Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ԵՎ ԹԱՂԱՊԵՏԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Հուլիս 24,2002 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ԵՎ ԹԱՂԱՊԵՏԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Հայաստանի համայնքների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Անկախության ճանապարհին մեր ժողովրդի կրած տառապանքները եւ ունեցած կորուստները, թվում է, մեզ պետք է ավելի զորացնեին, կրկնապատկեին մեր հավաքական ուժը։ Մինչդեռ որոշ հավակնոտ գործիչներ, քաղաքական եւ կուսակցական ուժեր, ցավոք, փորձում են ստեղծել անհանդուրժողականության մթնոլորտ, պայքարում են ոչ թե հանուն երկրի կայունության ու հզորացման, այլ հանուն նեղ, խմբակային շահերի, հանուն նաեւ կորցրած աթոռների։ Ի ցավ սրտի, այսօր տագնապով արձանագրում ենք, որ նման շահարկումների նյութ է դարձել նաեւ «Հոկտեմբերի 27»-ը։ Սա արդեն սրբապղծություն է։ «Հոկտեմբերի 27»-ը, մեր գնահատմամբ, հայրենիքի դավաճանություն էր, աննախադեպ ոճրագործություն։ Այն թիկունքից հարված էր մեր պետականության հիմքերին, դավադիր կրակոց՝ մեր Գալիքի, դժվարությամբ իրար եկող, բռունցքվող մեր միասնության վրա։ Գնահատելով ստեղծված իրավիճակը, արդարադատությունից ակնկալում ենք հանցագործության ամբողջական եւ ճշմարտացի բացահայտում, արժանի պատիժ։ «Հոկտեմբերի 27»-ի ավելորդ քաղաքական շահարկումներն իրականացնում են նրանք, ում ձեռնտու չէ երկրի կայունությունն ու առաջընթացը։ Հասկանալի է, որ նման պայմաններում նրանք իշխանության հասնելու որեւէ հնարավորություն չունեն։ Մենք դատապարտում ենք նման նեղմիտ եւ անհեռատես գործելաոճը, որը մեր երկրին ու ժողովրդին ոչինչ չի կարող բերել, բացի նոր, բացարձակապես չարդարացվող առճակատումներից»։ Հայտարարությունը ստորագրել են Երեւանի բոլոր թաղապետերը (բացի Կենտրոնի թաղապետից), ինչպես նաեւ՝ Հայաստանի բոլոր քաղաքների քաղաքապետերը։ Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմում տեղական ինքնակառավարմամբ է զբաղվում նախագահի գլխավոր քարոզիչ Ալեքսան Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել