Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՇԱԿՈՒՅԹ» ԾԻԳ-Ի ՈՒՐԱԳԸ

Հուլիս 20,2002 00:00

«ՄՇԱԿՈՒՅԹ» ԾԻԳ-Ի ՈՒՐԱԳԸ «Մշակույթ» ԾԻԳ-ը կոպիտ ուրագով է աշխատում, չգիտեմ ինչ է ստացվելու այդ ամենից, բայց որ եղած թերություններն ի վերջո մի տեղից դուրս են գալու, եւ ամեն ինչ խառնվելու է իրար՝ արդեն պարզ է»,- կարծում է «Արձագանք» ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանը։ Խոսքը վերաբերում է հատկապես թատրոնների ու համերգասրահների ձայնային ու լուսային համակարգերի տեխնիկական լուծումներին եւ նախագծմանը։ Ե. Պետրոսյանը պնդում է, որ այդ ոլորտում «Մշակույթ» ԾԻԳ-ը որեւէ մրցույթ չի կազմակերպել։ Ընդամենը եղել է կցկտուր փորձ, ուր «Արձագանքը» եւս առաջարկել է իր ծառայությունը։ Ըստ Եղիշե Պետրոսյանի, «մրցույթի» փաթեթի ունկնդրությանը ներկա էր «Մաստեր-շոու» ընկերությունը եւ զանազան թատրոնների մասնագետներ (այդ թվում՝ «Արձագանք ստուդիայի), որոնք ներկայացրել էին միացյալ նախագիծ։ Այսինքն, երկու առաջարկ կար։ Մեկը՝ խմբակային ներկայացվածը, մյուսը՝ «Մաստեր-շոուինը»։ Քննարկման դրված երկու առաջարկների բյուջեներն իրարից տարբերվում էին 12-20 հազար դոլարով։ Սակայն «Մշակույթ» ԾԻԳ-ը նախընտրեց այն տարբերակը, որի բյուջեն ավելի մեծ էր։ Այն պատճառաբանությամբ, որ այնտեղ տեխնիկական միջոցները շատ են։ Ե. Պետրոսյանը գտնում է, որ նման անհեթեթ ձեւով ընտրություն կատարելն ուղղակի զավեշտ է, որովհետեւ այս պարագայում մրցութային առաջարկները տարբերելու որեւէ կոնկրետ պայման չի եղել։ Եվ տարբեր ընկերությունների տրվել է միանգամայն տարբեր առաջադրանք։ «Մրցույթ հասկացություն չի եղել սարքավորումների մասով, որովհետեւ մրցույթի ժամանակ ակնկալվում է գոնե երկու հոգու մասնակցություն։ Եթե Տիկնիկային թատրոնի պարագայում առկա էր գոնե մրցույթի իմիտացիա, ապա մնացած դեպքերում (Դրամատիկ, Օպերային, Ստանիսլավսկի, Սունդուկյան թատրոններ եւ այլն) ընդհանրապես ոչինչ էլ չի եղել, չնայած մենք սպասելով մրցույթին, նախապատրաստել էինք նաեւ այդ նախագծերը»,- ասում է «Արձագանք» ստուդիայի տնօրենը։ Ի դեպ, նա նամակ-բողոքով դիմել էր «Մշակույթ» ԾԻԳ-ին, ինչը մինչ օրս մնացել է անպատասխան։ Ե. Պետրոսյանը զուտ բարոյական առումով վիրավորված է հատկապես այն փաստից, որ «Արձագանք» ստուդիան բազմիցս անվճար ծառայություններ է մատուցել թատրոններին, ունի տարիների փորձ, ուսումնասիրություններ, տնտեսական պայմանագրային կապեր զանազան եվրոպական արտադրողների հետ։ Սակայն այդ ամենն այսօր անտեսվում է «Մշակույթ» ԾԻԳ-ի կողմից. «Ամեն անհատականություն ունի իր յուրովի մոտեցումը գործին։ Ես չեմ ուզում կասկածել որեւէ մեկի մասնագիտական կարողություններին, սակայն հարգում եմ նաեւ իմ գիտելիքները»։ Նա կատարվածը որակում է իբրեւ խեղկատակություն եւ գտնում, որ այս պարագայում խճճվածությունը խիստ ձեռնտու է որոշ պաշտոնյաների։ Ե. Պետրոսյանն ուրախ է, որ հանրապետության մշակութային օջախներին վերջապես պատշաճ կարգի բերվելու հնարավորություն է ընձեռվել։ Սակայն ցավում է, որ ի պաշտոնե գործի գլխին կանգնած մարդիկ ոչ կոնստրուկտիվ եւ միակողմանի են գործում, այն դեպքում, երբ կարելի էր հատկացված գումարը օպտիմալ ձեւով օգտագործել. «Իմ սիրտը ցավում է, որովհետեւ ես երեւանցի եմ եւ սիրում եմ թատրոնը»։ Ըստ Ե. Պետրոսյանի, թեեւ «Մշակույթ» ԾԻԳ-ում հայտարարում են, որ դաշտը բաց է, եւ յուրաքանչյուրը կարող է ազատ գործել, սակայն, այնուամենայնիվ, արգելափակոց են դնում ցանկացողների առջեւ։ «Ասում են՝ դաշտը բաց է, կարծես վարդ-մանուշակ պետք է հավաքենք։ Մենք ընդամենն ուզում ենք օգտակար լինել մշակույթի օջախներին եւ մեր տարիների փորձը, գիտելիքներն ու ուսումնասիրությունների արդյունքները ծառայեցնել նրանց բարեկարգմանը եւ, ինչու չէ, նաեւ լրացուցիչ աշխատանքով ապահովել մեր մասնագետներին»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Երբ փորձեցինք «Մաստեր-շոու» ընկերության տնօրեն Զորիկ Սահակյանից անցկացված մրցույթի վերաբերյալ որեւէ տեղեկություն ստանալ, վերջինս իրեն ուղղված հարցերը վերահասցեագրեց «Մշակույթ» ԾԻԳ-ին։ Իսկ «Մշակույթ» ԾԻԳ-ի ղեկավարության հետ կապվելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Ինչ վերաբերում է «Մաստեր-շոուի» տնօրենին, ապա նա, Ե. Պետրոսյանի պնդմամբ, «Արձագանք» ստուդիայից անտեղյակ մարդ չէ, քանի որ երկար տարիներ աշխատել է այնտեղ որպես ինժեներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել