Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնապետական ռեժիմին ինքնատիպ ձեռագրով

Հուլիս 24,2002 00:00

Բռնապետական ռեժիմին ինքնատիպ ձեռագրով Պոետին մեղադրում են զրպարտության մեջ «Պոետը բանտում. Արարատի բնակիչը կալանավորվել է, ինչպես ենթադրում են, նախագահին զրպարտող բանաստեղծության համար»,- այս վերտառությամբ հոդվածը, որ հրապարակվել է հուլիսի 24-ի «Արմենիա Ուիքի» շաբաթաթերթում, մասնակի կրճատումներով ստորեւ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: Նշենք միայն, որ հրապարակման հեղինակը Վահան Իշխանյանն է: «Արմենիա Ուիքն» իր հրապարկման մեջ արձանագրել է, որ Արարատի բնակիչ 49-ամյա Ջանիկ Ադամյանը, որը 30 տարի գինու եւ ցեմենտի գործարանում աշխատելուց հետո վերջին երեք տարվա ընթացքում գործազուրկ է, ըստ պաշտոնատար անձանց եւ մի ծանոթի՝ չի ժխտում կատարվածը. այն, որ իր գրած բանաստեղծությունը փակցրել է Արարատ քաղաքի պատերին, թեեւ տակավին հայտնի չէ՝ նա ընդունո՞ւմ է իրեն առաջադրված զրպարտության մեղադրանքը, թե՞ ոչ: Իսկ վերջինիս շրջանային դատախազությունը մեղադրել է իր գրած բանաստեղծությունում նախագահ Քոչարյանին զրպարտելու մեջ: «Իշխանությունները նաեւ ձերբակալել են 44-ամյա Ջեմմա Սահակյանին, որն Ադամյանի համար մեքենագրել է բանաստեղծությունը: Նրան չորս օր պահել են Ադամյանի հետ նույն մեկուսարանում, հետո ազատ արձակել: Հունիսի 14-ի երեկոյան Սահակյանին ձերբակալել են եւ, նրա խոսքերով, ամբողջ գիշեր հարցաքննել: Հունիսի 15-ի վաղ առավոտյան ոստիկանությունը խուզարկել է նրա տունը: «Ինձ հարցնում էին՝ ԱԺՄ-ն է որոշե՞լ, թե՞ դաշինքով ենք որոշել»: Սահակյանը ղեկավարում է քաղաքի ԱԺՄ-ն: Դատախազությունը մեղադրում է Սահակյանին զրպարտության մեջ՝ հիմնվելով այն բանի վրա, որ նա բանաստեղծությունը մեքենագրելով՝ գործակից է դարձել: Նրան պահել են Վեդի քաղաքի ոստիկանական մեկուսարանում: Հունիսի 18-ին ԱԺՄ անդամ, փաստաբան Վովա Հախվերդյանի միջնորդությամբ՝ Սահակյանի կալանքը փոխարինվել է մինչեւ գործի ավարտը Հայաստանից չբացակայելու ստորագրությամբ: Ադամյանին պահում են Սովետաշենի մեկուսարանում: Ադամյանի կինն ասում է, որ 1998-ին Ադամյանը մասնակցել է Քոչարյանին նախագահ ընտրելու աշխատանքներին: Դատախազ Մարտին Բարսեղյանը հարցաքննել է Ադամյանին եւ ասում է, որ մեղադրյալը չի զղջում արածի համար: Դեռ ավելին, դատախազի խոսքերով, Ադամյանին եւս մեկ մեղադրանք կարող է ներկայացվել: «Գրածի տրամաբանությունից էլ, շարադրանքից էլ երեւում է, որ հանրապետության նախագահին է վերաբերում,- ասում է Բարսեղյանը,-ինքն ընդունում է: Իրոք զրպարտություն է: Իրենից բացատրություն եմ վերցրել: Ուրիշ բան է, երբ գրողն ասում է՝ ջղայնացած եմ եղել, պահի տակ եմ գրել: Բայց Ջանիկն ասում է, որ ինքն է գրել եւ չի զղջում: «Անաղուհաց քրդի շունը» նաեւ վիրավորանք է, եւ եթե բողոք լիներ, նա կմեղադրվեր նաեւ Օրենսգրքի «Վիրավորանք» հոդվածով: Հնարավոր չէ նրան չբռնել,- ասում է Բարսեղյանը,- կարող է հրապարակում մարդ հավաքի ու խոսի: Այսպես կխանգարեր հետաքննությանը»: Բարսեղյանը հրաժարվեց ամբողջությամբ ցույց տալ բանաստեղծությունը՝ ասելով, որ հետաքննության «գաղտնիք» է: Դատախազության մի աշխատակից, որը հրաժարվեց իր անունը տալ, նկարագրեց Ադամյանին՝ որպես «անշառ մարդ»: «Վազգենը նրա կուռքն էր, ասում է աշխատակիցը,- լավ գիտի, թե նրա շուրջ ովքեր էին համախմբված: Այսօր Վազգենը չկա, իսկ նրանք ջիպերով են ման գալիս: Իսկ ինքը (Ադամյանը) ոչինչ չունի: Հնարավոր է, այս հանգամանքն էլ է ազդել»: Ջեմմա Սահակյանն ասում է, որ իր կալանքի ժամանակ իր եւ Ադամյանի խցերը կողք կողքի էին: Նա ասաց, որ Ադարմյանը ներողություն է խնդրել, որ ներքաշել է իրեն այդ գործի մեջ, եւ հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի իր ձերբակալության դեմ: Դատավարության ժամկետն առայժմ չի որոշվել»,- գրել է «Արմենիա Ուիքը»: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել