Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձի ցանկացած պաշտամունք վտանգավոր է»

Հուլիս 09,2002 00:00

«Անձի ցանկացած պաշտամունք վտանգավոր է» Վոյնովիչը քննադատում է Սոլժենիցինին Նախկին գրական գործընկերներ Վլադիմիր Վոյնովիչը եւ Ալեքսանդր Սոլժենիցինը այժմ բարիկադների տարբեր կողմերում են: Այս շաբաթ Նոբելյան մրցանակակիրը դարձավ խիստ անձնական հարձակումների թիրախ իր նախկին ընկեր եւ երկրպագու Վոյնովիչի կողմից: Վերջինիս նոր գիրքը՝ «Դիմանկար առասպելի ֆոնի վրա», անողոք քննադատություն է պարունակում Սոլժենիցինի հասցեին: «Նա ընդունում է առանց որեւէ վերապահման բոլոր այն որակումներն ու արարքները, որոնք նրան է վերագրում հասարակական կարծիքը,- ասում է «Չոնկինի» հեղինակը,- Նա ընդունում է այն գաղափարը, որ Աստվածն է շարժում նրա ձեռքը, երբ նա գրում է»: «Նրա չափազանց փոփոխական վերաբերմունքը մարդու իրավունքների եւ մարդկային հիմնահարցերի վերաբերյալ կարող է բացատրվել միայն մեկ բանով՝ մաքուր եսասիրությամբ,- շարունակում է Վոյնովիչը:- Որպես գրող նա վատը չէր, երբեմն նույնիսկ գերազանց էր, բայց պատկերացումները նրա մեծության, հանճարեղության, պայծառատեսական ունակությունների եւ բարոյական մաքրության մասին առասպելի մի մասն են»: Անդրադառնալով 80-ականներին գրված Սոլժենիցինի գործերին, Վոյնովիչը նշում է, որ դրանք անընթեռնելի են, ձանձրալի, տեքստը շատ ծանր է, լեզուն չափազանց «խուճուճ է» եւ երբեմն անհոդաբաշխ»: Անցած հինգշաբթի Վոյնովիչը մամուլի ասուլիս էր հրավիրել Մոսկվայում, որը նվիրված էր հենց այդ թեմային: «Անձի ցանկացած պաշտամունք վտանգավոր է, իսկ Սոլժենիցինի պաշտամունքը դառնում է սպառնալից,- ասել է նա «Գարդիանի» թղթակցին:- Ես տեսնում եմ, որ Սոլժենիցինը լիովին ազնիվ չէ սեփական ճակատագիրը եւ կյանքը մեկնաբանելիս: Նա հավատում է այն իմիջին, որն ինքը եւ հասարակությունը հնարել են իր համար: Նա չի ընդունում ոչ մի քննադատություն եւ կարծում է, որ գիտի բոլոր հարցերի պատասխանները: Եթե մարդիկ կարծում են, որ գիտեն պատասխանները եւ ձեռք են բերում որոշակի իշխանություն, ապա նրանք ծայրաստիճան վտանգավոր են դառնում»: Թերթը ցիտում է նաեւ Սոլժենիցինի խոսքերը գրողի առաքելության մասին, ինչպես նաեւ՝ հակիրճ կարծիքներ նրա մասին: «Նա առաջինն էր Խորհրդային Ռուսաստանում, որն իրեն դրսեւորում էր որպես ազատ մարդ»,- այդպես է կարծում գրող Էդուարդ Ռաձինսկին: «Սոլժենիցինի այսօրվա դիրքորոշումը համընկնում է հատուկ ծառայությունների ամենապահպանողական մասի, ինչպես նաեւ՝ կոմունիստական կուսակցության դիրքորոշման հետ»,- գտնում է Անատոլի Չուբայսը: Ըստ «The Guardian» թերթի 6 հուլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել