Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 17,2002 00:00

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Օրենսդրությունը առեւտրային բանկերի առջեւ պահանջ է դնում յուրաքանչյուր եռամսյակ հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները: Դա արվում է առաջին հերթին նրա համար, որ բանկի հաճախորդները, ավանդատուները եւ փայատերերը, ինչպես նաեւ պոտենցիալ ներդրողները տիրապետեն բանկում առկա ֆինանսական կացությանը՝ ճշգրիտ որոշումներ կայացնելու նպատակով: Ուստի, կարծում ենք՝ որոշ չափով օգնած կլինենք, եթե ներկայացնենք հրապարակված տեղեկությունների հակիրճ համեմատական վերլուծությունները: «Մելլաթ բանկ» ԴԲ ՓԲԸ Վերլուծության համար հիմք է հանդիսացել հուլիսի 13-ին մամուլում հրապարակված հաշվապահական հաշվեկշիռը եւ այլ ֆինանսական հաշվետվություններ: 2002 թ. առաջին կիսամյակի ընթացքում բանկի ակտիվները նվազել են 700 մլն դրամով, հիմնականում ի հաշիվ այլ բանկերում պահվող թղթակցային հաշիվների մնացորդների կրճատման: Չնչին չափով ավելացել է վարկավորումը, որը կազմում է 504 մլն դրամ կամ ամբողջ ակտիվների 7.5 տոկոսը, ինչը միջազգային չափանիշներով բավական ցածր ցուցանիշ է եւ վկայում է բանկի կողմից վարվող խիստ զգուշավոր վարկային քաղաքականության մասին: Դրա ոչ ուղղակի ապացույցներից է նաեւ 1,4 անգամ պետական արժեթղթերի պորտֆելի ավելացումը եւ ներգրավվող միջոցների տոկոսադրույքների կտրուկ անկումը: Պարտավորությունների ընդհանուր մեծությունը նվազել է 1.3 մլրդ դրամով՝ ի հաշիվ ե՛ւ ցպահանջ, ե՛ւ ժամկետային պարտավորությունների նվազման, ինչը հետեւանք է նույն զգուշավոր վարկային քաղաքականության: Սրա արդյունքում բանկը աշխատում է վնասով՝ ընթացիկ տարվա վնասը կազմում է շուրջ 80 մլն դրամ: «Արդշինբանկ» Վերլուծության հիմք են հանդիսացել հուլիսի 13-ին մամուլում հրապարակված «Արդշինբանկի» հաշվապահական հաշվեկշռի եւ այլ ֆինանսական հաշվետվությունների ցուցանիշները՝ առ 30.06. 2002թ. եւ 31.12.2001թ: Չմոռանանք նաեւ, որ 2002թ. փետրվարի վերջից բանկում գործում է ԿԲ-ի կողմից նշանակված ժամանակավոր ադմինիստրացիա: 2002թ. առաջին կիսամյակի ընթացքում բանկի ակտիվները նվազել են 3.5 մլրդ դրամով, պարտավորությունները՝ 1.9 մլրդ դրամով, չնայած նրան, որ ժամանակավոր ադմինիստրացիա նշանակելուց հետո բանկի պարտավորությունները ավելացել էին ի հաշիվ Կենտրոնական բանկի կողմից տրված 3.1 մլրդ դրամի չափով համակարգային վարկի, ինչը արտացոլված է հաշվեկշռում՝ բանկի պարտավորությունների համապատասխան տողում: Պարտավորությունների կազմում ամենազգալի նվազումը տեղի է ունեցել «ժամկետային ավանդներ» տողում, դրանք կրճատվել են 3.8 մլրդ դրամով, հիմնականում ի հաշիվ ֆիզիկական անձանց ավանդների՝ 3.0 մլրդ դրամ: Կարծում եմ, կարելի է եզրակացնել, որ Կենտրոնական բանկի վարկը հիմնականում ուղղվել է ժամկետային ավանդների մարմանը, ինչը թույլ է տվել խուսափել լուրջ սոցիալական խնդիրներից: Բանկի ակտիվների նվազումը տեղի է ունեցել հիմնականում տրված վարկերի նվազման հաշվին՝ 3.0 մլրդ դրամի չափով: Միաժամանակ՝ մոտ 800 մլն դրամով նվազել է ԿԲ-ում թղթակցային հաշվի մնացորդը, ինչը նշանակում է, որ խախտված է պարտադիր պահուստավորման նորմատիվը: Ակտիվների մեծության փոփոխության եւ դրանց որակի առումով ուշագրավ է նաեւ «Վարկեր ու դեբիտորական պարտքերի հատուկ պահուստ» ակտիվային տողի մեծությունը, որի բացասական մեծությունը ավելացել է շուրջ 400 մլն դրամով, ինչպես նաեւ ծանուցման մեջ «հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» տողը, որի մեծությունը կազմում է 2.1 մլրդ դրամ: Ակտիվներում եւ պարտավորություններում կատարված փոփոխությունները խոսում են բանկի ֆինանսական վիճակի վատթարացման մասին, ինչը ապացուցում են «Կապիտալ» բաժնի ցուցանիշները: Կիսամյակի ընթացքում բանկի ընդհանուր կապիտալը նվազել է ավելի քան 1.5 մլրդ դրամով եւ կազմել 242 մլն դրամ բացասական մեծություն: Դրա հետեւանքով բանկում խախտված են գրեթե բոլոր տնտեսական նորմատիվները: Բանկի վնասը աճել է 2.3 մլրդ դրամով եւ կազմել է 2.7 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամը ընթացիկ ժամանակաշրջանի վնասն է: «Կրեդիտ-Սերվիս բանկ» ՍՊԸ Բանկը գտնվում է ԿԲ-ի կողմից նշանակված ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման դաշտում: Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ակտիվների մեծությունը նվազել է 3.2 մլրդ դրամով եւ կազմել շուրջ 710 մլն դրամ, այն դեպքում, երբ բանկի պարտավորությունները 1.5 մլրդ դրամ են: Այսինքն, եթե ենթադրենք, որ վերադարձելի եւ իրացվելի են բանկի բոլոր ակտիվները, ինչը քիչ հավանական եւ խիստ լավատեսական սցենար է, ապա նույնիսկ այդ դեպքում բանկի չմարված պարտավորությունները կկազմեն շուրջ 800 մլն դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում բանկի կապիտալի մեծությունը նվազել է 1.6 մլրդ դրամով եւ կազմել է 851 մլն դրամ բացասական մեծություն, հիմնականում ի հաշիվ շուրջ 1.5 մլրդ դրամ վնասի: Այսինքն, հաշվետվության ներկայացման պահով բանկը ոչ միայն ամբողջությամբ սպառել է իր կապիտալը, այլ նաեւ 851 մլն դրամի չափով «սպառել է» բանկի հաճախորդների եւ ավանդատուների միջոցները: Վ. ԱՎԵՏԻՍՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու Կտպագրվեն նաեւ մի քանի այլ բանկերի ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել