Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ էր ասում կռվեիր…»

Հուլիս 12,2002 00:00

«Ո՞վ էր ասում կռվեիր…» Զոհված, հաշմանդամ դարձած, անհետ կորած ազատամարտիկներին, զինվորականներին եւ նրանց ընտանիքներին կյանքի նորմալ պայմաններ ապահովելը զուտ սոցիալական կամ բարոյական ոլորտներին առնչվող խնդիր չէ։ Հարցն անմիջականորեն աղերսվում է ազգային-պետական անվտանգության ոլորտին։ Ներկա եւ ապագա սերունդները պետք է հաստատ համոզված լինեն, որ հայրենիքի պաշտպանության սրբազան պարտականություն կատարողները մշտապես ապահովված են լինելու պետության ու հասարակության երաշխավորված նորմերով։ Իսկ երբ պետությունն ու հասարակությունը անտարբեր կամ «անզոր» են գտնվում հայրենիքի նվիրյալների «թիկունքային ապահովության» երաշխիքների տրամադրման հարցում, այսինքն՝ նրանց զրկում են անհրաժեշտ նյութական ու բարոյահոգեբանական երաշխավորված իրավունքներից, հոգածությունից, ապա դրանով մեծապես վտանգում են տվյալ պետության ու հասարակության անվտանգությունը։ Այսօրվա դրությամբ պետությունը ամսական 6 հազար դրամ է հատկացնում զոհված ազատամարտիկների անչափահաս երեխաներին եւ ամսական 6 հազար դրամ էլ նրանց այրիներին կամ ծնողներին։ Առկա հասարակական որոշ կազմակերպություններ իրենց դիմող հաշմանդամ ազատամարտիկներին եւ զոհվածների այրիներին ու ծնողներին տրամադրում են դրամական փոքր օգնություններ (շատ հաճախ այդ էլ չեն կարողանում)։ Զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքները ներկայումս հայտնվել են սոցիալական եւ բարոյահոգեբանական անտանելի պայմաններում. «Ոչ երկրապահ», «ապազգային» Տեր- Պետրոսյանի նախագահության օրոք ազատամարտիկները օգտվում էին բնակվարձը, կոմունալ ծառայությունները 50 տոկոս զեղչով մուծելու եւ այլ իրավունքներից։ Ղարաբաղի թիվ 1 ազատամարտիկի՝ Քոչարյանի նախագահության տարիներին երկրապահներին եւ նրանց ընտանիքներին շնորհված նախկին բոլոր արտոնությունները վերացվեցին։ Ավելին, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, ասես, իսկական խաչակրաց արշավանք սկսվեց երկրապահների եւ նրանց հեղինակության դեմ։ Պետության եւ հասարակության ապերախտությունից ապշած երկրապահները երեւույթի վտանգավորության հետեւյալ տրամաբանությունն են ներկայացնում. «Վերեւներում ոմանք հավանաբար այսպես են դատում։ Մենք այլեւս ոչ մեկի պետք չենք եւ հետագայում էլ մեր նմանների կարիքը չի զգացվելու։ Այժմ կա կանոնավոր բանակ, որն էլ կլուծի պետության պաշտպանության հետ կապված խնդիրները։ Ամեն տեսակ ֆիդայիների, ազատամարտիկների դարն արդեն անցել է եւ երկիրը պահելու խնդիրն էլ դրված է պարտադիր ծառայության զինվորների եւ հրամանատարների վրա։ Այսպես մտածողները չե՞ն գիտակցում, որ իսկական մարտիկը պետք է օժտված լինի բարոյահոգեբանական հզոր կարողություններով։ Իսկ պարտադիր ծառայության զինվորը երկնքից չի իջած, նա նույն հասարակությունից է…»։ ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել