Լրահոս
Օրվա լրահոսը

Սվիններով չեք պահի իշխանությունը

Հուլիս 25,2002 00:00

Սվիններով չեք պահի իշխանությունը «Ազգային միաբանություն» կուսակցության հայտարարությունը Հանրապետությունում օրեցօր կուտակվող եւ երկրի պետականության համար լուրջ վտանգ ներկայացնող սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրները լուծելու, սպառնացող սովի վտանգը կանխելու փոխարեն Ռ.Քոչարյանն, ասես դրսի թելադրանքով, անում է հնարավոր ամեն բան երկրում վիճակն ապակայունացնելու համար: Ցավալիորեն այս կեղտոտ ու վտանգավոր ծրագրի իրագործմանը ներքաշվում են նաեւ լուրջ ծառայություններ ունեցող, հասարակության մեջ հարգանք վայելող անհատներ, կազմակերպություններ ու խմբեր: 1. Վերջերս Ռ.Քոչարյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին զրկեց զինվորական բարձր կոչումից: Դրան հաջորդեցին Քոչարյանի կողմից հրահրված առանձին բարձրաստիճան զինվորականների ելույթները, որոնք համոզված ենք հակառակ իրենց կամքի ստվեր գցեցին «Արցախի» գոյամարտում հաղթանակած բանակի վրա ընդհանրապես: 2. Ս/թ հուլիսի 24-ին մամուլում հրապարակվեց Հայաստանի համայնքների ղեկավարների հայտարարությունը: Նախագահի մեղսակիցները այս անգամ էլ փորձեցին քաղաքական խարդավանքների մեջ ներքաշել ժողովրդի ընտրյալներին, համայնքների ղեկավարներին: Նպատակ ունենալով շեղել ժողովրդի ուշադրությունը Ռ.Քոչարյանի ու նրա վարչակազմի բացահայտ ձախողումներից եւ ստեղծել նախագահին սատարողների եւ նրան խանգարող ուժերի պատրանք: Հանրապետության նախագահը պարտավոր էր, իրավիճակից ելնելով, բոլոր համայնքների ղեկավարների ուժերն ուղղել երկրում ծառացած, մարդկանց հուզող եւ անհետաձգելի բազմաթիվ խնդիրների լուծմանը: 3. Ռ.Քոչարյանի կողմից դարձել է արդեն գործելակերպ օրենքի նկատմամբ ճնշումներ գործադրելը, իշխանության տարբեր թեւերի միջեւ սեպ խրելը՝ սահմանադրության պահանջների ամենակոպիտ խախտումներով ու բռնություններով: Ասվածի ապացույցն ԱԺ պատգամավորին Երեւանի ՆԳ քաղաքային վարչություն բերման ենթարկելը եւ դաժան ծեծելն անպատիժ մնալն էր: Հանրահայտ է, որ Ռ.Քոչարյանը ձախողել է «Արցախյան» հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Ավերվել է երկրի տնտեսությունը: Մոտեցել է այս ամենի համար ժողովրդին պատասխան տալու ժամանակը: Գիտակցելով այս ամենը, հոգեվարք ապրող վարչախումբը սկսել է երկրում իրավիճակը ապակայունացնելու գործընթաց: Նպատակը մեկն է՝ ամեն գնով պահել երերացող եւ իր տակից փախչող նախագահի աթոռը: Գործելակերպը հետեւյալն է. 1. Ժողովրդի ուշադրությունը շեղել բուն խնդրից, այն է՝ ազատվել Ռ.Քոչարյանի անօրեն կլանի իշխանությունից: 2. Պարզունակ ճանապարհով փորձ է արվում պատրանք ստեղծել, թե Ռ.Քոչարյանի եւ նրա կլանի ստեղծագործ աշխատանքին ինչ-որ մեկը խանգարում է: Մինչդեռ ընդդիմադիր այս կամ այն գործչի ասածները ուղղակիորեն հաստատում են այն փաստարկները, որոնց հավաստիությունը չի ժխտվել Մինսկի խմբի համանախագահող ոչ մի երկրի կողմից: Այնպես որ, իր ձախողումների մեղքն ուրիշի վրա գցելը Ռ.Քոչարյանի համար ցանկալի, սակայն դյուրին գործ չէ: 3. Երկրում ստեղծել վախի, սպառնալիքի մթնոլորտ, որով ահաբեկել եւ լռեցնել ցանկացած քննադատական խոսք՝ ուղղված Ռ.Քոչարյանին: Պարարտ հող ստեղծել համայնքային, խորհրդարանական, նախագահական առաջիկա ընտրություններում ապօրինությունների, ընտրակեղծիքների եւ բռնությունների համար: Ստեղծված իրավիճակից ելնելով, դիմում ենք մեր հաղթանակած բանակի հրամանատարներին, ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերին, քաղաքապետերին, թաղապետերին եւ գյուղապետերին, Ազգային ժողովի պատգամավորներին, բոլոր նրանց, ում համար թանկ է Հայրենիքի ճակատագիրը: Մեր ժողովուրդը, վստահելով ձեզ, մեծ հույսեր է կապել ձեզ հետ, սպասում է, որ դուք սատար կկանգնեք իրեն՝ լուծելու ծառացած բարդ ու դժվարին խնդիրները: Իշխանությունը նվաճվել է սվիններով, սակայն սվիններով պահել այն, հնարավոր չէ, առավել եւս հանուն Ռ.Քոչարյանի, որը մինչեւ օրս մեր ժողովրդին ոչինչ չտվեց, ավելին՝ հայ մարդու մեջ սերմանեց հուսահատություն, անհավատություն, ատելություն, անելանելիության զգացում ու թշնամանք: Մի ընդհարվեք այն ժողովրդի հետ, որը ձեզ քվե է տվել, իսկ այսօր մատնված է աղքատության ու անուշադրության: Մի մոռացեք, որ Ռ.Քոչարյանի վարչակազմը վաղուց բարոյապես սպառել է իրեն եւ ներկայումս ջղաձիգ գործողություններով, կուսակցություններն ու մարդկանց իրար դեմ լարելով, բանակի բարձրագույն սպայական կազմը կեղտոտ բանսարկությունների մեջ ներքաշելով, ժողովրդին իր ընտրյալների դեմ հանելով փորձում է երկարացնել իր անփառունակ իշխանությունը: Վաղը նա ընդարձակելու է իր սադրանքների շրջանակները՝ փորձելով ընդգրկել անվանի գործարարների, գիտնականների, մտավորականների, քաղաքական գործիչների, հույս ունենալով հիմա էլ այսպես ապակողմնորոշել հասարակությանը: Մի տրվեք սադրանքներին եւ ձեր վեհ կոչումը՝ ծառայել հարազատ երկրին ու սեփական ժողովրդին, մի փոխարինեք Ռ.Քոչարյանի երերուն աթոռի պաշտպանությամբ: Մենք ողջամտության կոչ ենք անում եւ համոզված ենք, որ կհաղթանակի արդարությունը, կհաղթանակի ժողովրդի կամքը, ժողովուրդ, որի զավակն եք եւ դուք: Ա. ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել