Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՄ ԵՐԲ Է ՊԵՏՔ ՀԱՅՀՈՅԵԼ

Հուլիս 25,2002 00:00

ՈՒՄ ԵՐԲ Է ՊԵՏՔ ՀԱՅՀՈՅԵԼ Գրիգոր Ամալյանի հոգեկան աշխարհում ինչ-որ բան այն չէ: Հեռուստաեթերից հիշելով, որ մի քանի տարի առաջ հայ երեխաները Աշոտ Բլեյանին կավիճներով հայհոյում էին մայրաքաղաքի շենքերի պատերին, նշանակու՞մ է, որ պարոն Ամալյանը էն գլխից համաձայն էր հայ երեխաների եւ նրանց ծնողների հետ: Ոչ: Նշանակում է, որ Ամալյանը երեխաներին եւ քաղաքացիներին ակնարկում է դարձյալ կավիճներով հիշել Բլեյանին ու իր նախնիներին: Իսկ եթե կրկին պետք է տեղափոխվել կավիճներով հրապարակախոսության դաշտ, ապա Ամալյանի ինչի՞ն են պետք այն հեռուստաընկերությունները եւ թերթերը, որոնց նա հարցազրույց է տալիս եւ որոնցով մտքեր է հայտնում «Ա1+»-ին եթերում տեսնել ցանկացող սպառողների մասին: Եթե մեր մանուկներն ու քաղաքացիներն Ամալյանի եւ նրա նախնիների անունը կավիճներով չեն հիշում Երեւանի շենքերի պատերին, ապա դա չի նշանակում, թե «Ա1+» փակելը Բաքու գնալուց բարոյական է, այլ նշանակում է, որ կամ կավիճներն են վերջացել, կամ քաղաքացիներն են կիրթ դարձել: Գրիգոր Ամալյանն անկասկած ունի զավակներ եւ նախնիներ: Պարզ է, որ նրանք դաստիարակվել են փողոցային հայհոյանքներից զերծ մնալու ոգով: Համենայնդեպս, միշտ պետք է հուսալ, որ Ամալյանի կրթվածությունը թույլ է տվել իր երեխաներին հեռու պահել ցանկացած տիպի հայհոյանքներ սովորելուց: Հիմա թող Ամալյանը պատկերացնի, թե ինչպես է իր երեխան մայրաքաղաքի շենքերի պատերին վատ բառեր գրում: Եթե հայ երեխայի մտքով երբեւէ անցել է հայհոյել մեկ այլ հայի նախնուն, բնականաբար քանի՞ գրոշ արժե այն կրթությունը, որ նա ստացել է Բլեյանի կրթական ծրագրերով կամ առանց այդ ծրագրերի: Գրիգոր Ամալյանի համար, իհարկե, ամենից դժվարը երեխային կավիճով պատին ինչ-որ բան գրելիս պատկերացնելն է: Դրանից հետո նա թող պատկերացնի, որ գրողն իր երեխան է: Կամ հակառակը: Քանի՞ գրոշ կարժենա Բլեյանի որեւէ հարազատի կրթությունը, եթե հանկարծ մի օր նա մայրաքաղաքի պատերին Ամալյանի մասին հայհոյանքներ գրի: Փորձենք պատկերացնել: Այնուհետեւ ամեն ինչ կընկնի իր տեղը: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ «Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել