Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածք են ուզում

Հուլիս 10,2002 00:00

Տարածք են ուզում Մանկապարտեզ հաճախողների թիվն աճել է Օրերս «Ոսկե ձկնիկ» մասնավոր մանկապարտեզ-քոլեջի տնօրեն Լուսյա Բադիրյանը դիմեց խմբագրություն՝ ահազանգով, որ իրենց վտարում են Կենտրոն համայնքի թիվ 6 մանկապարտեզի տարածքից, որտեղ «Ոսկե ձկնիկը» պայմանագրային կարգով (5 տարի ժամանակով) 2 սենյակ էր զբաղեցնում: Պայմանագրի ժամկետը լրացել է ապրիլին, սակայն մինչեւ ուսումնական տարվա ավարտը լրացուցիչ ժամանակ է տրվել մանկապարտեզին տարածք գտնելու համար՝ վերջինիս դիմումի համաձայն: Նշենք, որ «Ոսկե ձկնիկը» Հայաստանում առաջինն է գրանցվել որպես մասնավոր, այլընտրանքային մանկապարտեզ եւ մյուս մասնավորներից, ըստ տիկին Բադիրյանի, խիստ տարբերվում է իր ուսումնադաստիարակչական մեթոդով: Նշենք, որ 5 տարվա ընթացքում պայմանագրային խախտումներ չեն գրանցվել եւ համայնքին այդ տարիների ընթացքում 2 սենյակների վարձակալության համար մուծվել է շուրջ 6 մլն դրամ (ամսական 85 հազար): Բայց քանի որ «մայր մանկապարտեզի»՝ պետականի երեխաների թիվը վերջին շրջանում կտրուկ ավելացել է եւ տարածքի սղություն է զգացվում, մասնավորը դուրս է մղվում: Կա սանէպիդկայանի համապատասխան ակտը, ըստ որի պետական թիվ 6 մանկապարտեզում տարածքի անբավարարության պատճառով ցերեկվա քունը կազմակերպվում է միայն ավագ «ա» խմբում, եւ ընդհանրապես «չի ապահովվում ամեն երեխայի համար նախատեսված քառակուսի մետրը…»։ Իհարկե, այս ամենի արդյունքում էլ մասնավորից շուրջ 40 երեխա մնում է դրսում: Տնօրեն Լ. Բադիրյանն այս իրավիճակը բացատրում է իբրեւ ճնշում մանր եւ միջին (ինչու չէ՝ նաեւ կանացի) բիզնեսի վրա, ինչի առաջ ողջ աշխարհում կանաչ լույս է վառվում: Խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Կենտրոն համայնքի կրթության եւ մշակույթի վարչության պետ Արամ Մանուկյանին: Վերջինս ավելի մեղմ էր խնդրին վերաբերվում՝ տեսնելով միայն նոր տարածք գտնելու հարցը, քանի որ «Ոսկե ձկնիկի» համար, բնականաբար, ցանկալի է մանկապարտեզի տարածք, եթե հաշվի առնենք շրջակա եւ շենքային որոշ պայմանների (մի քանի սանհանգույցի առկայություն, դահլիճ, ճաշարան եւ այլն) անհրաժեշտությունը: Բացի այդ, պետական մանկապարտեզի տարածք վարձակալելն անհամեմատ էժան է: Հենց այս հանգամանքն է տիկին Բադիրյանին ստիպում համայնքի տարածքից դուրս չգալ։ Իսկ Կենտրոն համայնքում (Մոսկովյան 31) կա մի փլուզվող մանկապարտեզ, որն ունի ընդամենը 5-6 երեխա: Տիկին Բադիրյանն առաջարկել է պրն Մանուկյանին՝ իրեն տրամադրել այս տարածքը՝ իր ուժերով վերանորոգելու եւ այստեղ տեղափոխվելու համար: Սակայն պրն Մանուկյանը մերժել է առաջարկը, քանի որ այս տարածքում հայ-գերմանական մի ընկերության հետ համատեղ թաղապետարանը պետք է իրագործի այլընտրանքային մանկապարտեզի իր ծրագրերը՝ մասամբ վալդորֆյան էլեմենտներով: Տարածքն ի դեպ պատկանում է էներգետիկայի նախարարությանը եւ թաղապետարանը վարձակալելու է այն՝ յուրաքանչյուր ամիս մուծելով շուրջ 100 հազար դրամ: Գերմանական կողմն իր վրա է վերցնելու վերանորոգման եւ գույքի ծախսերը, իսկ մեթոդիկան եւ ծրագրերը համապատասխանեցված են եւ քաղաքապետարանի կրթության վարչության, եւ Կրթության ու գիտության նախարարության հետ: Չհեռանալով բուն խնդրից, ավելացնենք, որ պրն Մանուկյանը պարզ թվաբանական գործողություններով փաստեց, որ «Ոսկե ձկնիկը» ամսական մոտ 2000 դոլարի մուտքեր է ունենում եւ համայնքում գործող մյուս 8 մասնավոր մանկապարտեզների պես կարող է մասնավոր տարածք վարձել: «Մենք էլի պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, ինչպես մյուս մասնավորների հետ՝ մեթոդական եւ այլ առումներով, իհարկե նրանք ոչնչով մեզ պարտավոր չեն, մենք ոչ ստուգումների եւ ոչ էլ վերահսկելու իրավունք ունենք, բայց ես միշտ կապ եմ պահպանել նրանց հետ՝ զուտ որպես կրթության մարդ, թեպետ Լուսյա Բադիրյանի կողմից հետադարձ կապ երբեք չի եղել, եւ այդպես էլ չկարողացանք տեսնել, թե ծնողից վերցված այդ 50-55 դոլարն ինչի վրա է օգտագործվում, որտեղ է նրա մեթոդի առավելությունը, որտեղ է արտահայտվում դաստիարակչական այլընտրանքայնությունը»: Բայց օբյեկտիվությունը պահպանելու համար մանկապարտեզի մեթոդիկայի առնչությամբ ներկայացնենք 3 տարի «Ոսկե ձկնիկ» հաճախած մի երեխայի ծնողի՝ Քրիստինե Միխայիլիդիի կարծիքը, ըստ որի այս մանկապարտեզում նրան դուր է եկել դաստիարակների մոտեցումը երեխաների հանդեպ, հարգանքը նրանց նկատմամբ, ինչը նրան չի հաջողվել տեսնել պետականում, եւ որ ամենակարեւորն է եղել նրա համար՝ ռուսական լեզվով ուսուցումը, քանի որ երեխան ընդհանուր առմամբ ապրում է ռուսալեզու միջավայրում: Այստեղ, սակայն, պետք է նշել, որ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը, քանի որ մանկապարտեզը գրանցված է իբրեւ հայկական եւ այստեղ ռուսաց լեզուն պետք է ուսուցանվեր իբրեւ օտար լեզու, ինչը եւ պնդում էր Լ. Բադիրյանը: Բացի այդ, ծնողը նաեւ նշում է մանկապարտեզի բավարար պայմանների բացակայությունը, ինչը տնօրինությունը տարիներ շարունակ արդարացրել է «սա մեր տարածքը չէ» պատճառաբանությամբ: «Մեզ նաեւ դուր չեկավ, որ տնօրենն իմանալով, որ պայմանագրի ժամկետն ավարտված է, մեզ նախօրոք չէր զգուշացրել այդ մասին…»։ Կենտրոնում այլեւս ազատ մանկապարտեզային տարածք չկա: Պրն Մանուկյանն առաջարկում է այլ համայնքներում հարցը լուծել, բայց այդ դեպքում «Ոսկե ձկնիկը» կկորցնի իր երեխաներին: Ի դեպ, նրանցից մի քանիսն արդեն տեղափոխվել է պետական մանկապարտեզ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել