Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՐԱՌՈՒՄ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ, ՈՉ ԴԱՏԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

Հուլիս 12,2002 00:00

ԿԻՐԱՌՈՒՄ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ, ՈՉ ԴԱՏԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ Եվրոպացիները շա՞տ են միամիտ Երեւանում են գտնվում խոշտանգումների եւ անմարդկային, կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում անցկացվեց երկօրյա սեմինար։ Սեմինարին մասնակցում էին Բորիս Ուոդզը (CPT-ի քարտուղարության անդամ), Ժդենեկ Հաջեքը (Չեխիա), Անդրես Լեհթմենցը (էստոնիա), Էնդրյու Քոյլը (CPT-ի փորձագետ) եւ ներկայացուցիչներ Հայաստանի արդարադատության, արտաքին եւ ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության, առողջապահության նախարարություններից, ՀՀ գլխ. դատախազությունից եւ հասարակական իրավապաշտպան կազմակերպություններից։ Կոմիտեն ստեղծվել է 1987 թվականին։ Այն այցելությունների միջոցներով պարզում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում եւ ընդհանրապես ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը, անհրաժեշտության դեպքում խոշտանգումներից եւ անմարդկային, կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, կամ պատժից նրանց պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով։ CPT-ն կիրառում է կանխարգելիչ, ոչ դատական մեխանիզմ։ Կառույցը իր գործունեությունը իրականացնում է երկու տեսակի՝ պարբերական եւ հատուկ այցելությունների միջոցով։ Պետություններում CPT-ն համագործակցում է կառավարության հետ, կոնկրետ անձանց հարցերով չի զբաղվում եւ փաստաբանական ծառայություն չի մատուցում։ Այն կարող է զրուցել մարդկանց հետ, սակայն նրանց հաղորդած տեղեկությունները եւ անձերը գաղտնի են պահվում։ Հանձնարարականներ տրվում են պետության համապատասխան մարմնին, սակայն փաստերը չեն կոնկրետացվում։ Կազմակերպությունը օգտվում է լայն լիազորություններից՝ անարգել տվյալ պետության տարածք մուտք գործելու, անարգել տեղաշարժվելու, մարդկանց ազատազրկման վայրերի մասին լիարժեք տեղեկատվություն ստանալու։ Նաեւ ունի իրավունք օգտվելու պետության տրամադրության տակ եղած տեղեկություններից։ CPT-ի ընդգրկած ոլորտները բավական լայն են, բացի ուղղիչ հիմնարկներից եւ ոստիկանական շրջանակներից, այն զբաղվում է նաեւ հոգեբուժարանների, զորամասերի, կալանատեղերի եւ այլ հարցերով։ Կոմիտեի հիմնական գործունեությունը ամփոփվում է հետեւյալ բաժիններում. 1. ոստիկանությունում արգելքի տակ պահելը, 2. բանտարկություն, 3. իրավապահ մարմինների անձնակազմի պատրաստում, 4. բժշկական սպասարկումն ազատազրկման վայրերում, 5. օտարերկրացիների մասին օրենսդրության հիման վրա ազատազրկված օտարերկրյա քաղաքացիներ, 6. հարկադիր տեղավորումը հոգեբուժական հիմնարկներում, 7. ազատազրկված անչափահասներ, 8. ազատազրկված կանայք։ Այս հարցերին անդրադառնալիս կոմիտեի փորձագետ Էնդրյու Քոյլը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները եւ դիրքորոշումը եզակի առիթ է ընձեռում երկրին՝ հրապարակային քննարկումներ անցկացնելու եւ ցավոտ կետերի համար լուծումներ գտնելու։ Հավանաբար, փնտրտուքի ճանապարհը մեր երկրի համար այդքան դժվարին չէ, քանի որ իր ելույթում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը փաստեց, թե իրենք նման խնդիր չունեն նրանց արժանապատվությունը խոշտանգելու կամ վիրավորելու, ճիշտ է, իրենց պայմանները հեռու են բավարար լինելուց, սակայն 1,5 անգամ ավելացել է սննդին տրամադրվող գումարը, աշխատանքներ են տարվում ՀՀ-ում գտնվող 4200 դատապարտյալների (1650 հարկադիր արձակուրդում) կենցաղային-սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Սամվել Ղազարյանը իր զեկույցում փաստեց, որ հոգեկան հիվանդ դատապարտյալների հիվանդանոցն այսօր ծանրաբեռնված է։ Իրավապաշտպան Միքայել Դանիելյանն իր հարցով անդրադարձավ ընդհանրապես հոգեկան հիվանդների («ոչ դատապարտված») խնդիրներին, որոնց վիճակը շատ ավելի ծանր է, քանի որ համակարգը փակ է եւ այնտեղ տեղի ունեցող անմարդկային վերաբերմունքը պետք է հատուկ ուշադրության առնվի։ Հոգեկան հիվանդները հատուկ ուշադրության կարիք ունեն։ Կոմիտեի ներկայացուցիչ Բորիս Ուոդզը ներկայացրեց իրենց այցելությունների համառոտ արդյունքները։ Այն երկրները, որոնք մի քանի անգամ հյուրընկալել են կոմիտեի անդամներին, գիտեն, որ 6 ամսվա ընթացքում ակնկալվում է պատասխան եւ հիմնականում կատարում են իրենց աշխատանքը ըստ CPT-ի կոնկրետ հանձնարարականների։ CPT-ն պետությունների հետ իր աշխատանքները կատարում է այցելությունների միջոցով՝ գերադասելով երկխոսությունը դեմառդեմ, իհարկե՝ նաեւ թղթագրության մեխանիզմն է գործում։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց զինված ուժերում կատարվող մի շարք միջոցառումների մասին։ Ձերբակալությունը դիտվեց որպես կարգապահական տույժ, խոսվեց նաեւ զինծառայությունից խուսափող անձանց հանդեպ ձեռք առնվող մի շարք գործողությունների մասին։ Կոմիտեի մասին խոսելիս ներկայացուցիչը կարեւորեց նրա գործունեության շրջանակների, հիմնադրույթների մասին ինֆորմացիայի տարածմանը հիմնականում այն վայրերում, որոնց շրջանակներում այն իրականացնում է իր առաքելությունը։ Դրանք բանտերն են, հիվանդանոցները, հոգեբուժարանները եւ այն հիմնարկները, որոնցում գտնվող մարդկանց շահերն է կոչված պաշտպանելու կոմիտեն։ Առհասարակ, բոլոր ելույթ ունեցողները մեր համակարգերում տիրող իրավիճակը ներկայացրին գրեթե վարդագույն, իհարկե՝ որոշ թերություններ ունենք (դե ով չունի)։ CPT-ի գործունեությունը Հայաստանում պարզապես անհրաժեշտություն է, սակայն եվրոպացիները կարծես շատ են միամիտ, իսկ այն համակարգերը, որոնց առնչվում է նրանց գործունեությունը, մեզ մոտ ամենաբարոյալքվածն են։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել