Լրահոս
Օրվա լրահոսը

Ջութակի կոնցերտ

Հուլիս 20,2002 00:00

Ջութակի կոնցերտ Լուսամփոփի փոքրիկ արեգակը արշալույսներ չի խոստանում եւ ամաչում է իր հանգչելու եւ խավարի հետ համակերպվելու մարդանման թուլությունից։ Ինքս ինձնից ազատագրվելու մթամած ծրագրավորումը ձախողման ենթարկվեց։ Նախասիրությունները քմահաճ են եւ միայն թաքնագիտորեն հասկանալի։ Հազիվ քեզ գտել ես, ո՞ւր ես քեզ կորցնում։ Ամեն առավոտ կոմպրոմիսից հրաժարվում ենք եւ ասում՝ բարի լույս։ Ամեն երեկո անկողին ենք մտնում՝ կոմպրոմիսները գրկած։ Կարճ ապրելու դեպքում՝ քեզ երկար ժամանակ կհիշեն դեռեւս կենդանի քո նախկին հասակակիցները։ Երկար ապրելու դեպքում՝ ուրիշներին շատ ձանձրացրած լինելուց քեզ կմոռանան մեծ բավականությամբ։ Կյանքը հիշողությունների պայքար է. ի՞նքդ հիշես, թե՞ քեզ հիշեն։ Լա՞վ է, թե՞ վատ է, երբ լացդ գալիս է։ Աչքերդ մրմռում են, մինչ որոնում ես հարցի պատասխանը։ Ծերանալուց մարդ չի կորցնում իր ջահելությունը. այն փոխանցում է ուրիշներին։ Ուրիշները դա չգիտեն։ Դու կընդունեի՞ր հավերժ երիտասարդ մնալու փառահեղ պսակը, եթե պայմանը լիներ քեզնից հետո եկած բոլոր երիտասարդներին խողխողելը։ Դեռեւս չեմ ճանաչել որեւէ մեկին, որն առանց խելագարվելու ի վիճակի լիներ իր գլխին կրել այդ հրեշավոր պսակը։ Կարծես քիչ է մեր մտածմունքն օրվա ընթացքում, դեռ պարտավոր ենք նաեւ երազներով անհանգստանալ քնած ժամանակ։ Ուղեղն էլ սրտի նման դադար չունի՝ նաեւ իր ցավերով հանդերձ։ Ուրիշի անտարբերությունը մեզ անհանգստացնում է։ Ուրիշի սերը նույնքան բեռ է, որքան նրա ատելությունը։ Հոգիդ նույնքան խռովյալ է, որքան բանտարկված թռչնակը՝ ճաղերը ոսկեզօծ լինեն, թե ժանգագույն։ Բայց չէ՞ որ ես դա գիտեի, եւ այնքան է կրկնվել, որ դրան ընտելացած պիտի լինեի։ Բայց ամեն անգամ այնքան նոր է թվում, որ երկյուղածությունը սեղմում է կոկորդս։ Մենակությունը եւ մենակության բացակայությունը ինձ հավասարապես հրապուրում են։ Կյանքը թե մահը, լինելիությունը թե չլինելիությունը՝ նմանապես։ Ես ինձ զգում եմ նաեւ հարատեւ աղմկոտ մի բորսայի մեջ, որտեղ բոլոր բաժնեթղթերի արժեքները շարունակ իջնում ու բարձրանում են, շահույթը նույնքան է, որքան կորուստը, միայն լարվածությունն է սաստկանում։ Ընկալուչի լռությունը, հեռախոսազանգից հետո, առաջադրում է բացակա ներկայությունների մի քանի տարբերակ եւ ցատկոտելով մեկից մյուսը՝ ծիծաղում եմ ինքս ինձ վրա։ Այդպես ո՞ւր ենք շտապում, մինչ անդունդը հատակ չունի, ու թե մեզ հաջողվի սավառնել, երկինքն առաստաղ չունի եւ հորիզոնից ցած նետվելն անհնարին է։ Մագնիսը կորցրած մետաղի հատիկ եմ, երբ մոռանում եմ Ամենատիրոջը, որի հարատեւ կանչը օրհնանք է։ Ինչ հրաշալի է, որ ես էլ կամ այդ ամենի մեջ, ինչպես դուք բոլորդ։ Երեկոյան, քնելուց առաջ աչքերդ փակելիս, մի մոռացիր «Բարի լույսը»։ Սպիտակ ագռավը փրկվելու համար հայտարարեց, որ ինքը աղավնի է։ Ինքդ եղիր քո ընդդիմախոսը, եթե ծարավի ես ճշմարտության։ Մարմինը ոչ միայն հոգու կաղապարն է, այլեւ նրա քանդակագործը, եթերատիպ քանդակային երաժշտություն։ Լարախաղաց մի վերջին ձայնանիշ վայր ընկավ շարժուն ջութակի վրայից եւ անհետացավ լռության փոշիների մեջ։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել