Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատությունը՝ կյանքի ուղեկից

Հուլիս 16,2002 00:00

Աղքատությունը՝ կյանքի ուղեկից Օրերս Վանաձորում էի։ Առաջին տպավորությունն այն է, կարծես ողջ քաղաքը անգործության է մատնված։ Սակայն մարդիկ ապրում են։ Ցավոք, այս պատկերն է ոչ միայն երկրի 3-րդ քաղաքում։ Ըստ հանրության ազատական կողմնորոշման որոշակի շրջանակների, ՀՀ իշխանությունն արժանի է ոչ լավ-ոչ վատ որակավորմանը։ Ինչու-ն բացահայտվում է հենց տնտեսության զարգացման մինչեւ 2010 թվականը ընդգրկող ցուցանիշներին ծանոթանալիս։ Այս շրջանում 8-9 տոկոս տարեկան աճ կանխատեսելու միջոցով ծրագրվում է 2000թ. 1 տրիլիոն դրամի համախառն ներքին արդյունքը հասցնել 2,4 տրիլիոն դրամի։ Այս գումարից էլ 22% բյուջե կազմավորելու շնորհիվ 2010-ի բյուջեն ստացվում է 532 միլիարդ դրամ։ Գայթակղիչ տրիլիոններից ու միլիարդներից տեղափոխվենք իրականություն։ Կանխատեսվող 3% սղաճի արդյունքում տասնամյակի ավարտին կունենանք մոտ 730 մլն դոլարի բյուջե, 2000 թվականի կրկնապատիկը։ Շատ է այն, թե քիչ, կարող են ասել այսօր այդ բյուջեից վարձատրվող, ասենք, տեղամասային մանկաբույժները. մեկ երեխայի սպասարկման ամսական բյուջետային հատկացումը վերջին բարձրացումից հետո 25 դրամ է։ 40-50 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական պաշտոնյաներն իրենց հերթին գոհ չեն պետության տվածից եւ այն սիրահոժար, թե վախով լրացնում են այլ ճանապարհով։ Հուրախություն՝ երկրում եղածից։ Իսկ ինչո՞ւ չի այն իրականացնում պետությունն ինքը, թողնելով, որ հարկատուների կողմից կազմավորվող բյուջեից վարձատրվող պաշտոնյան տնօրինի տնտեսությունը։ Որ իշխանական բուրգի գագաթին գտնվողներին ձեռնտու է այս վիճակը, հիմնավորվում է նրանց գործունեությամբ։ Տեսեք՝ ինչ է կատարվում տնտեսության մեկ առանձին վերցրած ճյուղում՝ ասենք, սիգ ձկան արտադրությունում։ Պաշտոնական հաղորդագրություններում երկրում ձկան տարեկան սպառումը հազիվ 500-700 տոննա է կազմում, մեկ բնակչի հաշվով՝ տարին 200 գրամ կշռող մեկ ձուկ։ Թե արդյոք ծիծաղելի՞ է՝ ինքներդ որոշեք։ Ազգաբնակչության գերակշիռ մասի կարծիքով, այս ցուցանիշը 6-8 կգ է։ Ուրեմն, ինչո՞ւ այս պարզ իրողությունը չեն տեսնում ՀՀ բարձրագույն իշխանավորները, որեւէ մեկը հարկ չի համարում ահազանգ հնչեցնել. չէ՞ որ խոսքը 20 հազար տոննա ձկան որսից պետբյուջե ակնկալվող գանձումներին է վերաբերում։ Վիճակը նույնն է անտառահատման, հանքային ջրերի շշալցման, հացարտադրության, տրանսպորտի բնագավառներում։ Իրոք, լուրջ զբաղմունք չէ այսօրվա 2 մլրդ դոլար ՀՆԱ-ի պարագայում 40% ստվերայնության մասին խոսելը։ Այ, երբ իշխանությունն իր մեջ ուժ կգտնի հարկային դաշտ բերել երկրի ողջ հարկվող հատվածը, ՀՆԱ-ն կհասցնի 8, 10, ինչու չէ՝ 12-15 մլրդ դոլարի, ստվերի անգամ 10%-ը թիվ կկազմի։ Այս պարագայում բյուջե հավաքագրվող 22 տոկոսն էլ կարելի է հարկային արտոնությունների տեսքով իջեցնել, բայց եւ ամբողջ 2-2,5 մլրդ դոլարի բյուջե ունենալ, որը իշխանությունը չի նախատեսում անգամ 2025 թվականին։ Պարզապես ցավալի է, որ ամբողջ մի սերունդ ապրելու է համընդհանուր աղքատությունը չհաղթահարած Հայաստանում։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել