Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՆԱԽԱՎԻ 4 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Հուլիս 09,2002 00:00

ՎԵՐՆԱԽԱՎԻ 4 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ «Որ ինձ պաշտոն տան, ո՜նց եմ ես թալանելու, ո՜նց եմ գռփելու»,- անկեղծության պահին ասաց ծանոթներիցս մեկը՝ նախկին գիտաշխատող, որը հիմա զբաղվում է մանր առեւտրով: «Որ իշխանության գանք, ո՜նց ենք մեր հակառակորդների հերն անիծելու, ո՜նց ենք նրանց ջախջախելու»,- անկեղծացավ քաղաքական գործիչներից մեկը: Եվ երկուսի դեմքերն այդ նվիրական երազանքները շարադրելիս մի տեսակ տարփալի արտահայտություն են ձեռք բերում՝ աչքերը կկոցվում են, շնչառությունն արագանում է, բռուցքները՝ սեղմվում: Ակնհայտ է, որ մարդկանց վարքի իրական մոտիվները չափազանց հեռու են նրանց կողմից «պաշտոնապես» հայտարարվող դրդապատճառներից: Պարզ է նաեւ, որ տվյալ դեպքում այդ իրական մոտիվներն ամենեւին գաղտնիք չեն այն մարդկանց համար, ովքեր ո՛չ պաշտոն են ուզում, ո՛չ էլ իշխանություն: Մեր քաղաքական վերնախավը, հետեւաբար, այլասերված է (նրա ակտիվությունը խթանվում է փողի եւ վրեժի տենչով) եւ վարկաբեկված է (հասարակությունն այդ խթանիչ գործոնների մասին շատ լավ գիտի): Քանի որ մի անգամ իշխանափոխություն արդեն եղել է, բոլորս ականատեսն ենք, թե ինչպես են նախկին «աբիժնիկները» մուռ հանում իրենց նեղացնողներից, եւ ինչպես են նախկին հեղափոխականները դառնում այնքան իշխանասեր, որ նրանց ֆոնի վրա նույնիսկ ռամկավարները գրեթե դիսիդենտ են երեւում: Քաղաքական վերնախավի հաջորդ հատկանիշն այն է, որ նրա 90 տոկոսը այսպես թե այնպես բավարարված է: Ներկա պահի առանձնահատկությունն այն է, որ հիմնական գործող անձինք (այդ թվում՝ «անհաշտ ընդդիմադիրները») դասավորել են իրենց կենցաղը, օբյեկտների կամ «գծերի» տեր են դարձել, տեղավորել են իրենց երեխաներին տաքուկ պաշտոններում: Այս կարգավիճակով օբյեկտիվորեն դժվար է ձգտել որեւէ բարեփոխման կամ զարգացման: Վերջապես, քաղաքական էլիտան այսօր սրընթաց կերպով հիմարանում է: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր հակառակորդը Վազգեն Մանուկյանն էր: Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսը, բնականաբար, պետք է որ Բազեյանը լիներ: Ինչպիսի իշխանություն՝ այնպիսի ընդդիմություն: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել