Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքերը մարում է Սերժ Սարգսյանը

Հուլիս 18,2002 00:00

Պարտքերը մարում է Սերժ Սարգսյանը Ստորագրվեց «Գույք՝ պարտքի դիմաց» պայմանագիրը, ըստ որի՝ Հայաստանը՝ Ռուսաստանին հանձնելով էլեկտրոնային արտադրության իր երեք ձեռնարկությունները (որոնց անունները պաշտոնական աղբյուրներն առայժմ կասկածելիորեն թաքցնում են) եւ Հրազդանի ՊՇԷԿ-ը, այլեւս Ռուսաստանին պարտք չի լինելու, եւ 98 միլիոնը համարվելու է «մուծված»։ Մոտ մեկ տարի առաջ Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը հայտարարել էր, որ ի տարբերություն երկու երկրների քաղաքական հարաբերությունների, տնտեսական կապերը կաղում են։ Երեկ ստորագրված պայմանագրով ֆիքսվեց, որ շտկումներ կատարվեցին։ Եթե պատմությունը որեւէ կերպ անդրադառնա Ռուսաստանին ունեցած Հայաստանի պետական պարտքին, պետք է փաստի, որ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը «միլիոնը տվեց»։ Պատմության մեջ տարբեր ձեւերով են մնում, սա եւս ձեւ է, թեպետ միակը չէ։ Ռուսաստանին տրվելիք էլեկտրոնային արտադրության երեք ձեռնարկությունների անունները «թաքցվում» են, սակայն դրանք հայտնի անուններ են։ Եվ եթե հայկական կողմը հայավարի չփորձի «խաբել» ռուսներին, ապա այդ ցուցակում կլինեն Մերգելյան ինստիտուտը (ԵՄՄԳՀԻ), «Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ»-ին, «Նյութաբանության ԳՀԻ»-ին եւ… «Մարս» գործարանը։ Չմոռանանք, որ պայմանագրում խոսքը գնում է ընդամենը երեք ձեռնարկության մասին, մենք նշեցինք չորսը, սակայն լուրջ կասկածներ կան, որ պայմանագրի մեջ «Մարսը» չի լինելու։ 98 միլիոն պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնվելիք ձեռնարկությունները կդառնան ԲԲԸ-ներ, 100 տոկոս պետական կապիտալով։ Դրանք դառնալու են ՌԴ-ի հարյուր տոկոսանոց պետական սեփականությունը։ Ձեռնարկությունները շահագործելու են հավատարմագրված կառավարիչները։ Ըստ ամենայնի՝ Հրազդանի ՊՇԷԿ-ը կկառավարի ՌԱՕ ԵԷՍ-ը, իսկ էլեկտրոնային արտադրության ձեռնարկությունները՝ Համակարգային ղեկավարման դաշնային ծառայությունը։ Ընկերությունների ցուցակը Ռուսաստանին կներկայացվի ուրբաթ, հուլիսի 20-ին. «Կարծում եմ, որ ցուցակում անակնկալներ չեն լինի»,- երեկ պայմանագիրը ստորագրելուց հետո հայտարարել է նախարար Իլյա Կլեբանովը՝ ավելացնելով, որ այնտեղ ներկայացված կլինեն արդեն բոլորին հայտնի ձեռնարկությունները։ Սերժ Սարգսյանի ներկայացմամբ. «Եթե ռուսական կողմը 100 միլիոն դոլարի փոխարեն (մինուս 2 միլիոն- Մ. Ե.) վերցնում է մեր ձեռնարկությունները, ապա պիտի այնպես վարվի, որպեսզի այդ ձեռնարկություններն աշխատեն։ Հակառակ պարագայում՝ ինչի՞ համար է վերցնում»։ Հավելենք, որ Հրազդանի ՊՇԷԿ-ը, որը եւս տրվեց ՌԴ-ին, արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, որի «հանձնումը» կլինի լրացուցիչ պայմանագրով։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել