Լրահոս
Օրվա լրահոսը

«40-Ը ԲԱԶՄԱՊԱՏԿԱԾ ՄԻ ՔԱՆԻՍՈՎ»

Հուլիս 13,2002 00:00

«40-Ը ԲԱԶՄԱՊԱՏԿԱԾ ՄԻ ՔԱՆԻՍՈՎ» Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի բախտը չբերեց։ Մինչ նա հիանում էր ստվերի դեմ պայքարելու իր «մի քանի անգամ շատ լծակներով», իր հարեւանն ու գործընկերը՝ ՊԵ նախարարը «մի քանի անգամ պակաս լծակներով», ընդամենը 3 օրվա տարբերությամբ հայտնաբերում ու ոչնչացնում է նրա աչքից վրիպած մաքսանենգ ապրանքները։ Հիշեցնենք, որ մեկնաբանելով Ե. Զախարյանի՝ «մեր տնտեսությունում ստվերը 40%-ից չի իջնում» արտահայտությունը, Ա. Ավետիսյանն ասել էր, որ մաքսային համակարգում ստվերը այդքան չի, որովհետեւ իրենք «ստվերի դեմ պայքարելու մի քանի անգամ ավելի շատ լծակներ ունեն, ուստի մաքսային ոլորտում ստվերը հավասար է 40%-ը բաժանած մի քանիսի»։ Երեկ պետեկամուտների նախարարությունը, արդեն ավանդույթի համաձայն, ոչնչացրեց Հայաստանի ողջ տարածքից առգրավված մաքսանենգ ծխախոտն ու ապօրինի արտադրված, առանց ակցիզային դրոշմանիշերի ալկոհոլային խմիչքները։ «Ոչնչացման օպերացիան» գլխավորող ՊԵ փոխնախարար Մանվել Եգանյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ՊԵՆ-ն է հայտնաբերում մաքսանենգ ապրանքները։ Ըստ պարոն Եգանյանի. «Արմեն Ավետիսյանը ճիշտ է ասել, իրենց լծակներն ավելի շատ են։ Սահմանի վրա իրենք են հայտնաբերում։ Միեւնույն ժամանակ, ասել, թե այս ծխախոտների առկայությունը խոսում է մաքսավորի սխալի մասին, ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի Հայաստան մտնելիս մի քանի բլոկ (ընդամենը 2 բլոկ- Ա. Ու.) ներմուծում է ծխելու համար, բայց շուկա է մտնում»։ Փոխնախարարն ուզում է ասել, որ հայտնաբերված այս 5500 տուփ (միայն այս խմբաքանակը) ծխախոտը հատիկ-հատիկ է ներմուծվել, այն էլ հասարակ քաղաքացիների կողմից։ Նկատենք, սակայն, որ ամենամոտավոր հաշվարկով անգամ դա այդպես չի կարող լինել, որովհետեւ անխտիր բոլոր մուտք գործողները չեն, որ իրենց հետ 2 բլոկ ծխախոտ են ներմուծում, բացի այդ, նրանց մեծ մասը հենց ծխելու համար է ներմուծում, ոչ թե «վաճառքի հանելու»։ Իսկ մաքսանենգությամբ մեծ խմբաքանակ ամենամիամիտ ներմուծողն անգամ ողջ ապրանքը չի հանում վաճառքի, այն էլ մի կետում, այլ բաժանում է ողջ հանրապետության շուկայով մեկ։ Ինչպես այս դեպքերն են վկայում։ Ավելին, իրար հետ կապ չունեցող քաղաքացիները համաձայնության գալու դեպքում էլ չէին կարող նախընտրել միեւնույն տեսակի, ասենք, «Ռուսկի տաբակ», «Դոնսկոյ տաբակ» ծխախոտները։ Ինչեւէ, հայտնի է, որ մեծ խմբաքանակներ էլ են հայտնաբերվել (20000 դրամից ավելի արժողությամբ), որոնց առիթով քրեական գործեր են հարուցված։ Ինչպե՞ս է պատահում, որ այս դեպքում չեն օգտագործվում լծակները՝ դրանք հայտնաբերելու համար։ «Ո՞վ է ասում՝ չեն օգտագործում։ Այդպիսի երկիր չկա, որ մաքսանենգություն չլինի»,- պնդում է Մ. Եգանյանը։ Հետեւաբար, պարոն Զախարյանը, որը պնդում է, որ պատասխանատու է իր հայտարարած յուրաքանչյուր թվի համար, իր դիտարկման մեջ սխալվե՞լ է։ Համենայնդեպս, վերջերս հանրապետության նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը, որտեղ մեծ ուշադրություն է հրավիրվել մաքսանենգության չափերի վրա, դա չի վկայում։ Հայտնաբերվել է նաեւ 5200 շիշ ալկոհոլային խմիչք (օղի, գինի, կոնյակ)՝ առանց ակցիզային դրոշմանիշի, ապօրինի արտադրված։ Իսկ լաբորատոր ստուգումն ապացուցել է, որ դրանք չափից ավելի եթերայնություն ունեն եւ վնասակար են առողջության համար։ Սրանք առգրավվել են շուրջ 130 տնտեսվարողից։ Կեղծված են նաեւ հայաստանյան ճանաչված ֆիրմաները, եւ Մ. Եգանյանի փոխանցմամբ, ինչպես խոշոր ներմուծողները, այնպես էլ արտադրողները ուրախ են, որ հայտնաբերվում են իրենց արտադրանքը կեղծողները եւ շուկայում անհավասար պայմաններ ստեղծողները։ Նման ընկերությունները տուգանվում են 100- 300 հազար դրամով։ Պատժամիջոցները գնալով խստանալու են եւ կառավարությունը մտադիր չէ ոչ մաքսանենգ ծխախոտը, ոչ էլ, առավել եւս թունավոր ալկոհոլը իրացնել, նվիրել, օգտագործել այլ տեղ։ ՊԵՆ-ը այս ակցիաներով «կռիվ-կռիվ» է խաղում՝ «մենք որոշել ենք ամիսը 2 անգամ հավաքվենք ոչնչացնենք, տեսնենք ով կդիմանա՝ մե՞նք, թե՞ իրենք»։ Չնայած ոչնչացնելու համար էլ է պետությունը վճարում։ Ու այդ ոչնչացումը սպառնում է այնքան հաճախակիանալ, որ ՊԵՆ-ը Նուբարաշենի աղբանոցի հետ հավանաբար ծառայության վարձի զեղչ գներով պայմանագիր է կնքել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031