշակութային խնդիր չէ, այլ ավելին՝ ազգային նշանակություն ունեցող։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել