Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է

Հուլիս 20,2002 00:00

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է Հունիսի 28-30172ը Թուրքիայի եւ Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաների` մասնավորապես Անահիտ Բայանդուրի ու Մուրադ Բելգեյի նախաձեռնությամբ` Հայաստանի 10 հոգանոց պատվիրակությունը, բաղկացած հասարակական գործիչներից, լրագրողներից, արվեստի եւ գիտության ներկայացուցիչներից, մեկնել էր Ստամբուլ: Կլոր սեղանի շուրջ երկու օր տեւած քննարկումների ընթացքում մասնակիցները փորձում էին միմյանց հասկանալ (փոխըմբռնման պայմաններում պարզաբանել) եւ քննարկել երկու ժողովուրդների հարաբերությունների հարցը: Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցում էին հայտնի պատմաբաններ, հասարակական գործիչներ եւ համալսարանական շրջանակների ներկայացուցիչներ: Հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերեց տեղի թուրքական եւ հայկական մամուլը: Քննարկման ընթաքում չշրջանցվեց նաեւ ցեղասպանության հարցը: Հանդիպումն անցավ ազատ մթնոլորտում, եւ դրա հիմնական պատճառը գուցե այն էր, որ երկու կողմերից էլ մասնակցում էին ազատ հայացքների տեր մարդիկ: Ընթերցողին թերեւս առավել կհետաքրքրեն միջոցառումից քաղված անձնական տպավորությունները, որոնց եւ կկամենայի ստորեւ հակիրճ անդրադառնալ: Իմ առաջին եւ հիմնական տպավորությունն այն էր, որ Հայաստանում շատ աղոտ պատկերացում ունեն Թուրքիայի մասին, այնինչ՝ պետք է լիներ ճիշտ հակառակը: Թուրքիան 70 միլիոնանոց երկիր է, որի տնտեսության եւ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանն, ըստ էության, բացի սահմանակից մի քանի հետամնաց ու նոսր բնակեցված շրջանների, որոնց բնակչությունն իր սոցիալական խնդիրների լուծումը պայմանավորում է Հայաստանի հետ ապագայում ունենալիք առեւտրով, ոչ մի դեր չի կատարում. իսկ ընդհանրապես այդ երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծումն է իրենց համար առաջնայինը: Բնակչությունը հայերի մասին բավարարար պատկերացում չունի, իսկ անձնական շփումները պայմանավորված են անձնական համակրանքներով եւ հակակրանքներով: Ստամբուլում շարքային հայն իրեն կարող է ավելի ապահով զգալ, քան Մոսկվայում կամ Ռուսաստանի մեկ այլ քաղաքում: Դրա պատճառները, բացի մարդկանց արտաքին նմանությունից, պայմանավորված են այդ երկրի ներքին քաղաքականությամբ: Թուրքիայում թուրք է համարվում յուրաքանչյուր անձ, ով հանդիսանում է Թուրքիայի քաղաքացի` անկախ էթնիկ պատկանելությունից: Յուրաքանչյուր ազգայնական դրսեւորում, որ հենվում է էթնիկական ծագման գաղափարի վրա, համարվում է պառակտիչ: Կարող եք հանդիպել շատ թուրքերի, որոնք հպարտությամբ են նշում իրենց բազմազգ ծագման մասին: Դա այդ երկրի պետական քաղաքանությունն է, որը նախանշել է երկրի հիմնադիր Աթաթուրքը: Կրոնական եւ էթնիկական շարժումները միշտ ճնշվել են, սակայն, ըստ մեզ հանդիպած թուրքերի եւ տեղի հայերի, հասարակությունը հետզհետե ավելի ազատական է դառնում, եւ այն, ինչ մեկ, երեք կամ հինգ տարի առաջ հնարավոր չէր ասել կամ գրել, այսօր արդեն կարելի է, չնայած իրական ազատականությունը դեռեւս հեռու է: Վերջին շրջանում թույլատրվել է բացել անկախ համալսարաններ, ինչն առաջ արգելված էր, եւ ազատ մտածողության տեր շատ մտավորականներ ու դասախոսներ հավաքվում են անկախ համալսարաններում: Եթե նախկինում անհնար էր, որ որեւէ թուրք մտավորական ազատ խոսեր հայերի ցեղասպանության մասին եւ չհալածվեր, ապա այժմ դա հնարավոր է: Ձեզ կարող են հանդիպել մարդիկ, որոնք կարող են ասել, որ 100 տարի առաջ ընդհանրապես թուրք ազգ չի եղել, եւ թուրքերը նոր կազմավորվող ազգ են: Դա նույնպես հնարավոր է: Ընդհանրապես Ստամբուլում կարող եք հանդիպել եվրոպական այլ քաղաքներից չտարբերվող հագուստով, ձեւով, ճաշակով, ազատությամբ մարդկանց: Սակայն կարող եք տեսնել նաեւ գլխաշորերով եւ անգամ չադրաներով կանանց: Դա փաստում է, որ Թուրքիան այնուամենայնիվ հակասություններով եւ հակադրություններով լի երկիր է, ինչն արտահայտվում է քաղաքական պայքարի ընթացքում, եւ ըստ այդմ կարեւորվում է նաեւ թուրքական բանակի դերը, որն, ըստ սահմանդրության, երկրի աշխարհիկ ուղու երաշխավորն է: Թուրքիան որոշ չափով ճանաչող մասնագետները նշում են, որ այդ երկրի մամուլում կա երեք հիմնական «տաբու»՝ բանակի դերի եւ բանակի բյուջեի հետ կապված խնդիրների քննարկումը, քրդական հարցը եւ հայերի ցեղասպանության թեման: Գոնե վերջին երկու թեմաների մասին արդեն որոշ նյութեր մամուլում սպրդում են: Մի քանի տարի առաջ անհնար կլիներ, որ մոտ տասը հազարանոց դահլիճում, որին մենք ներկա էինք, երգեին հայկական, քրդական, հունական երգեր, եւ դահլիճը բացականչեր. «Կեցցե ժողովուրդների բարեկամությունը», կամ երգիչները հայտարարեին, որ Թուրքիան պատկանում է այն ժողովուրդներին, որոնց մշակույթները ստեղծվել են այդ տարածքում: Կամ հայ-թուրքական հանդիպման Կլոր սեղանի շուրջ, որին ներկա էին բազմաթիվ թերթերի լրագրողներ, թուրք մտավորականները հրապարակայնորեն պահանջեին, որ Աղթամարի եւ Անիի ճարտարապետական կոթողների վրա նշվի, որ դրանք հայկական մշակութային արժեքներ են: Թուրքիան իրոք հակասությունների եւ հակադրությունների երկիր է, որտեղ հզոր է պետության ազդեցությունը: Անկասկած, իշխանությունները կարող են ազդել հասարակության վրա եւ ԶԼՄ-ների վրա ունեն մեծ ազդեցություն: Քաղաքականության վրա, մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններում նրանց ազդեցությունը որոշիչ է, սակայն նաեւ կասկածից դուրս է, որ թուրք հասարակության մեջ կան ազատական եւ ինքնուրույն մտածողության տեր բազմաթիվ մտավորականներ, որոնց ազդեցությունը երկրի կյանքում հետզհետե աճում է: Մի թուրք մտավորականի հետ մասնավոր զրույցի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ Պուտինի նախագահական քարոզարշավի հաջողության վրա մեծ ազդեցություն ունեցավ չեչենական հարցը, հատկապես «ճիշտ ժամանակին» տեղի ունեցած պայթյունները: Եվ նման հարցերի առկայության դեպքերում դրանք միշտ կարող են օգտագործվել «տեղական նշանակության» խնդիրների լուծման համար. եւ մասնավորապես Թուրքիայում: Մեզ մոտ առկա հայ-թուրքական չլուծված հարցերը նույնպես միշտ կարող են օգտագործվել «տեղական» նշանակության խնդիրների լուծման համար: Իսկ մեր երկիրը, որ գտնվում է զարգացման ուղիների փնտրտուքի խաչմերուկներում, հատկապես ենթակա է նման «ազդեցությունների»: ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել